Հոդված 26
Հոդված 26
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ
1. Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները փոխանակում են այնպիսի տեղեկություններ, որոնք ենթադրաբար կարևոր են սույն Կոնվենցիայի դրույթների իրականացման կամ Պայմանավորվող պետությունների կամ նրանց քաղաքական ստորաբաժանումների կամ տեղական իշխանության մարմինների կողմից կիրառվող ցանկացած տեսակի և բնույթի հարկերի մասով ներպետական օրենքների կատարման կամ կիրարկման հետ այնքանով, որքանով դրանցով սահմանված հարկումը չի հակասում Կոնվենցիային: Տեղեկությունների փոխանակումը չի սահմանափակվում 1-ին և 2-րդ հոդվածներով:
2. Պայմանավորվող պետության կողմից 1-ին կետի համաձայն ստացված ցանկացած տեղեկություն համարվում է գաղտնի այնպես, ինչպես այդ Պետության ներպետական օրենքներով ստացված տեղեկությունը, և հրապարակվում է միայն այն անձանց կամ մարմիններին (ներառյալ դատարանները և վարչական մարմինները), որոնք առնչվում են 1-ին կետում նշված հարկերի գնահատմանը կամ հավաքմանը, դրանց հարկադիր գանձմանը կամ դրանց առնչությամբ դատական հետապնդմանը, բողոքարկումների քննարկմանը կամ վերոնշյալի վերահսկմանը: Այդ անձինք կամ մարմինները տեղեկություններն օգտագործում են միայն այդ նպատակների համար: Նրանք կարող են տեղեկությունները հրապարակել դռնբաց դատական նիստի ընթացքում կամ դատական որոշումների ժամանակ:
Չնայած վերոնշյալին` Պայմանավորվող պետության կողմից ստացված տեղեկությունը կարող է օգտագործվել այլ նպատակների համար, եթե այդ տեղեկությունը կարող է օգտագործվել նման այլ նպատակների համար դիմող Պետության օրենքներով, և տեղեկություն տրամադրող Պետության իրավասու մարմինը լիազորել է այդպիսի օգտագործումը:
3. 1-ին և 2-րդ կետերի դրույթները ոչ մի դեպքում չեն կարող մեկնաբանվել որպես Պայմանավորվող պետությանը պարտավորեցնող.
ա) իրականացնել այդ կամ մյուս Պայմանավորվող պետության օրենքներին և վարչական գործավարությանը հակասող վարչական միջոցառումներ,
բ) ներկայացնել տեղեկություն, որը չի կարելի ստանալ այդ կամ մյուս Պայմանավորվող պետության օրենքներով կամ սովորական վարչական գործավարության ընթացքում,
գ) ներկայացնել տեղեկություն, որը կհրապարակի որևէ առևտրային, ձեռնարկատիրական, արդյունաբերական կամ մասնագիտական գաղտնիք կամ առևտրային գործընթաց, կամ այնպիսի տեղեկություն, որի հրապարակումը կհակասի պետական քաղաքականությանը (հասարակական կարգին):
4. Եթե տեղեկությունը Պայմանավորվող պետության կողմից պահանջվում է սույն հոդվածին համապատասխան, մյուս Պայմանավորվող պետությունը օգտագործում է տեղեկություններ հավաքելու իր միջոցները պահանջվող տեղեկությունն ստանալու համար, եթե նույնիսկ այդ մյուս Պետությունը այդ տեղեկության կարիքը չունի հարկման սեփական նպատակների համար: Նախորդ նախադասության մեջ նշված պարտավորությունը ենթակա է 3-րդ կետի սահմանափակումներին, բայց ոչ մի դեպքում այդ սահմանափակումները չպետք է մեկնաբանվեն որպես Պայմանավորվող պետության կողմից տեղեկության տրամադրումը մերժելու իրավունք միայն այն պատճառով, որ նա չունի ներքին հետաքրքրություն այդ տեղեկության նկատմամբ:
5. 3-րդ կետի դրույթները ոչ մի դեպքում չեն մեկնաբանվում որպես Պայմանավորվող պետության կողմից տեղեկության տրամադրումը մերժելու իրավունք միայն այն պատճառով, որ տեղեկությունը տնօրինվում է բանկի, ֆինանսական այլ հաստատության, հավատարմագրված անձի կամ գործակալությունում աշխատող անձի կամ վստահված անձի կողմից կամ վերաբերում է անձի սեփականատիրական շահերին: