Հոդված 1
Հոդված 1
Սահմանումներ
Սույն Կոնվենցիայի իմաստով,
ա/ «արդյունաբերական վթար»-ը վտանգավոր նյութեր ընդգրկող գործունեության իրականացման ընթացքում տեղի ունեցող անվերահսկելի փոփոխությունների արդյունքում առաջացող դեպք է.
1. արդյունաբերական ձեռնարկության տարածքում` արտադրության, օգտագործման, պահպանման, տեղափոխման կամ ոչնչացման ընթացքում, կամ
2. տեղափոխման ընթացքում` 2-րդ հոդվածի 2-րդ կետի «դ» ենթակետով սահմանված դեպքում,
բ/ «վտանգավոր գործունեություն»-ը ցանկացած այն գործունեությունն է, որի իրականացման մեջ ընդգրկված է կամ կարող է ընդգրկվել մեկ կամ մի քանի վտանգավոր նյութ` սույն Կոնվենցիայի 1-ին հավելվածում թվարկված շեմային քանակություններին հավասար կամ դրանք գերազանցող քանակություններով և որը կարող է առաջ բերել անդրսահմանային ազդեցություն,
գ/ «ազդեցություն»-ը արդյունաբերական վթարի ուղղակի կամ անուղղակի, անմիջական կամ հետաձգված վնասակար հետևանքներն են, մասնավորապես՝
i) մարդկանց, բուսական և կենդանական աշխարհի համար,
ii) հողի, ջրի, օդի և լանդշաֆտի համար,
iii) 1-ին և 2-րդ ենթակետերում նշված գործողությունների միջև փոխադարձ կապի համար,
iv) նյութական արժեքների և մշակութային ժառանգության համար` ներառյալ պատմական հուշարձանները,
դ/ «անդրսահմանային ազդեցություն»-ը որևէ Կողմի իրավազորության ներքո գտնվող տարածքում մեկ այլ Կողմի իրավազորության ներքո գտնվող տարածքում տեղի ունեցած արդյունաբերական վթարի արդյունքում առաջացող ազդեցությունն է,
ե/ «օպերատոր»-ը ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական այն անձն է կամ այն պետական մարմինն է, որը պատասխանատուն է որևէ գործունեության իրականացման համար, օրինակ` որևէ գործունեության վերահսկման, պլանավորման կամ իրականացման համար,
զ/ «Կողմ»-ը սույն Կոնվենցիայի Պայմանավորվող կողմն է, եթե տեքստում այլ բան նշված չէ,
է/ «ծագման Կողմ»-ը այն Կողմն է /Կողմերն են/, որի իրավազորության ներքո տեղի է ունենում կամ կարող է տեղի ունենալ արդյունաբերական վթարը,
ը/ «ազդեցության ենթարկված Կողմ»-ը այն Կողմն է, որը ազդեցության է ենթարկվել կամ կարող է ազդեցության ենթարկվել արդյունաբերական վթարի անդրսահմանային հետևանքների արդյունքում,
թ/ «շահագրգիռ Կողմ»-ը ծագման կամ ազդեցության ենթարկված որևէ Կողմ է,
ժ/ «հանրություն»-ը մեկ կամ մի քանի ֆիզիկական կամ իրավաբանական անձինք են: