Հոդված 29. Դիտորդների հավատարմագրումը
Հոդված 29. Դիտորդների հավատարմագրումը
1. Սույն օրենսգրքի 28 հոդվածում նշված կազմակերպությունները և անձինք դիտորդական առաքելություն կարող են իրականացնել կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրվելուց հետո:
2. Հավատարմագրվելու համար դիմումները կենտրոնական ընտրական հանձնաժողով են հանձնվում ընտրությունները նշանակելու օրվանից հետո, բայց ոչ ուշ, քան քվեարկության օրվանից 10 օր առաջ:
3. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դիտորդական առաքելություն իրականացնելու հավատարմագիրը, ինչպես նաև ըստ ներկայացված ցուցակների` դիտորդներին տրվող կնքված վկայականները համապատասխան կազմակերպություններին է հանձնում դիմումն ստանալուց ոչ ուշ, քան 7 օր հետո:
Դիտորդական առաքելություն իրականացնող անձանց վկայականները Հայաստանի Հանրապետությունում գրանցված հասարակական կազմակերպությունների դեպքում կնքվում են նաև դիտորդական առաքելություն իրականացնելու հավատարմագիր ստացած համապատասխան կազմակերպությունների կնիքով:
4. (4-րդ կետն ուժը կորցրել է 22.12.06 ՀՕ-1-Ն)
5. Հավատարմագրվելուց հետո դիտորդական առաքելություն իրականացնողների կողմից որևէ թեկնածուի կամ կուսակցության աջակցելու դեպքում կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրավունք ունի համապատասխան կազմակերպությանը զրկել դիտորդական առաքելություն իրականացնելու իրավունքից:
6. Դիտորդական առաքելություն իրականացնող անձանց լիազորությունները դադարեցվում են ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակման պահից 8-րդ օրը, եթե ընտրության արդյունքները դատարան չեն բողոքարկվել: Ընտրությունների արդյունքները դատարան բողոքարկվելու դեպքում լիազորություններն ավարտվում են դատական ակտի հրապարակման օրվա հաջորդ օրը, եթե վերաքվեարկություն կամ նոր ընտրություն չի նշանակվել: Վերաքվեարկության կամ նոր ընտրությունների դեպքում դիտորդական կազմակերպությունների վերագրանցում չի պահանջվում:
(29-րդ հոդվածը լրաց. 03.07.02 ՀՕ-406-Ն, 19.05.05 ՀՕ-101-Ն, փոփ. 22.12.06 ՀՕ-1-Ն)