Հոդված 10. Պայմանավորվող կողմերի միջև վեճերի կարգավորումը
Հոդված 10. Պայմանավորվող կողմերի միջև վեճերի կարգավորումը
1. Սույն Համաձայնագրի մեկնաբանման կամ կիրառման հետ կապված` Պայմանավորվող կողմերի միջև ծագած վեճերը հնարավորության սահմաններում կկարգավորվեն բարեկամաբար, դիվանագիտական ուղիներով:
2. Եթե վեճը այդ ձևով չի կարող լուծվել երեք (3) ամսվա ընթացքում, ապա ցանկացած Պայմանավորվող կողմի պահանջով այն կփոխանցվի Միջնորդ դատարանին` համաձայն սույն հոդվածի դրույթների:
3. Յուրաքանչյուր առանձին դեպքի համար Միջնորդ դատարանը կստեղծվի հետևյալ ձևով. Միջնորդ դատավարության վերաբերյալ պահանջագրի ստացման օրվանից երկու (2) ամսվա ընթացքում Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը նշանակում է Դատարանի մեկական անդամի: Այդ երկու անդամներն ընտրում են երրորդ պետության քաղաքացու, որը երկու Պայմանավորվող կողմերի հավանությունը ստանալուց հետո նշանակվում է Դատարանի Նախագահ (այսուհետ` Նախագահ): Նախագահը կնշանակվի երկու (2) ամսվա ընթացքում` մյուս երկու անդամների նշանակումից սկսած:
4. Եթե սույն հոդվածի 3-րդ կետում նշված ժամանակաընթացքում անհրաժեշտ նշանակումները չեն կատարվել, ապա նշանակումների կատարման համար կարող է հրավիրվել Միջազգային դատարանի Նախագահը: Եթե պարզվի, որ նա հանդիսանում է Պայմանավորվող կողմերից որևէ մեկի քաղաքացի, կամ եթե խոչընդոտող այլ պատճառներ կան` կատարելու համար նշված գործառույթը, ապա հրավիրվում է Միջազգային դատարանի Փոխնախագահը` նշանակումներ կատարելու համար: Եթե պարզվի, որ Փոխնախագահը նույնպես Պայմանավորվող կողմերից որևէ մեկի քաղաքացի է կամ չի կարող կատարել նշված գործառույթը, Միջազգային դատարանի ավագությամբ հաջորդ անդամը, որը չի հանդիսանում Պայմանավորվող կողմերից որևէ մեկի քաղաքացի, հրավիրվում է` կատարելու նշանակումները:
5. Միջնորդ դատարանը որոշումները կկայացնի ձայների մեծամասնությամբ: Այդպիսի որոշումները պարտադիր կլինեն: Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կկրի իր անդամի և միջնորդ դատավարությունում իր ներկայացուցչության հետ կապված ծախսերը. Նախագահի և մնացած այլ ծախսերը երկու Պայմանավորվող կողմերը կկրեն հավասար չափաբաժիններով: Միջնորդ դատարանը կարող է, այնուամենայնիվ, որոշել, որ ծախսերի մեծ մասը կրի Պայմանավորվող կողմերից մեկը, և որոշումը պարտադիր կլինի Պայմանավորվող կողմերի համար: Միջնորդ դատարանը կսահմանի իր սեփական ընթացակարգը: