Հոդված 56. Քվեարկությունը
Հոդված 56. Քվեարկությունը
1. Քվեարկության ժամանակ յուրաքանչյուր քաղաքացի ստանում է քվեարկության մեկ քվեաթերթիկ (քվեաթերթիկներ՝ միաժամանակ մի քանի քվեարկություններ անցկացվելու դեպքում) և մեկ քվեարկության ծրար (ծրարներ՝ միաժամանակ մի քանի քվեարկություններ անցկացվելու դեպքում):
2. Գրանցվելուց անմիջապես հետո ընտրողը մոտենում է հանձնաժողովի՝ քվեաթերթիկների և քվեարկության ծրարների տրամադրման համար պատասխանատու անդամին: Վերջինս անջատում է քվեաթերթիկի (քվեաթերթիկների՝ միաժամանակ մի քանի քվեարկություններ անցկացվելու դեպքում) ելունդը և քվեաթերթիկի ներքևի հատվածը քվեարկության ծրարի հետ միասին հանձնում է ընտրողին: Ընտրողն անցնում է քվեարկության խցիկ՝ քվեարկելու:
Հանձնաժողովի՝ քվեաթերթիկների և քվեարկության ծրարների տրամադրման համար պատասխանատու անդամը քվեաթերթիկների ելունդները, կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով, ըստ հերթականության դասավորում և հանձնում է տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահին: Վերջինս դրանք առանձին կապերով տեղադրում է չհրկիզվող պահարանում:
3. Ընտրողը քվեաթերթիկը լրացնում է գաղտնի՝ քվեարկության խցիկում:
4. Քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող քաղաքացին իրավունք ունի հանձնաժողովի նախագահին տեղեկացնելուց հետո քվեարկության խցիկ հրավիրելու այլ անձի, որը չպետք է լինի վստահված անձ: Նույն անձն իրավունք ունի օգնելու քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող միայն մեկ քաղաքացու: Բացի նշված դեպքից, քվեաթերթիկը լրացնելիս քվեարկության խցիկում այլ անձի ներկայությունն արգելվում է։
5. Եթե ընտրողը կարծում է, որ քվեաթերթիկը սխալ է լրացրել, ապա նա կարող է դիմել հանձնաժողովի նախագահին, իսկ նրա բացակայության դեպքում՝ տեղակալին՝ նոր քվեաթերթիկ ստանալու համար։ Հանձնաժողովի նախագահի, իսկ նրա բացակայության դեպքում՝ տեղակալի հանձնարարությամբ հանձնաժողովի անդամը հատկացնում է նոր քվեաթերթիկ, ընտրողների ցուցակում կատարում համապատասխան նշում տվյալ ընտրողի անվան, ազգանվան դիմաց: Սխալ լրացված (վնասված) քվեաթերթիկն անհապաղ մարվում է, որի մասին կազմվում է համապատասխան արձանագրություն:
6. Ձերբակալված կամ կալանքի տակ գտնվող քաղաքացիները քվեարկությունն իրականացնում են սույն հոդվածի պահանջներին համապատասխան, իսկ զինծառայողները քվեարկությունն իրականացնում են սույն օրենսգրքի 54-56 հոդվածների պահանջներին համապատասխան:
(56-րդ հոդվածը լրաց., խմբ. 03.07.02 ՀՕ-406-Ն, խմբ. 19.05.05 ՀՕ-101-Ն, լրաց., խմբ., փոփ. 22.12.06 ՀՕ-1-Ն, փոփ. 26.02.07 ՀՕ-79-Ն, լրաց. 16.11.07 ՀՕ-219-Ն)