Հոդված 3
Հոդված 3
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ
1. Սույն Կոնվենցիայի նպատակների համար, եթե համատեքստն այլ բան չի պահանջում.
ա) «Իսպանիա» տերմինը նշանակում է` Իսպանիայի Թագավորություն, իսկ երբ օգտագործվում է աշխարհագրական իմաստով, նշանակում է` Իսպանիայի Թագավորության տարածքը` ներառյալ ներքին ջրերը, տարածքային ծովը և տարածքային ծովից դուրս ցանկացած գոտի, որի նկատմամբ, միջազգային իրավունքի համաձայն և իր ներքին օրենսդրության կիրարկմամբ, Իսպանիայի Թագավորությունն իրականացնում է կամ ապագայում կարող է իրականացնել իրավազորություն կամ ինքնիշխան իրավունքներ ծովի հատակի, ընդերքի ու վերին շերտի ջրերի և դրանց բնական պաշարների նկատմամբ,
բ) «Հայաստան» տերմինը նշանակում է` Հայաստանի Հանրապետություն, իսկ երբ օգտագործվում է աշխարհագրական իմաստով, նշանակում է` այն տարածքը` ներառյալ հողերը, ջրերը, ընդերքը և օդային տարածքը, որոնց նկատմամբ Հայաստանի Հանրապետությունն իրականացնում է իր ինքնիշխան իրավունքներ և իրավազորություն` ազգային օրենսդրության և միջազգային իրավունքի համաձայն,
գ) «Պայմանավորվող պետություն» և «մյուս Պայմանավորվող պետություն» տերմինները նշանակում են` Իսպանիա կամ Հայաստան` կախված համատեքստից,
դ) «անձ» տերմինը ներառում է` ֆիզիկական անձ, ընկերություն և անձանց ցանկացած այլ միավորում,
ե) «ընկերություն» տերմինը նշանակում է` ցանկացած իրավաբանական անձ կամ ցանկացած միավոր, որը հարկման նպատակներով դիտվում է որպես իրավաբանական անձ,
զ) «ձեռնարկություն» տերմինը կիրառվում է ձեռնարկատիրական ցանկացած գործունեության իրականացման նկատմամբ,
է) «Պայմանավորվող պետության ձեռնարկություն» և «մյուս Պայմանավորվող պետության ձեռնարկություն» տերմինները նշանակում են, համապատասխանաբար, Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից ղեկավարվող ձեռնարկություն և մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից ղեկավարվող ձեռնարկություն,
ը) «միջազգային փոխադրում» տերմինը նշանակում է` ցանկացած փոխադրում Պայմանավորվող պետության ձեռնարկության կողմից շահագործվող նավով, օդանավով կամ ճանապարհային փոխադրամիջոցով` բացառությամբ այն դեպքերի, երբ նավը, օդանավը կամ ճանապարհային փոխադրամիջոցը շահագործվում են բացառապես մյուս Պայմանավորվող պետությունում գտնվող վայրերի միջև,
թ) «իրավասու մարմին» տերմինը նշանակում է.
i) Իսպանիայում` էկոնոմիկայի և ֆինանսների նախարար կամ նրա լիազորված ներկայացուցիչ,
ii) Հայաստանում` ֆինանսների և էկոնոմիկայի նախարար, հարկային պետական ծառայության պետ կամ նրանց լիազորված ներկայացուցիչներ,
ժ) «քաղաքացի» տերմինը նշանակում է.
i) Պայմանավորվող պետության քաղաքացիություն ունեցող ցանկացած ֆիզիկական անձ,
ii) ցանկացած իրավաբանական անձ, ընկերություն կամ միավորում, որոնք իրենց կարգավիճակը, որպես այդպիսին, ստացել են Պայմանավորվող պետությունում գործող օրենքների համաձայն,
ժա) «ձեռնարկատիրություն» տերմինը ներառում է մասնագիտական ծառայությունների և անկախ բնույթի այլ գործունեության իրականացումը:
2. Ինչ վերաբերում է Պայմանավորվող պետության կողմից ցանկացած պահի սույն Կոնվենցիայի կիրառմանը, դրանում չսահմանված ցանկացած տերմին, եթե համատեքստն այլ բան չի պահանջում, պետք է ունենա այն նշանակությունը, որն այդ պահին ունի տվյալ Պետության օրենքով այն հարկերի առնչությամբ, որոնց նկատմամբ կիրառվում է սույն Կոնվենցիան, ընդ որում` տվյալ Պետությունում կիրառելի հարկային օրենքներով սահմանված ցանկացած նշանակություն գերակայում է այդ Պետության այլ օրենքներով տվյալ տերմինին տրվող նշանակության նկատմամբ: