Հոդված 9. Պարտապանի դիմումը
Հոդված 9. Պարտապանի դիմումը
1. Սնանկացման վիճակում գտնվող պարտապանի դիմումը պետք է ներկայացվի կայուն անվճարունակության առաջացման օրվանից սկսած մինչև երկու ամսվա ընթացքում և բովանդակի տեղեկություններ պարտապանի կայուն անվճարունակության մասին: Դիմումը սահմանված ժամկետում չներկայացնելու դեպքում պարտապանը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթարկվում է պատասխանատվության:
Այն դեպքում, երբ պարտապանը դեռ չի գտնվում սնանկացման վիճակում, դիմումը պետք է բովանդակի տեղեկություններ պարտապանի հնարավոր սնանկացման (անվճարունակության) մասին:
2. Պարտապանի դիմումին կից պետք է ներկայացվեն`
ա) պարտատերերի և դեբիտորների ցուցակը.
բ) իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ձեռնարկության դեպքում` վերջին հաշվապահական հաշվեկշիռը` ըստ դիմումը ներկայացնելու ամսաթվի, իսկ անհատ ձեռներեցի և իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների դեպքում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հաշվետվությունը.
գ) տվյալներ սեփականության իրավունքով պարտապանին պատկանող գույքի վերաբերյալ, ընդ որում անհատ ձեռներեցը և իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկության սեփականատերը նշում է անձնական սեփականության իրավունքով իրեն պատկանող այն գույքի կազմը, որի վրա կարող է բռնագանձում տարածվել` առանձին նշելով ձեռնարկությունում օգտագործվող, ինչպես նաև գրավ դրված գույքի կազմը:
Իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների սեփականատիրոջը (սեփականատերերին, մասնակիցներին) և անհատ ձեռներեցներին պատկանող գույքի կազմը, որի վրա չի կարող բռնագանձում տարածվել, սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
Եթե պարտատիրոջ գտնվելու երկրում սահմանված է անհատ ձեռներեցներին և իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների սեփականատերերին (մասնակիցներին) սեփականության իրավունքով պատկանող և բռնագրավման ոչ ենթակա գույքի այլ կազմ, քան սահմանված է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և, եթե այդ մասին նշված է պարտապանի և պարտատիրոջ (պարտատերերի) միջև կնքված պայմանագրում, ապա կիրառվում է պարտատիրոջ գտնվելու երկրում գործող օրենսդրությունը.
իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ձեռնարկության դեպքում նշվում է դիմումը ներկայացնելու ամսաթվի վիճակով վերջին հաշվապահական հաշվեկշռում նշված ձեռնարկության գույքի կազմը և առանձին` գրավ դրված գույքի կազմը.
դ) տվյալներ ձեռնարկության սեփականատիրոջ (սեփականատերերի) կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետներում ձեռնարկությունից ստացված եկամուտների մասին, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ տվյալ կազմակերպական-իրավական տեսակի ձեռնարկության համար սահմանված է ձեռնարկության սեփականատիրոջ (սեփականատերերի) անձնական գույքային պատասխանատվություն ձեռնարկության պարտավորությունների համար: