Հոդված 13. Առևտրային գործունեությունը
Հոդված 13. Առևտրային գործունեությունը
1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերություն (կամ ավիաընկերություններ) իրավունք ունի (ունեն), մյուս Պայմանավորվող կողմի օրենքների և կանոնակարգերի համաձայն, մյուս Պայմանավորվող կողմի տարածքում պահելու այնպիսի գրասենյակներ և վարչական, առևտրային ու տեխնիկական անձնակազմ, որոնք կարող են անհրաժեշտ լինել համապատասխան նշանակված ավիաընկերության համար:
2. 1-ին պարբերության մեջ նշված գրասենյակների ստեղծման և անձնակազմի աշխատանքային գործունեության հետ կապված հարցերը կարգավորվում են համապատասխան Պայմանավորվող կողմի տարածքում գործող օրենքներով և կանոնակարգերով, ինչպիսիք են, օրինակ, համապատասխան Պայմանավորվող կողմի տարածքում օտարերկրացիների մուտքին և բնակությանը վերաբերող օրենքներն ու կանոնակարգերը: Վերը նշված 1-ին պարբերության համաձայն` գրասենյակներում աշխատող անձնակազմը դիմելու դեպքում ստանում է աշխատանքի թույլտվություն՝ անկախ աշխատանքի շուկայի վիճակից և զարգացումներից:
3. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերություններն իրավունք ունեն մյուս Պայմանավորվող կողմի տարածքում ուղղակիորեն կամ գործակալի միջոցով ազգային արժույթով իրականացնելու օդային փոխադրումների ծառայությունների վաճառք իրենց սեփական տրանսպորտային փաստաթղթերով: Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ զերծ է մնում մյուս Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերության կամ ավիաընկերությունների օդային փոխադրումների ծառայությունների վաճառքի և ցանկացած անձի` այդպիսի օդային փոխադրման ծառայությունն ազատորեն գնելու իրավունքը սահմանափակելուց: