Հոդված 63.2. Կենտրոնական ընտրական հանձնաժողովում Հայաստանի Հանրապետության Նախագահի և Ազգային ժողովի` համամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքների ամփոփման կարգը
Հոդված 63.2. Կենտրոնական ընտրական հանձնաժողովում Հայաստանի Հանրապետության Նախագահի և Ազգային ժողովի` համամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքների ամփոփման կարգը
1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված՝ ընտրական տեղամասերում քվեարկությունների արդյունքների հիման վրա քվեարկության ավարտից ոչ ուշ, քան 24 ժամ հետո, սույն հոդվածի պահանջներին համապատասխան, ամփոփում է համապետական ընտրությունների նախնական արդյունքները, արձանագրությամբ վավերացնում այն ու հանրային ռադիոյի և հանրային հեռուստատեսության ուղիղ եթերով պաշտոնապես հրապարակում ընտրությունների նախնական արդյունքները:
2. Մինչև ընտրությունների նախնական արդյունքները հրապարակելը կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստը չի ընդհատվում:
3. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում տեղամասերում քվեարկության արդյունքների հետ կապված բողոք լինելու դեպքում քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 7 օր հետո, հիմք ընդունելով ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված՝ ընտրական տեղամասերում քվեարկությունների արդյունքների վերաբերյալ արձանագրությունները, դատարանների վճիռներն ու ընտրատարածքներում կատարված վերահաշվարկների արդյունքները, կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփում է համապետական ընտրությունների արդյունքները և արձանագրությամբ վավերացնում դրանք:
4. Համապետական ընտրությունների արդյունքների մասին արձանագրությունում նշվում են՝
1) քվեարկության մասնակիցների թիվը (Բ) (լրացվում է գրանցված և քվեաթերթիկներ ստացած ընտրողների ստորագրությունների թիվը).
1.1) (1.1-րդ ենթակետն ուժը կորցրել է 16.11.07 ՀՕ-219-Ն)
2) տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացված քվեաթերթիկների թիվը (Ա) և ելունդների համարները.
2.1) (2.1-րդ ենթակետն ուժը կորցրել է 16.11.07 ՀՕ-219-Ն)
3) տեղամասային ընտրական հանձնաժողովներում մարված քվեաթերթիկների ընդհանուր թիվը (Գ).
4) (4-րդ ենթակետն ուժը կորցրել է 16.11.07 ՀՕ-219-Ն)
5) անվավեր քվեաթերթիկների թիվը (դ2).
6) օգտագործված քվեաթերթիկների ելունդների թիվը (Ե).
7) յուրաքանչյուր թեկնածուին, կուսակցությանը, կուսակցությունների դաշինքին կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը.
8) թեկնածուին դեմ քվեարկված քվեաթերթիկների թիվը (տողը նշվում է մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում).
9) վավեր քվեաթերթիկների թիվը (դ1) (հավասար է թեկնածուներին, կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին կողմ քվեարկված քվեաթերթիկների թվերի գումարին) (մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում հավասար է թեկնածուին կողմ և դեմ քվեարկված քվեաթերթիկների թվերի գումարին).
9.1) քվեատուփում առկա սահմանված նմուշի քվեարկության ծրարների թիվը (Զ).
10) (10-րդ ենթակետն ուժը կորցրել է 16.11.07 ՀՕ-219-Ն)
11) անճշտությունների չափը:
Համապետական ընտրությունների դեպքում անճշտությունների չափը հավասար է կազմավորված բոլոր տեղամասերի անճշտությունների չափերի գումարին:
5. Արձանագրությունը ստորագրում են հանձնաժողովի նիստին ներկա անդամները, այն կնքում է հանձնաժողովի նախագահը:
6. Եթե հանձնաժողովի որևէ անդամ արձանագրության տվյալների վերաբերյալ ունի հատուկ կարծիք, ապա նա ներկայացնում է իր գրավոր կարծիքը, որը կցվում է արձանագրությանը, իսկ իր ստորագրության կողքին այդ մասին կատարում է նշում:
7. Եթե հանձնաժողովի անդամը հրաժարվում է արձանագրությունը ստորագրելուց, ապա արձանագրությունում նշվում է այդ մասին:
8. Արձանագրությամբ վավերացնելուց հետո այդ արդյունքների հիման վրա կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընդունում է որոշում ընտրության արդյունքների վերաբերյալ:
9. Մինչև ընտրությունների արդյունքների հիման վրա սույն հոդվածի 8-րդ կետով սահմանված որոշման ընդունումը կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստը չի ընդհատվում: Նիստի ավարտից հետո, բայց ոչ ուշ, քան 3 ժամվա ընթացքում, կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը կամ նրա հանձնարարությամբ հանձնաժողովի անդամներից որևէ մեկը կենտրոնական ընտրական հանձնաժողովի վարչական շենքից հանրային ռադիոյի և հանրային հեռուստատեսության ուղիղ եթերով պաշտոնապես հրապարակում է ընտրությունների վերջնական արդյունքները և դրանց հիման վրա ընդունված որոշումը:
10. Թեկնածուի (կուսակցության, կուսակցությունների դաշինքի) վստահված անձի կամ դիտորդի պահանջով նրան տրվում է ընտրությունների արդյունքների ամփոփիչ արձանագրության պատճենը՝ վավերացված հանձնաժողովի նախագահի (տեղակալի) և քարտուղարի ստորագրություններով ու հանձնաժողովի կնիքով:
11. Համապետական ընտրությունների արդյունքների վերաբերյալ կազմվող արձանագրությունների ձևերը հաստատում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
12. Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընտրությունների նախնական արդյունքների ստացմանը զուգընթաց պարբերաբար, բայց ոչ ուշ, քան 3 ժամը մեկ, հանրային ռադիոյի, հանրային հեռուստատեսության ուղիղ եթերով, կենտրոնական ընտրական հանձնաժողովի ինտերնետային կայքում տեղադրման միջոցով հրապարակում է տեղեկություններ ընտրությունների նախնական արդյունքների վերաբերյալ` ըստ ընտրական տեղամասերի:
13. Համապետական ընտրությունների վերջնական արդյունքների հրապարակումից հետո` 3 ամսվա ընթացքում, կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակում է օրենսգրքի խախտումների վերլուծությունը` մատնանշելով խախտումներ կատարողների դեմ ձեռնարկված միջոցառումները:
(63.2 հոդվածը լրաց. 19.05.05 ՀՕ-101-Ն, փոփ., լրաց. 22.12.06 ՀՕ-1-Ն, խմբ., լրաց. 16.11.07 ՀՕ-219-Ն)
(12-րդ գլուխը խմբ. 19.05.05 ՀՕ-101-Ն)
ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍ