Հոդված 24
Հոդված 24
Աշխատանքային օրենսդրությունը և սոցիալական ապահովությունը
1. Պայմանավորվող պետություններն իրենց տարածքում օրինական կարգով բնակվող քաղաքացիություն չունեցող անձանց հետևյալ հարցերի կապակցությամբ հատկացնում են նույն վերաբերմունքը, ինչ իրենց քաղաքացիներին.
(ա) այնքանով, որքանով նման հարցերը կարգավորվում են օրենքներով կամ ենթաօրենսդրական ակտերով կամ վարչական իշխանությունների վերահսկողության առարկա են՝ վարձատրության, ներառյալ վարձատրության մաս կազմող ընտանեկան նպաստները, աշխատաժամերի, արտաժամյա աշխատանքի, վարձատրվող արձակուրդի, տնայնագործ աշխատանքի սահմանափակումների, աշխատելու, աշակերտելու կամ վերապատրաստման նվազագույն տարիքի, կանանց ու պատանեկան տարիքի անձանց աշխատանքի և կոլեկտիվ պայմանագրերի արտոնությունների կապակցությամբ,
(բ) սոցիալական ապահովության կապակցությամբ (աշխատանքային վնասվածք, մասնագիտական հիվանդություններ, մայրություն, հիվանդություն, անաշխատունակություն, ծերություն, մահ, գործազրկություն, ընտանեկան պարտավորություններ և այլ դեպքեր, որոնք ներպետական օրենքների կամ ենթաօրենսդրական ակտերի համաձայն նախատեսվում են սոցիալական ապահովության ծրագրով)՝ հետևյալ սահմանափակումներով.
(i) կարող է գործել ձեռք բերված իրավունքների և ձեռքբերման գործընթացում գտնվող իրավունքների պահպանման համապատասխան կարգ,
(ii) բնակության երկրի ներպետական օրենքներով կամ ենթաօրենսդրական ակտերով կարող է սահմանվել հատուկ կարգ այն նպաստների կամ նպաստների մի մասի առնչությամբ, որոնք ամբողջապես վճարվում են պետական հիմնադրամների հաշվին, ինչպես նաև այն անձանց վճարվող նպաստների առնչությամբ, ովքեր չեն բավարարում բնականոն կարգով կենսաթոշակ ստանալու համար նախատեսված վճարումների պայմանները։
2. Աշխատանքային վնասվածքի կամ մասնագիտական հիվանդության հետևանքով քաղաքացիություն չունեցող անձի մահվան դեպքում տրվող փոխհատուցման իրավունքի վրա չի ազդում այն հանգամանքը, որ փոխհատուցում ստացողի մշտական բնակության վայրը գտնվում է Պայմանավորվող պետության տարածքից դուրս։
3. Պայմանավորվող պետությունները քաղաքացիություն չունեցող անձանց վրա տարածում են իրենց միջև կնքված կամ կնքվելիք պայմանագրերով նախատեսվող արտոնությունները, որոնք վերաբերում են սոցիալական ապահովության ոլորտում ձեռք բերված իրավունքների և ձեռքբերման գործընթացում գտնվող իրավունքների պահպանմանը՝ նույնպիսի պայմաններով, ինչ կիրառվում են նշված պայմանագրերն ստորագրող պետությունների քաղաքացիների նկատմամբ։
4. Պայմանավորվող պետությունները պետք է բարեհաճ վերաբերեն Պայմանավորվող պետությունների և պայմանագրին չմասնակցող պետությունների միջև երբևէ կնքվող նմանատիպ պայմանագրերով նախատեսված նպաստները քաղաքացիություն չունեցող անձանց վրա հնարավորինս տարածելուն։
Գլուխ 5
Վարչական միջոցառումներ