Հոդված 23. Դատարանի ֆունկցիաները մրցութային վարույթի ընթացքում
Հոդված 23. Դատարանի ֆունկցիաները մրցութային վարույթի ընթացքում
1. Մրցութային վարույթ հարուցելու մասին դատարանը տեղեկացնում է`
պարտապանին կամ նրա կողմից լիազորված անձին (մարմնին).
պետական գույքի կառավարման համար լիազորված մարմնին, եթե մրցութային վարույթը հարուցված է պետական մասնակցությամբ ձեռնարկության նկատմամբ.
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պետական (իշխանության տեղական) լիազորված մարմիններին:
2. Դատարանը մրցութային վարույթի ընթացքում`
հարուցում և կասեցնում է մրցութային վարույթը.
հաստատում է մրցութային կառավարչին` սեփականության իրավունքով պարտապանին պատկանող գույքը կառավարելու համար.
հրավիրում է պարտատերերի ժողով (կոմիտեի նիստ).
իրականացնում է մրցութային կառավարչի և պարտատերերի ժողովի (կոմիտեի) գործունեության վերահսկողություն, հաստատում է պարտապանի գործունեության շարունակման մասին մրցութային կառավարչի որոշումները.
որոշում է կայացնում սեփականության իրավունքով պարտապանին պատկանող գույքի իրացման և դրա ժամկետների մասին.
որոշում է կայացնում սեփականության իրավունքով պարտապանին պատկանող, մրցութային վարույթի արդյունքում չիրացված, գույքը տնօրինելու վերաբերյալ.
ապահովում է սեփականության իրավունքով պարտապանին պատկանող գույքի իրացումից ստացված դրամական միջոցների սույն օրենքով սահմանված կարգով բաշխումը պարտատերերի և շահագրգիռ մյուս կողմերի միջև.
պաշտպանում է պարտատերերին և շահագրգիռ մյուս կողմերին պարտապանի անբարեխիղճ գործողություններից, որոնք կարող են հանգեցնել սեփականության իրավունքով նրան պատկանող գույքի արժեքի նվազմանը.
կանխում է առանձին պարտատերերի կողմից այլ պարտատերերի հանդեպ սույն օրենքով չնախատեսված առավելությունների առաջացումը.
դասակարգում է պարտապանների հայցերը` սույն օրենքի 33 հոդվածով սահմանված հերթականության համաձայն.
սույն օրենքով սահմանված կարգով որոշում է ընդունում մրցութային վարույթին վերակազմավորված պարտապանին ներգրավելու մասին.
կազմում է լուծարային հանձնաժողով.
պարտապանի և պարտատիրոջ (պարտատերերի) միջև հաշտության գործարք կնքվելու դեպքում ընդունում է համապատասխան որոշում:
3. Դատարանի որոշումները` դրանք ընդունվելու օրվանից մեկամսյա ժամկետում, կարող են գանգատարկվել վերադաս դատարանին, եթե սույն օրենքով այլ բան չի նախատեսված:
Գանգատարկված որոշման վերաբերյալ վերադաս դատարանի կայացրած որոշումը վերջնական է: