Հոդված 25
Հոդված 25
ՓՈԽՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ
1. Եթե անձը գտնում է, որ Պայմանավորվող պետություններից մեկի կամ երկուսի գործողությունները հանգեցնում են կամ կհանգեցնեն սույն Կոնվենցիայի դրույթներին չհամապատասխանող հարկման, ապա նա կարող է, այդ Պետությունների ներքին օրենքներով նախատեսված պաշտպանության միջոցներից անկախ, դիմում ներկայացնել այն Պայմանավորվող պետության իրավասու մարմնին, որի ռեզիդենտ է հանդիսանում, կամ, եթե գործը վերաբերում է սույն Կոնվենցիայի 24-րդ հոդվածի 1-ին կետին, այն Պայմանավորվող պետության իրավասու մարմնին, որի քաղաքացին է: Դիմումը պետք է ներկայացվի սույն Կոնվենցիայի դրույթներին չհամապատասխանող հարկման հանգեցնող գործողության մասին առաջին ծանուցման պահից երեք տարվա ընթացքում:
2. Եթե իրավասու մարմինը դիմում-բողոքը համարում է արդարացի, և եթե ինքն ի վիճակի չէ գտնելու գոհացուցիչ լուծում, ապա նա ձգտում է խնդիրը լուծել մյուս Պայմանավորվող պետության իրավասու մարմնի հետ փոխհամաձայնությամբ սույն Կոնվենցիային չհամապատասխանող հարկումը բացառելու նպատակով: Ձեռք բերված ցանկացած համաձայնություն պետք է կիրառվի` անկախ Պայմանավորվող պետությունների ներքին օրենքներում առկա որևէ ժամանակային սահմանափակումից:
3. Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները Կոնվենցիայի մեկնաբանման կամ կիրառման ընթացքում առաջացած ցանկացած դժվարություն կամ կասկած կձգտեն լուծել փոխհամաձայնությամբ: Նրանք կարող են նաև խորհրդակցել միմյանց հետ` Կոնվենցիայով չնախատեսված դեպքերում կրկնակի հարկումը բացառելու նպատակով:
4. Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները կարող են անմիջական կապ հաստատել միմյանց հետ` նախորդ կետերի մասով համաձայնության հասնելու նպատակով: Երբ համաձայնության հասնելու համար նպատակահարմար է կազմակերպել կարծիքների բանավոր փոխանակում, այդ փոխանակումը կարող է կատարվել Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինների ներկայացուցիչներից կազմված հանձնաժողովի միջոցով: