Հոդված 8
Հոդված 8
Հատուկ պաշտպանության տրամադրումը
1. Հատուկ պաշտպանության ներքո կարող են վերցվել սահմանափակ քանակությամբ, զինված ընդհարման դեպքում շարժական մշակութային արժեքների պահպանման համար նախատեսված պատսպարանները, հուշարձաններ ընդգրկող կենտրոնները և շատ մեծ նշանակություն ունեցող այլ անշարժ մշակութային արժեքներ, պայմանով, որ՝
(ա) դրանք բավականաչափ հեռու են գտնվում ցանկացած արդյունաբերական խոշոր կենտրոնից կամ խոցելի կետ հանդիսացող ռազմական ցանկացած կարևոր օբյեկտից, օրինակ, օդանավակայանից, ռադիոկայանից, ազգային պաշտպանության համար աշխատող ձեռնարկությունից, նավահանգստից, երկաթուղային խոշոր կայարանից կամ հաղորդակցության կարևոր գծից,
(բ) դրանք չեն օգտագործվում ռազմական նպատակներով։
2. Շարժական մշակութային արժեքների ապաստարանը, որտեղ էլ այն գտնվելիս լինի, նույնպես կարող է վերցվել հատուկ պաշտպանության ներքո, եթե կառուցվել է այնպես, որ, ամենայն հավանականությամբ, ռմբակոծությունը դրան վնասել չի կարող։
3. Հուշարձաններ ընդգրկող կենտրոնը համարվում է ռազմական նպատակներով օգտագործելի, եթե այն օգտագործվում է ռազմական անձնակազմի կամ նյութերի տեղափոխության համար, նույնիսկ տարանցիկ։ Այդ կենտրոնը ռազմական նպատակներով օգտագործելի է համարվում նաև, եթե այնտեղ իրականացվում է այնպիսի գործունեություն, որն անմիջականորեն առնչվում է ռազմական գործողություններին, ռազմական անձնակազմի տեղաբաշխմանը կամ ռազմանյութերի արտադրությանը։
4. 1-ին կետում թվարկված մշակութային արժեքները ռազմական նպատակներով օգտագործելի չեն համարվում, եթե դրանք պահպանվում են դրա համար հատուկ նշանակված զինված պահազորով կամ եթե դրանց կողքին կան ոստիկանական ուժեր, որոնց սովորաբար հանձնարարվում է հասարակական կարգի ապահովումը։
5. Եթե սույն հոդվածի 1-ին կետում թվարկված մշակութային արժեքներից որևէ մեկը տեղավորված է նույն կետում նշված ռազմական կարևոր օբյեկտի մերձակայքում, այն այդուհանդերձ, կարող է վերցվել հատուկ պաշտպանության ներքո, եթե այդ մասին խնդրող Բարձր պայմանավորվող կողմը պարտավորվում է զինված ընդհարման դեպքում այդ օբյեկտն ամենևին չօգտագործել և, մասնավորապես, եթե խոսքը նավահանգստի, կայարանի կամ օդանավակայանի մասին է, ցանկացած շարժում իրականացնել շրջանցումով։ Նման դեպքում շրջանցումով շարժումը նախապատրաստվում է դեռևս խաղաղ ժամանակ։
6. Մշակութային արժեքներին հատուկ պաշտպանություն տրամադրվում է դրանք «Հատուկ պաշտպանության ներքո գտնվող մշակութային արժեքների միջազգային գրանցամատյանում» գրանցելու միջոցով։ Այդ գրանցումը կատարվում է միայն սույն Կոնվենցիայի դրույթներին համապատասխան և Կոնվենցիայի գործադրման կանոնակարգով նախատեսված պայմաններով։