Հոդված 7
Հոդված 7
ՇԱՀՈՒՅԹ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԻՑ
1. Պայմանավորվող պետության ձեռնարկության շահույթը ենթակա է հարկման միայն այդ Պետությունում, եթե ձեռնարկությունն իր գործունեությունը չի իրականացնում մյուս Պայմանավորվող պետությունում այնտեղ գտնվող մշտական հաստատության միջոցով: Եթե ձեռնարկությունն իր գործունեությունն իրականացնում է վերոնշյալ կերպով, ապա այդ ձեռնարկության շահույթը կարող է հարկվել մյուս Պետությունում միայն այն չափով, որը վերագրելի է տվյալ մշտական հաստատությանը:
2. 3-րդ կետի դրույթների համաձայն, եթե Պայմանավորվող պետության ձեռնարկությունը գործունեություն է իրականացնում մյուս Պայմանավորվող պետությունում այնտեղ գտնվող մշտական հաստատության միջոցով, ապա Պայմանավորվող պետություններից յուրաքանչյուրում այդ մշտական հաստատությանն է վերագրվում այն շահույթը, որը նա կարող էր ստանալ, եթե լիներ նույնպիսի կամ համանման պայմաններում գործող, նույնպիսի կամ համանման գործունեություն իրականացնող ինքնուրույն և առանձին ձեռնարկություն և գործեր լիովին անկախ այն ձեռնարկությունից, որի մշտական հաստատությունն է հանդիսանում:
3. Մշտական հաստատության շահույթը որոշելիս թույլատրվում է մշտական հաստատության գործունեության նպատակներով կատարած ծախսերի, այդ թվում` կառավարչական և ընդհանուր վարչական ծախսերի նվազեցում` անկախ այն հանգամանքից` դրանք կատարվել են այն Պետությունում, որտեղ գտնվում է մշտական հաստատությունը, թե այլ վայրում:
4. Եթե Պայմանավորվող պետությունում ընդունված է մշտական հաստատությանը վերագրվող շահույթը որոշել ձեռնարկության տարբեր մասերի միջև ձեռնարկության ընդհանուր շահույթի համամասնական բաշխման հիման վրա, ապա 2-րդ կետի դրույթներն այդ Պայմանավորվող պետությանը չեն խոչընդոտում հարկման ենթակա շահույթը որոշել բաշխման այդպիսի ընդունված եղանակով. այնուամենայնիվ, բաշխման ընդունված եղանակը պետք է լինի այնպիսին, որ արդյունքը համապատասխանի սույն հոդվածի սկզբունքներին:
5. Մշտական հաստատությանը շահույթ չի վերագրվում միայն այն պատճառով, որ այդ մշտական հաստատությունը ձեռնարկության համար ապրանքներ կամ արտադրանք է գնում:
6. Նախորդ կետերի նպատակների համար` մշտական հաստատությանը վերագրվող շահույթն ամեն տարի որոշվում է նույն եղանակով, եթե չկա այն փոխելու հիմնավոր ու բավարար պատճառ:
7. Եթե շահույթը ներառում է եկամտի այնպիսի տարրեր, որոնց մասին առանձին նշվում է սույն Կոնվենցիայի այլ հոդվածներում, ապա սույն հոդվածի դրույթները չեն ազդում այդ հոդվածների դրույթների վրա: