Հոդված 31. Սեփականության իրավունքով պարտապանին պատկանող չիրացված գույքի տնօրինումը
Հոդված 31. Սեփականության իրավունքով պարտապանին պատկանող չիրացված գույքի տնօրինումը
1. Եթե սեփականության իրավունքով պարտապանին պատկանող գույքը դատարանին չի հաջողվել սահմանված ժամկետում իրացնել, ապա դատարանը իրավասու է որոշել այդ գույքի հետագա տնօրինման հարցը:
2. Այն դեպքում, եթե սույն օրենքի 29 հոդվածով սահմանված կարգով սեփականության իրավունքով պարտապանին պատկանող գույքի իրացումից ստացված դրամական միջոցների ծավալը բավարարում է պարտապանի պարտավորությունների կատարմանը, ապա մրցութային միջոցների կազմի մեջ մտած և չիրացված գույքը վերադարձվում է պարտապանին (պարտապանի սեփականատիրոջը) սեփականատերերին):
Եթե սահմանված ժամկետում իրացված գույքից ստացված դրամական միջոցների ծավալը չի բավարարում պարտապանի պարտավորությունների լրիվ կատարմանը, ապա դատարանը, ելնելով մրցութային կառավարչի և պարտատերերի ժողովի (կոմիտեի) կարծիքից, որոշում է`
շարունակել մրցութային միջոցների մեջ մտած և չիրացված գույքի իրացումը` սահմանելով իրացման նոր ժամկետներ և պայմաններ` համաձայն սույն օրենքի 29 հոդվածում սահմանված կարգի.
դադարեցնել մրցութային միջոցների իրացումը` չիրացված գույքը հանձնելով Հայաստանի Հանրապետության պետական (իշխանության տեղական) լիազորված մարմինների տնօրինությանը:
Մրցութային միջոցների կազմի մեջ մտած և չիրացված գույքի իրացումը շարունակելու մասին որոշումը կարող է ընդունվել դատարանի կողմից միայն մեկ անգամ: Գույքի իրացման երկարաձգված ժամկետը չպետք է գերազանցի նախապես սահմանված ժամկետը:
3. Այն դեպքում, եթե սույն օրենքի 30 հոդվածով սահմանված կարգով վաճառքի է ներկայացվում սնանկ հայտարարված իրավաբանական անձը, ապա`
ա) պարտապանին վաճառքի ներկայացնելու մասին որոշումը սույն օրենքի 30 հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետում սահմանված պայմաններով կայացնելիս, դատարանը սահմանում է սեփականության իրավունքով պարտապանին պատկանող գույքի իրացման նոր կարգ և ժամկետներ` համաձայն սույն հոդվածի երկրորդ մասի.
բ) պարտապանին սույն օրենքի 30 հոդվածի 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերում սահմանված կարգով վաճառքի ներկայացնելու մասին որոշումն ընդունելիս, դատարանը երկարաձգում է պարտապանին վաճառքի ներկայացնելու ժամկետները և սահմանում վաճառքի նոր պայմաններ` ելնելով սույն օրենքի 30 հոդվածում սահմանված կարգից:
Իրավաբանական անձ հանդիսացող պարտապանին վաճառքի ներկայացնելու ժամկետների երկարաձգման մասին որոշումը կարող է ընդունվել դատարանի կողմից միայն մեկ անգամ: Գույքի իրացման երկարաձգված ժամկետը չպետք է գերազանցի նախապես սահմանված ժամկետը: Եթե վաճառքի երկարաձգված ժամկետի ընթացքում իրավաբանական անձը չի իրացվում, ապա համապատասխան սարքավորումները, գույքային համալիրները ապամոնտաժվում և իրացվում են որպես ջարդոն:
4. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով իրացման ենթակա է նաև պարտապանի զբաղեցրած տարածքը: