Հոդված 39
Հոդված 39
Կոնվենցիայի և Կոնվենցիայի գործադրման կանոնակարգի վերանայումը
1. Բարձր պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը կարող է առաջարկել սույն Կոնվենցիայի և Կոնվենցիայի գործադրման կանոնակարգի փոփոխություններ ու լրացումներ։ Առաջարկված ամեն մի փոփոխություն կամ լրացում հաղորդվում է Միավորված ազգերի կազմակերպության կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության Գլխավոր տնօրենին, որն այն ուղարկում է Բարձր պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրին՝ խնդրանքով, որպեսզի այդ կողմը չորս ամսվա ընթացքում տեղեկացնի՝
(ա) ցանկանում է նա արդյոք, որպեսզի առաջարկված փոփոխությունը կամ լրացումը քննարկելու համար հրավիրվի խորհրդաժողով,
(բ) համաձայն է նա արդյոք, որպեսզի առաջարկված փոփոխությունը կամ լրացումն ընդունվի առանց խորհրդաժողով հրավիրելու,
(գ) համաձայն է նա արդյոք, որպեսզի առաջարկված փոփոխությունը կամ լրացումը մերժվի առանց խորհրդաժողով հրավիրելու։
2. Գլխավոր տնօրենը սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան ստացված պատասխանները հաղորդում է բոլոր Բարձր պայմանավորվող կողմերին։
3. Եթե Միավորված ազգերի կազմակերպության կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության Գլխավոր տնօրենին իրենց կարծիքը նախատեսված ժամկետում հաղորդած բոլոր Բարձր պայմանավորվող կողմերը, ի կատարումն սույն հոդվածի 1 (բ) կետի, Գլխավոր տնօրենին ծանուցում են, թե իրենք համաձայն են փոփոխությունը կամ լրացումն առանց խորհրդաժողով հրավիրելու ընդունելու, ապա Գլխավոր տնօրենը նրանց որոշման ծանուցման մասին հաղորդում է 38-րդ հոդվածին համապատասխան։ Փոփոխությունը կամ լրացումն ուժի մեջ է մտնում բոլոր Բարձր պայմանավորվող կողմերի համար այդ ծանուցումից 90 օր անց։
4. Առաջարկված փոփոխությունը կամ լրացումը քննարկելու համար Գլխավոր տնօրենը Բարձր պայմանավորվող կողմերի խորհրդաժողով է հրավիրում այն դեպքում, եթե այդ մասին խնդրում է կողմերի ընդհանուր թվի մեկ երրորդից ավելին։
5. Կոնվենցիայի կամ Կոնվենցիայի գործադրման կանոնակարգի այն փոփոխություններն ու լրացումները, որոնք քննարկվում են նախորդ կետով սահմանված ընթացակարգին համապատասխան, ուժի մեջ են մտնում միայն այն բանից հետո, երբ արժանանում են խորհրդաժողովին ներկայացված Բարձր պայմանավորվող կողմերի միաձայն հավանությանը և այն բանից հետո, երբ դրանք ընդունել է Բարձր պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը։
6. Բարձր պայմանավորվող կողմերը Կոնվենցիայի կամ Կոնվենցիայի գործադրման կանոնակարգի՝ 4-րդ և 5-րդ կետերում հիշատակված խորհրդաժողովի հավանությանն արժանացած փոփոխություններն ու լրացումներն ընդունում են Միավորված ազգերի կազմակերպության կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության Գլխավոր տնօրենին պաշտոնական փաստաթուղթ ներկայացնելու միջոցով։
7. Սույն Կոնվենցիայի կամ Կոնվենցիայի գործադրման կանոնակարգի փոփոխությունների ու լրացումների՝ ուժի մեջ մտնելուց հետո Կոնվենցիայի կամ Կոնվենցիայի գործադրման կանոնակարգի՝ այդ կերպ ուղղված տեքստն է միայն, որ բաց է մնում վավերացման կամ միանալու համար։