Հոդված 14. Ավիացիոն անվտանգությունը
Հոդված 14. Ավիացիոն անվտանգությունը
1. Միջազգային իրավունքով ստանձնած իրենց իրավունքներին ու պարտավորություններին համապատասխան` Պայմանավորվող կողմերը վերահաստատում են, որ քաղաքացիական ավիացիայի անվտանգությունն անօրինական միջամտության ակտերից պաշտպանելու` միմյանց նկատմամբ ստանձնած իրենց պարտավորությունը կազմում է սույն Համաձայնագրի անբաժանելի մասը: Առանց սահմանափակելու միջազգային իրավունքի համաձայն իրենց ստանձնած իրավունքների ու պարտավորությունների համընդհանուր բնույթը՝ Պայմանավորվող կողմերը մասնավորապես գործում են 1963 թվականի սեպտեմբերի 14-ին Տոկիոյում ստորագրված` «Օդանավում կատարված հանցագործությունների և որոշ այլ գործողությունների մասին» կոնվենցիայի, 1970 թվականի դեկտեմբերի 16-ին Հաագայում ստորագրված` «Օդանավերի անօրինական զավթման դեմ պայքարի մասին» կոնվենցիայի, 1971 թվականի սեպտեմբերի 23-ին Մոնրեալում ստորագրված` «Քաղաքացիական ավիացիայի անվտանգության դեմ ուղղված անօրինական գործողությունների դեմ պայքարի մասին» կոնվենցիայի և 1988 թվականի փետրվարի 24-ին Մոնրեալում ստորագրված` «Միջազգային օդանավակայաններում բռնության անօրինական գործողությունների դեմ պայքարի մասին» արձանագրության, ինչպես նաև ավիացիոն անվտանգությանը վերաբերող ցանկացած այլ համաձայնագրի դրույթների համաձայն, որին հնարավոր է, որ երկու Պայմանավորվող կողմերը միանան:
2. Պայմանավորվող կողմերը խնդրանքի դեպքում միմյանց տրամադրում են անհրաժեշտ ողջ աջակցությունը՝ կանխելու համար օդանավերի ապօրինի զավթման գործողությունները և օդանավերի, դրանց ուղևորների և անձնակազմի, օդանավակայանների և աերոնավիգացիոն միջոցների անվտանգության դեմ ուղղված այլ անօրինական գործողությունները, ինչպես նաև քաղաքացիական ավիացիայի անվտանգության դեմ ուղղված ցանկացած այլ սպառնալիք:
3. Պայմանավորվող կողմերն իրենց երկկողմ հարաբերություններում գործում են Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության կողմից հաստատված և Կոնվենցիայի հավելվածներ հանդիսացող` ավիացիոն անվտանգության և տեխնիկական պահանջների դրույթներին համապատասխան` այնքանով, որքանով դրանք կիրառելի են Պայմանավորվող կողմերի նկատմամբ. նրանք պահանջում են, որ իրենց գրանցամատյանում ընդգրկված օդանավ շահագործողները կամ այն օդանավ շահագործողները, որոնց գործունեության հիմնական վայրը կամ գտնվելու վայրը իրենց պետության տարածքում է, գործեն ավիացիոն անվտանգության այդպիսի դրույթներին համապատասխան:
4. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ համաձայնում է այն հանգամանքին, որ կարող է պահանջվել, որ օդանավ շահագործողները պահպանեն 3-րդ պարբերության մեջ նշված` մյուս Պայմանավորվող կողմի կողմից պահանջվող ավիացիոն անվտանգության դրույթներն ու պահանջները, որոնք վերաբերում են այդ մյուս Պայմանավորվող կողմի տարածք մուտք գործելուն, տարածքից մեկնելուն կամ տարածքում գտնվելուն: Կիրառվող օրենսդրության համաձայն` յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ ապահովում է, որ արդյունավետ կերպով կիրառվեն համարժեք միջոցներ իր տարածքում օդանավը պաշտպանելու համար, և իրականացվեն ուղևորների, անձնակազմի, ձեռքի իրերի, ուղեբեռի, բեռի և օդանավի պաշարների ստուգումներ նախքան օդանավ վերցնելը և վերցնելու կամ բեռնելու ընթացքում: Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ դրականորեն է դիտարկում որոշակի սպառնալիքի դիմակայմանն ուղղված անվտանգության հատուկ պատշաճ միջոցներ ձեռնարկելու` մյուս Պայմանավորվող կողմի յուրաքանչյուր խնդրանք:
5. Երբ տեղի է ունենում միջադեպ կամ քաղաքացիական օդանավի ապօրինի զավթման միջադեպի սպառնալիք կամ այլ անօրինական գործողություններ` ուղղված այդպիսի օդանավի, նրա ուղևորների և անձնակազմի, օդանավակայանների կամ աերոնավիգացիոն միջոցների անվտանգության դեմ, Պայմանավորվող կողմերը օժանդակում են միմյանց` աջակցելով հաղորդակցմանը և այլ անհրաժեշտ միջոցներին, որոնք նախատեսված են հնարավորինս արագ և անվտանգ վերացնելու համար նման միջադեպը կամ դրա սպառնալիքը:
6. Եթե Պայմանավորվող կողմերից մեկը շեղում է կատարում սույն հոդվածի ավիացիոն անվտանգության դրույթներից, ապա մյուս Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանությունները կարող են պահանջել անհապաղ խորհրդակցությունների անցկացում առաջին Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանությունների հետ: Այդպիսի խորհրդակցությունների պահանջ ներկայացնելու օրվանից հետո` մեկ ամսվա ընթացքում, անհրաժեշտ համաձայնություն ձեռք բերելու ձախողումը կարող է հիմք հանդիսանալ առաջին Պայմանավորվող կողմի ավիաընկերության կամ ավիաընկերությունների` օդային ուղիների շահագործման թույլտվությունը հետ վերցնելու, չեղյալ ճանաչելու, սահմանափակելու կամ դրա (դրանց) նկատմամբ պայմաններ սահմանելու համար: Արտակարգ իրավիճակի դեպքում Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը կարող է, նախքան նշված մեկ ամսվա լրանալը, ձեռնարկել ժամանակավոր գործողություններ: