Հոդված 78. Հանրապետության Նախագահի թեկնածուների իրավունքները և պարտականությունները
Հոդված 78. Հանրապետության Նախագահի թեկնածուների իրավունքները և պարտականությունները
1. Գրանցման պահից Հանրապետության Նախագահի այն թեկնածուները, ովքեր գտնվում են պետական ծառայության մեջ կամ աշխատում են տեղական ինքնակառավարման մարմիններում, ընտրությունների ընթացքում ազատվում են իրենց աշխատանքային պարտականությունները կատարելուց և իրավունք չունեն օգտագործելու իրենց պաշտոնեական դիրքի առավելությունը: Հանրապետության Նախագահը կամ Սահմանադրության համաձայն` Հանրապետության Նախագահի պաշտոնակատարը` Ազգային ժողովի նախագահը կամ վարչապետը, Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրվելու դեպքում շարունակում են իրենց լիազորությունների կատարումը, սակայն չպետք է օգտագործեն իրենց պաշտոնեական դիրքի առավելությունը:
2. Հանրապետության Նախագահի թեկնածու գրանցված անձն ազատվում է զորահավաքներից և ուսումնավարժական հավաքներից: (2-րդ նախադասությունն ուժը կորցրել է 22.12.06 ՀՕ-1-Ն)
3. Արգելվում է Հանրապետության Նախագահի թեկնածուին ադմինիստրացիայի նախաձեռնությամբ ազատել աշխատանքից, տեղափոխել այլ աշխատանքի կամ գործուղել: (2-րդ նախադասությունն ուժը կորցրել է 22.12.06 ՀՕ-1-Ն)
4. Հանրապետության Նախագահի թեկնածուն, քվեարկությունից մինչև 10 օր առաջ` ժամը 18.00-ն գրավոր դիմում ներկայացնելու դեպքում, իրավունք ունի հանել իր թեկնածությունը: Այդ դեպքում կենտրոնական ընտրական հանձնաժողովը տվյալ թեկնածուի գրանցումը ճանաչում է ուժը կորցրած: Թեկնածուն պարտավոր է հատուցել իր առաջադրման և նախընտրական քարոզչության համար պետության կողմից կատարած ֆինանսական ծախսերը:
5. Հանրապետության Նախագահի թեկնածուները չեն կարող կալանավորվել, քրեական կամ դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկվել` առանց կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնության: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նշված հարցի վերաբերյալ որոշումն ընդունում է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների երկու երրորդով:
(Վերնագիրը փոփ. 22.12.06 ՀՕ-1-Ն)
(78-րդ հոդվածը խմբ. 19.03.99 ՀՕ-286, փոփ., լրաց. 03.07.02 ՀՕ-406-Ն, լրաց. 19.05.05 ՀՕ-101-Ն, փոփ. 22.12.06 ՀՕ-1-Ն, լրաց. 16.11.07 ՀՕ-219-Ն)