Հոդված 33. Ընտրական հանձնաժողովների անդամների կարգավիճակը
Հոդված 33. Ընտրական հանձնաժողովների անդամների կարգավիճակը
1. Ընտրական հանձնաժողովների անդամներն ազատվում են զորահավաքներից և վարժական հավաքներից, իսկ համապետական ընտրությունների ժամանակահատվածում` նաև զորակոչից:
2. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամները կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության ողջ ժամանակահատվածում, իսկ ընտրատարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամները համապետական ընտրությունների ժամանակ կարող են կալանավորվել, դատական կարգով վարչական կամ քրեական պատասխանատվության ենթարկվել՝ միայն կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությամբ:
3. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը, նախագահի տեղակալը, քարտուղարը և անդամներն աշխատում են մշտական հիմունքներով և իրավունք չունեն կատարելու վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից:
4. Կենտրոնական և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամների լիազորություններն իրականացվում են մինչև նոր կենտրոնական և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կազմավորումը:
5. Ընտրական հանձնաժողովի անդամներն իրավունք ունեն նախապես ծանոթանալ հանձնաժողովի քննարկմանը ներկայացվող հարցերին և փաստաթղթերին, ելույթներ ունենալ հանձնաժողովի նիստերում, ներկայացնել առաջարկություններ և պահանջել, որ այդ առթիվ անցկացվի քվեարկություն, նիստի մասնակիցներին տալ հարցեր և ստանալ սպառիչ պատասխաններ:
6. Ընտրական հանձնաժողովի անդամները պարտավոր են կատարել հանձնաժողովի նախագահի կողմից իր իրավասության սահմաններում տրված հանձնարարությունները:.ուղղ
7. Վերադաս ընտրական հանձնաժողովի անդամները` համապատասխան հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ, իրավունք ունեն խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցել ստորադաս ընտրական հանձնաժողովի նիստերին, իսկ քվեարկության օրը ներկա գտնվել տեղամասային կենտրոնում:
8. Ընտրական հանձնաժողովների անդամներն իրենց գործունեության ընթացքում կարող են ազատվել արտադրական կամ ծառայողական պարտականություններ կատարելուց:
9. Ընտրական հանձնաժողովի անդամների, ինչպես նաև աշխատակազմի վարձատրությունը կատարվում է պետական բյուջեի միջոցների հաշվին: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը վարձատրվում է վճռաբեկ դատարանի նախագահի աշխատավարձի չափով: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալը վարձատրվում է վճռաբեկ դատարանի պալատի նախագահի աշխատավարձի չափով: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղարը վարձատրվում է վճռաբեկ դատարանի դատավորի աշխատավարձի չափով: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամները, իսկ համապետական ընտրությունների ժամանակահատվածում՝ նաև ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը վարձատրվում են վճռաբեկ դատարանի դատավորի աշխատավարձի չափով: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամները և տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը, տեղակալը և քարտուղարը համապետական ընտրությունների ժամանակահատվածում վարձատրվում են նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը, տեղակալը և քարտուղարը վարձատրվում են նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով: Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը, տեղակալը և քարտուղարը Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրությունների և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակահատվածում վարձատրվում են նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով: Տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների աշխատավարձն ընտրությունների ժամանակահատվածում պահպանվում է:.ուղղ
(33-րդ հոդվածը փոփ. 19.03.99 ՀՕ-286, խմբ., փոփ. 03.07.02 ՀՕ-406-Ն)