Հոդված 26
Հոդված 26
Կոնվենցիայում փոփոխություններ կատարելը
1. Ցանկացած Կողմ կարող է առաջարկել փոփոխություններ կատարել սույն Կոնվենցիայում:
2. Առաջարկվող փոփոխությունների տեքստը ներկայացվում է Եվրոպական տնտեսական հանձնաժողովի գործադիր քարտուղարին, որը դրանք ուղարկում է բոլոր Կողմերին: Առաջարկվող փոփոխությունները քննարկվում են Կողմերի հերթական խորհրդաժողովում` պայմանով, որ Եվրոպական տնտեսական հանձնաժողովի գործադիր քարտուղարն այդ փոփոխությունները Կողմերին է ուղարկել այդ խորհրդաժողովից առնվազն իննսուն օր առաջ:
3. Ինչ վերաբերում է սույն Կոնվենցիայում կատարված փոփոխություններին` բացառությամբ 1-ին հավելվածի փոփոխությունների, որոնց կատարման կարգը սահմանված է սույն հոդվածի 4-րդ կետում, ապա՝
ա/ փոփոխություններն ընդունվում են խորհրդաժողովին մասնակցող Կողմերի փոխհամաձայնությամբ և ավանդապահի կողմից ներկայացվում են բոլոր Կողմերին՝ վավերացման, ընդունման կամ հաստատման համար,
բ/ փոփոխությունների վավերագրերը և ընդունման կամ հաստատման մասին փաստաթղթերն ի պահ են հանձնվում ավանդապահին: Սույն հոդվածին համապատասխան ընդունված փոփոխություններն ուժի մեջ են մտնում ավանդապահի կողմից տասնվեցերորդ վավերագիրը, հաստատման կամ ընդունման մասին փաստաթուղթն ստանալու պահից իննսուներորդ օրը,
գ/ հետագայում ցանկացած այլ Կողմի համար այդ փոփոխություններն ուժի մեջ են մտնում դրանց վավերացման, հաստատման կամ ընդունման մասին Կողմի փաստաթուղթն ի պահ հանձնելու պահից իննսուներորդ օրը:
4. Ինչ վերաբերում է 1-ին հավելվածում փոփոխություններ կատարելուն, ապա՝
ա/ Կողմերը ձեռնարկում են բոլոր ջանքերը` փոխհամաձայնության միջոցով համաձայնություն ձեռք բերելու համար: Եթե փոխհամաձայնության հասնելու բոլոր միջոցները սպառվել են, իսկ համաձայնությունն այդպես էլ ձեռք չի բերվել, ապա, որպես վերջին միջոց, փոփոխությունն ընդունվում է ժողովին ներկա և քվեարկությանը մասնակցող Կողմերի ձայների ինը տասնորդական մեծամասնությամբ,
բ/ 1-ին հոդվածում կատարված փոփոխություններն ուժի մեջ են մտնում Եվրոպական տնտեսական հանձնաժողովի գործադիր քարտուղարի կողմից Կողմերին ուղարկելու պահից տասներկու ամիսը լրանալուն պես այն Կողմերի համար, որոնք 4-րդ կետի դրույթներին համապատասխան ծանուցագիր չեն ներկայացրել,
գ/ ցանկացած Կողմ, որը չի կարող հաստատել սույն Կոնվենցիայի 1-ին հավելվածում կատարված որևէ փոփոխություն, այդ մասին փոփոխության ընդունման ծանուցագիրն ստանալուց հետո տասներկու ամսվա ընթացքում գրավոր ծանուցում է Եվրոպական տնտեսական հանձնաժողովի գործադիր քարտուղարին: Գործադիր քարտուղարն անմիջապես տեղեկացնում է բոլոր Կողմերին այդպիսի ծանուցագիր ստանալու մասին: Ցանկացած Կողմ կարող է ցանկացած պահին ընդունել փոփոխությունը` հրաժարվելով նախկինում իր կողմից արված հայտարարությունից, ինչից հետո փոփոխությունն ուժի մեջ է մտնում այդ Կողմի համար,
դ/ սույն Կոնվենցիայի իմաստով, «ժողովին ներկա և քվեարկությանը մասնակցող Կողմերն» այն Կողմերն են, որոնք ներկա են գտնվում ժողովին և քվեարկում են «կողմ» կամ «դեմ»: