Հոդված 12
Հոդված 12
ՌՈՅԱԼԹԻ
1. Պայմանավորվող պետությունում առաջացող և մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտին վճարված ռոյալթին կարող է հարկվել այդ մյուս Պետությունում:
2. Այնուամենայնիվ, այդ ռոյալթին կարող է հարկվել նաև այն Պայմանավորվող պետությունում, որտեղ այն առաջանում է և այդ Պետության օրենքներին համապատասխան, բայց եթե ռոյալթիի շահառու սեփականատերը մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտ է, ապա այդ կերպով գանձվող հարկը չպետք է գերազանցի.
ա) գրական, գեղարվեստական կամ գիտական աշխատանքների, ներառյալ` ռադիո- կամ հեռուստահաղորդումների հեռարձակման համար օգտագործվող կինոժապավենների կամ ժապավենների կամ ձայներիզների օգտագործման կամ օգտագործման իրավունքի համար վճարված ռոյալթիի համախառն գումարի 5 տոկոսը,
բ) ռոյալթիի համախառն գումարի 10 տոկոսը` բոլոր մյուս դեպքերում:
Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները սույն սահմանափակման կիրառման եղանակը որոշում են փոխադարձ համաձայնությամբ:
3. «Ռոյալթի» տերմինը սույն հոդվածում օգտագործվելիս նշանակում է` ցանկացած տեսակի վճարում գրական, գեղարվեստական կամ գիտական աշխատանքների, ներառյալ` ռադիո- կամ հեռուստահաղորդումների հեռարձակման համար օգտագործվող կինոժապավենների կամ ժապավենների կամ ձայներիզների, ցանկացած արտոնագրի, ապրանքային նշանի, ձևավորման կամ մոդելի, գծագրի, գաղտնի բանաձևի կամ գործընթացի օգտագործման կամ օգտագործման իրավունքի դիմաց, կամ արդյունաբերական, առևտրային կամ գիտական սարքավորումների կամ արդյունաբերական, առևտրային կամ գիտական փորձին վերաբերող տեղեկությունների օգտագործման կամ օգտագործման իրավունքի դիմաց:
4. 1-ին և 2-րդ կետերի դրույթները չեն կիրառվում, եթե ռոյալթիի շահառու սեփականատերը, լինելով Պայմանավորվող պետության ռեզիդենտ, ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում մյուս Պայմանավորվող պետությունում, որտեղ առաջանում է ռոյալթին, այնտեղ գտնվող մշտական հաստատության միջոցով, և իրավունքը կամ գույքը, որի առնչությամբ վճարվում է ռոյալթին, փաստացի կապված է այդ մշտական հաստատության հետ: Այդ դեպքերում կիրառվում են 7-րդ հոդվածի դրույթները:
5. Ռոյալթին համարվում է առաջացած Պայմանավորվող պետությունում, եթե վճարողը հենց այդ Պետությունն է, այդ Պետության քաղաքական ստորաբաժանումը, տեղական իշխանությունը կամ ռեզիդենտը: Այնուամենայնիվ, երբ ռոյալթի վճարող անձը, անկախ Պայմանավորվող պետության ռեզիդենտ լինելու կամ չլինելու փաստից, Պայմանավորվող պետությունում ունի մշտական հաստատություն, որի առնչությամբ առաջացել է ռոյալթի վճարելու պարտավորությունը, և այդ ռոյալթիի վճարումն իրականացնում է տվյալ մշտական հաստատությունը, ապա այդ ռոյալթին համարվում է առաջացած այն Պայմանավորվող պետությունում, որտեղ գտնվում է մշտական հաստատությունը:
6. Եթե վճարողի և շահառու սեփականատիրոջ կամ նրանց երկուսի և որևէ այլ անձի միջև հատուկ հարաբերությունների պատճառով օգտագործման, իրավունքի կամ տեղեկության դիմաց վճարվող ռոյալթիի գումարը գերազանցում է այն գումարը, որը կհամաձայնեցվեր վճարողի և շահառու սեփականատիրոջ միջև նման հարաբերությունների բացակայության դեպքում, ապա սույն հոդվածի դրույթները կիրառվում են միայն վերջինը հիշատակված գումարի նկատմամբ: Այդ դեպքում վճարումների ավելցուկային մասը ենթակա է հարկման յուրաքանչյուր Պայմանավորվող պետության օրենքների համաձայն` պատշաճ կերպով հաշվի առնելով սույն Կոնվենցիայի մյուս դրույթները: