Հոդված 8
Հոդված 8
Պատրաստվածություն արտակարգ իրավիճակներին
1. Կողմերը համապատասխան միջոցներ են ձեռնարկում արտակարգ իրավիճակների ժամանակ պատշաճ պատրաստվածություն ապահովելու և պահպանելու ուղղությամբ` արդյունաբերական վթարների հետևանքների վերացման նպատակով: Կողմերն արդյունաբերական վթարների անդրսահմանային ազդեցության նվազեցման նպատակով ապահովում են պատրաստվածության ապահովման միջոցառումների իրականացումը, ընդ որում արդյունաբերական օբյեկտի տարածքում այդ միջոցառումները իրականացվում են օպերատորների կողմից: Այդ միջոցառումները կարող են ներառել սույն Կոնվենցիայի 7-րդ հոդվածում թվարկվածները, սակայն դրանցով չեն սահմանափակվում: Մասնավորապես, շահագրգիռ Կողմերը միմյանց տեղեկացնում են արտակարգ իրավիճակների պայմաններում իրենց գործողությունների պլանների մասին:
2. Վտանգավոր գործունեության առնչությամբ ծագման Կողմն ապահովում է արտադրական օբյեկտում ստեղծված արտակարգ իրավիճակի դեպքում իրականացվելիք գործողությունների պլանների մշակումն ու իրագործումը, այդ թվում` վթարի հետևանքների վերացմանն ուղղված միջոցների և անդրսահմանային ազդեցության նվազեցմանը և կանխմանն ուղղված միջոցների իրականացմանը: Ծագման Կողմը շահագրգիռ այլ Կողմերին տրամադրում է իր մոտ առկա այն տարրերը, որոնք անհրաժեշտ են արտակարգ իրավիճակի պայմաններում գործողությունների պլաններ մշակելու համար:
3. Վտանգավոր գործունեության առնչությամբ ծագման Կողմն ապահովում է արտադրական օբյեկտի տարածքից դուրս ստեղծված արտակարգ իրավիճակի դեպքում իրականացվելիք գործողությունների պլանների մշակումն ու իրագործումը, որոնք նախատեսում են անդրսահմանային ազդեցության նվազեցմանն ու կանխմանն ուղղված միջոցների իրականացում օբյեկտի տարածքում: Այդպիսի պլանների մշակման ժամանակ հաշվի են առնվում վերլուծության և գնահատման արդյունքները, մասնավորապես` 5-րդ հավելվածի 2-րդ կետի 1-ից 5-րդ ենթակետերում թվարկված հարցերը: Շահագրգիռ Կողմերը ձգտում են ապահովել այդ պլանների համատեղելիությունը: Անհրաժեշտության դեպքում, մշակվում են արտակարգ իրավիճակի պայմաններում արտադրական օբյեկտի տարածքից դուրս իրականացվելիք համատեղ գործողությունների պլաններ` վթարի հետևանքների վերացմանն ուղղված համապատասխան միջոցների իրականացմանն օժանդակելու նպատակով:
4. Գործողությունների պլանները պարբերականորեն վերանայվում են կամ, անհրաժեշտության դեպքում, թարմացվում են` հաշվի առնելով նախկինում ծագած արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման ժամանակ ձեռքբերված փորձը: