Հոդված 47. Պարտատերերի հսկողությամբ պարտապանի կամավոր լուծարումը
Հոդված 47. Պարտատերերի հսկողությամբ պարտապանի կամավոր լուծարումը
1. Պարտապանի կամավոր լուծարման և սնանկացման մասին պաշտոնական հայտարարության վերաբերյալ որոշումն ընդունվում է պարտապանի սեփականատիրոջ (սեփականատերերի), պարտապան ձեռնարկության ղեկավարության կողմից պարտատերերի հետ համատեղ, պարտապանի ֆինանսական դրության վերլուծության հիման վրա, որի արդյունքում պարզվել է, որ պարտապանը ի վիճակի չէ կատարելու իր պարտավորությունները և հնարավոր չէ վերականգնել նրա վճարունակությունը:
Կամավոր լուծարման մասին, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, պաշտոնական հայտարարությունը հրապարակելու պահից պարտապանը համարվում է լուծարման փուլում:
2. Մրցութային կառավարիչը նշանակվում է պարտատեր ձեռնարկության սեփականատիրոջ (սեփականատերերի) կողմից:
Պարտատերերը իրավունք ունեն նշանակելու մրցութային նոր կառավարիչ` պարտապան ձեռնարկության սեփականատիրոջ (սեփականատերերի) կողմից նշանակվածի փոխարեն:
Մրցութային կառավարիչն ի տնօրինություն է ընդունում պարտապանի գույքը և կառավարում այն իր նշանակման պահից: Ընդ որում, պարտապան ձեռնարկության ղեկավարը (տնօրենը) հեռացվում է պարտապան ձեռնարկության կառավարման պարտականությունների կատարումից:
Մրցութային կառավարչի պարտականությունների մեջ են մտնում` պարտատերերի ժողովների հրավիրումը, իր կողմից այդ ժողովներում պարտապան ձեռնարկության լուծարման ընթացքի մասին պարբերաբար հաշվետվություն ներկայացնելը:
Մրցութային կառավարիչը կարող է իրականացնել նաև սույն օրենքի 24 և 25 հոդվածներով նախատեսված այլ լիազորություններ:
3. Մրցութային կառավարչի նշանակումից հետո պարտապանը իրավունք չունի իր գույքի հաշվին բավարարել պարտատերերի պահանջները` բացառությամբ գրավով ապահովված պահանջների:
Պարտապանը պարտավոր է մրցութային կառավարչի նշանակումից հետո յոթ օրվա ընթացքում նրան ներկայացնել հաշվապահական հաշվեկշիռ կամ դրան փոխարինող հաշվապահական այլ փաստաթղթեր:
Մրցութային կառավարիչը պարտատերերի ժողով է հրավիրում պարտապան ձեռնարկության կամավոր լուծարման մասին որոշումն ընդունվելուց հետո 15 օրվա ընթացքում:
Պարտատերերի ժողովին ներկայացվում են` պարտապան ձեռնարկության հաշվապահական հաշվեկշիռը կամ դրան փոխարինող հաշվապահական փաստաթղթեր, ինչպես նաև պարտատերերի ցուցակը` վերջիններիս պահանջները գումարային արտահայտությամբ նշելով:
Պարտատերերի ժողովի իրավասությունը սահմանվում է սույն օրենքի 26 հոդվածի 3-րդ կետով:
4. Պարտապանի գույքի վաճառքի և պարտատերերի պահանջների բավարարման կարգը սահմանվում է սույն օրենքի 29-33 հոդվածներով:
5. Պարտապանի գույքի իրացումից և պարտատերերի միջև դրամական միջոցների բաշխումից հետո մրցութային կառավարիչը հրավիրում է պարտատերերի եզրափակիչ ժողով, որին մասնակցում է (են) պարտապան ձեռնարկության սեփականատերը (սեփականատերերը): Մրցութային կառավարիչը ներկայացնում է եզրափակիչ հաշվետվություն: Ժողովը որոշում է ընդունում պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած միջոցների օգտագործման մասին, հաստատում է լուծարման հաշվետվությունը և ձեռնարկության լուծարման մասին որոշումը:
6. Ձեռնարկությունը համարվում է լուծարված, իսկ անհատ ձեռներեցի գործունեությունը` դադարած այն պահից, երբ այդ մասին գրանցում է կատարվում Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում: