Հոդված 23
Հոդված 23
ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿՄԱՆ ԲԱՑԱՌՈՒՄԸ
1. Իսպանիայում կրկնակի հարկումը բացառվում է կամ իր ներպետական օրենսդրության դրույթների համաձայն, կամ Իսպանիայի ներպետական օրենսդրությանը համապատասխան` հետևյալ դրույթներով.
ա) եթե Իսպանիայի ռեզիդենտը եկամուտ է ստանում կամ գույքի տարրեր է տնօրինում, որոնք, սույն Կոնվենցիայի դրույթներին համապատասխան, կարող են հարկվել Հայաստանում, ապա Իսպանիան թույլ է տալիս.
i) այդ ռեզիդենտի եկամտահարկի նվազեցում Հայաստանում վճարվող եկամտահարկին հավասար գումարի չափով,
ii) այդ ռեզիդենտի գույքահարկի նվազեցում գույքի միևնույն տարրերի համար Հայաստանում վճարվող հարկին հավասար գումարի չափով,
iii) հիմնական շահութահարկի նվազեցում` Իսպանիայի ներպետական օրենսդրության համաձայն:
Այնուամենայնիվ, այդպիսի նվազեցումը չպետք է գերազանցի մինչև նվազեցումը հաշվարկված եկամտահարկի կամ գույքի հարկի այն մասը, որը, ըստ անհրաժեշտության, վերագրելի է այն եկամտին կամ գույքի միևնույն տարրերին, որոնք կարող են հարկվել Հայաստանում:
բ) Եթե, սույն Կոնվենցիայի ցանկացած դրույթին համապատասխան, Իսպանիայի ռեզիդենտի ստացած եկամուտը կամ տնօրինած գույքն Իսպանիայում ազատված է հարկումից, ապա Իսպանիան, այնուամենայնիվ, այդ ռեզիդենտի եկամտից կամ գույքի մնացած մասից գանձվող հարկի գումարը հաշվարկելիս կարող է հաշվի առնել հարկումից ազատված եկամուտը կամ գույքը:
2. Հայաստանում կրկնակի հարկումը բացառվում է հետևյալ կերպով.
ա) եթե Հայաստանի ռեզիդենտը եկամուտ է ստանում կամ գույք է տնօրինում, որոնք, սույն Կոնվենցիայի դրույթներին համապատասխան, կարող են հարկվել Իսպանիայում, ապա Հայաստանը թույլ է տալիս.
i) այդ ռեզիդենտի եկամտահարկի նվազեցում Իսպանիայում վճարվող եկամտահարկին հավասար գումարի չափով,
ii) այդ ռեզիդենտի գույքահարկի նվազեցում Իսպանիայում վճարվող գույքահարկին հավասար գումարի չափով:
Այնուամենայնիվ, այդպիսի նվազեցումը յուրաքանչյուր դեպքում չպետք է գերազանցի մինչև նվազեցումը հաշվարկված եկամտահարկի կամ գույքի հարկի այն մասը, որը, ըստ անհրաժեշտության, վերագրելի է այն եկամտին կամ գույքին, որը կարող է հարկվել Իսպանիայում:
բ) Եթե, սույն Կոնվենցիայի ցանկացած դրույթի համաձայն, Հայաստանի ռեզիդենտի ստացած եկամուտը կամ տնօրինած գույքը Հայաստանում ազատված է հարկումից, ապա Հայաստանը, այնուամենայնիվ, այդպիսի ռեզիդենտի եկամտի կամ գույքի մնացած մասի հարկի գումարը հաշվարկելիս կարող է հաշվի առնել հարկումից ազատված եկամուտը կամ գույքը:
3. Իսպանիայում հաշվանցման թույլատրման նպատակներով Հայաստանում վճարված հարկը ներառում է այն հարկը, որն այլ դեպքերում ենթակա է վճարման Հայաստանում, սակայն Հայաստանի կողմից նվազեցվել կամ չեղյալ է հայտարարվել 1997 թվականի սեպտեմբերի 30-ի` «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածի դրույթների համաձայն (Օտարերկրյա ներդրումներով ռեզիդենտի արտոնությունները): Այս կետի դրույթները կիրառվում են սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու օրվանից 5 տարվա ընթացքում: