Հոդված 18
Հոդված 18
Կողմերի խորհրդաժողովները
1. Կողմերի ներկայացուցիչները կազմավորում են սույն Կոնվենցիայի Կողմերի խորհրդաժողովը և իրենց ժողովները գումարում են պարբերական հիմունքներով: Կողմերի առաջին ժողովն անց է կացվում ոչ ուշ, քան սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու օրվանից մեկ տարի հետո: Հետագայում դրանք գումարվում են տարին առնվազն մեկ անգամ կամ համաձայն Կողմերից որևէ մեկի գրավոր դիմումի` պայմանով, որ քարտուղարության կողմից այդ դիմումի մասին Կողմերին ծանուցելու օրվանից վեց ամսվա ընթացքում այն կարժանանա Կողմերի ոչ պակաս, քան մեկ երրորդի հավանությանը:
2. Կողմերի խորհրդաժողովը.
ա/ հսկում է սույն Կոնվենցիայի իրագործման ընթացքը,
բ/ իրականացնում է խորհրդակցական գործառույթներ, որոնց նպատակն է հզորացնել Կողմերի արդյունաբերական վթարների կանխման, դրանց պատրաստվածության ապահովման և դրանց անդրսահմանային ազդեցության վերացման կարողությունները, նպաստել տեխնիկական աջակցության ցուցաբերմանը և արդյունաբերական վթարների հետ գործ ունեցող Կողմերի խնդրանքով խորհրդակցությունների կազմակերպմանը,
գ/ անհրաժեշտության դեպքում, ստեղծում է աշխատանքային խմբեր և այլ համապատասխան մեխանիզմներ` սույն Կոնվենցիայի կենսագործման և զարգացման հետ կապված խնդիրների քննարկման, այդ նպատակին ուղղված ուսումնասիրությունների և այլ փաստաթղթերի պատրաստման, ինչպես նաև Կողմերի խորհրդաժողովի քննարկմանն առաջարկություններ ներկայացնելու համար,
դ/ իրականացնում է այն գործառույթները, որոնք կարող են պահանջվել սույն Կոնվենցիայի դրույթներին համապատասխան,
ե/ իր առաջին նիստին քննարկում և փոխհամաձայնության հիմունքներով ընդունում է նիստերի անցկացման կանոնակարգերը:
3. Իր գործառույթների իրականացման ընթացքում Կողմերի խորհրդաժողովը նպատակահարմարության դեպքում համագործակցում է համապատասխան միջազգային կազմակերպությունների հետ:
4. Կողմերի խորհրդաժողովն իր առաջին նիստին մշակում է իր աշխատանքային ծրագիրը, մասնավորապես` ծրագրի այն տարրերը, որոնք կապված են սույն Կոնվենցիայի 12-րդ հավելվածի դրույթների հետ: Կողմերի խորհրդաժողովը նաև որոշումներ է ընդունում աշխատանքի մեթոդների վերաբերյալ, այդ թվում այնպիսի որոշումներ, որոնք կապված են սույն Կոնվենցիայի իրագործումն ապահովող համակարգի ստեղծման նպատակով ազգային կենտրոնների օգտագործման և համապատասխան միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության, մասնավորապես` արդյունաբերական վթարի դեպքում փոխադարձ աջակցության ցուցաբերման ոլորտում և հաշվի առնելով միջազգային կազմակերպությունների շրջանակներում արդեն իսկ իրականացվող միջոցառումները: Որպես իր աշխատանքային ծրագրի մի մաս, Կողմերի խորհրդաժողովը, արդյունաբերական վթարների կանխմանը, դրանց պատրաստվածության ապահովմանը և դրանց հետևանքների վերացմանն ուղղված տեղեկատվական գործունեության և այլ ջանքերի համադրման նպատակով, հսկում է գործող ազգային, տարածաշրջանային և միջազգային կենտրոնների, ինչպես նաև այլ կազմակերպությունների և ծրագրերի գործունեությունը` որոշելու համար, թե ինչ լրացուցիչ միջազգային հաստատություններ կամ կենտրոններ կարող են պահանջվել 12-րդ հավելվածում թվարկված առաջադրանքները կատարելու համար:
5. Կողմերի խորհրդաժողովի մասնակիցները խորհրդաժողովի առաջին նիստին անցնում են արդյունաբերական վթարների կանխման, դրանց պատրաստվածության ապահովման և դրանց հետևանքների վերացման ոլորտում տեխնոլոգիաների փոխանակման համար ավելի նպաստավոր պայմանների ստեղծմանն ուղղված ընթացակարգերի քննարկմանը:
6. Կողմերի խորհրդաժողովը հաստատում է այն ղեկավար սկզբունքները, որոնք նպաստում են սույն Կոնվենցիայի նպատակների համար գործունեության վտանգավոր տեսակների բնորոշմանը: