Հոդված 14. Պարտատիրոջ հայցադիմումի հիման վրա հարուցված գործի նախնական ընթացակարգի սկիզբը
Հոդված 14. Պարտատիրոջ հայցադիմումի հիման վրա հարուցված գործի նախնական ընթացակարգի սկիզբը
1. Սնանկացման վերաբերյալ պարտատիրոջ հայցադիմումը ընդունելուց հետո, մեկ շաբաթվա ընթացքում, դատարանը որոշում է կայացնում գործն իր վարույթն ընդունելու և սնանկացման գործի նախնական ընթացակարգը սկսելու վերաբերյալ, որի մասին տեղյակ է պահվում պարտապանին:
2. Դատարանը ստուգում է դիմումին կից ներկայացված այն փաստաթղթերի օրինականությունը, որոնք հաստատում են պարտատիրոջ պահանջները պարտապանի նկատմամբ:
Օրինական ճանաչված փաստաթղթերի հիման վրա դատարանը սահմանում է պարտատիրոջ (պարտատերերի) հայցագումարի չափը: Օրինական չճանաչված պահանջները դատարանի կողմից չեն քննարկվում:
3. Եթե ներկայացված փաստաթղթերից ոչ մեկի օրինականությունը չի ապացուցվել դատարանում, ապա գործը կարճվում է, իսկ նախնական ընթացակարգի հետ կապված ծախսերը հատուցվում են հայցադիմում տված անձի (անձանց) կողմից:
4. Դատարանի կողմից պարտատիրոջ պահանջները օրինական ճանաչվելուց հետո, տասնօրյա ժամկետում, պարտապանը պետք է տվյալներ ներկայացնի դատարան սույն օրենքի 9 հոդվածի 2-րդ կետին համապատասխան: Պահանջվող փաստաթղթերը և տեղեկությունները պարտապանի կողմից չներկայացվելու դեպքում դատարանը հանձնարարում է իր կողմից նշանակված իրավասու անձանց (անկախ փորձագետներին կամ աուդիտին) անհրաժեշտ տեղեկություններ ձեռք բերել` կատարված ծախսերի փոխհատուցման պարտականությունը դնելով պարտապանի վրա:
5. Դատարանը պարտապանի գործի հիման վրա որոշում է հայցագումարի ընդհանուր չափը:
6. Նախնական ընթացակարգը շարունակվում է այն դեպքում, եթե հայցագումարի չափը գերազանցում է սույն օրենքով սահմանված կարգով դատարանի կողմից որոշված`
անհատ ձեռներեցների և իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների սեփականատերերին (մասնակիցներին) անձնական սեփականության իրավունքով պատկանող այն գույքի 50 տոկոսը, որի վրա կարող է բռնագանձում տարածվել.
իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ձեռնարկության կանոնադրական հիմնադրամի 50 տոկոսը:
7. Եթե պարտատիրոջ կողմից ներկայացված հայցագումարի մեծությունը չի բավարարում սույն հոդվածի 6-րդ կետի պահանջներին, ապա դատարանի որոշմամբ նախնական ընթացակարգը չի սկսվում, որի մասին դատարանը տեղեկացնում է պարտապանին և պարտատիրոջը:
Սնանկացման վերաբերյալ ավարտված դատական գործը պահպանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: