Հոդված 5
Հոդված 5
ՄՇՏԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆԸ
1. Սույն Համաձայնագրի նպատակներով «մշտական հաստատություն» տերմինը նշանակում է` գործունեության ֆիքսված վայր, որի միջոցով ամբողջությամբ կամ մասամբ իրականացվում է ձեռնարկության ձեռնարկատիրական գործունեությունը:
2. «Մշտական հաստատություն» տերմինը մասնավորապես ներառում է.
ա) կառավարման վայրը,
բ) մասնաճյուղը,
գ) գրասենյակը,
դ) գործարանը,
ե) արհեստանոցը և
զ) հանքահորը, նավթի կամ գազի հորատանցքը, քարհանքը կամ բնական պաշարների հետազոտման կամ արդյունահանման ցանկացած այլ վայրը:
3. ա) Շինարարական հրապարակը կամ կառուցման, մոնտաժային կամ հավաքման օբյեկտը կամ դրանց հետ կապված վերահսկողական գործունեությունը կազմում է մշտական հաստատություն, եթե այդպիսի հրապարակը,
օբյեկտը կամ գործունեությունը շարունակվում է 6 ամսից ավելի ժամանակահատվածով:
բ) Պայմանավորվող պետության ձեռնարկության կողմից ծառայությունների մատուցումը, ներառյալ խորհրդատվական կամ կառավարման ծառայությունները, այդ նպատակով ձեռնարկության կողմից ընդգրկված վարձու աշխատողների կամ այլ անձնակազմի միջոցով մյուս պետությունում կազմում է մշտական հաստատություն, եթե այդ բնույթի գործունեությունը ցանկացած տասներկուամսյա ժամկետում շարունակվում է ընդհանուր առմամբ 3 ամիսը գերազանցող ժամանակահատվածով կամ ժամանակահատվածներով:
4. Անկախ սույն հոդվածի նախորդ դրույթներից` «մշտական հաստատություն» տերմինը չի ներառում`
ա) շինությունների օգտագործումը ձեռնարկությանը պատկանող ապրանքների կամ արտադրանքի բացառապես պահեստավորման, ցուցադրման կամ առաքման նպատակով.
բ) ձեռնարկությանը պատկանող ապրանքների կամ արտադրանքի պաշարների պահպանումը բացառապես պահեստավորման, ցուցադրման կամ առաքման նպատակով.
գ) ձեռնարկությանը պատկանող ապրանքների կամ արտադրանքի պաշարների պահպանումը բացառապես այլ ձեռնարկության կողմից մշակման նպատակով.
դ) գործունեության մշտական վայրի պահպանումը` ձեռնարկության համար ապրանքների կամ արտադրանքի բացառապես գնման կամ տեղեկատվություն հավաքելու նպատակով.
ե) գործունեության մշտական վայրի պահպանումը` ձեռնարկության համար բացառապես նախապատրաստական կամ օժանդակ բնույթի որևէ այլ գործունեություն իրականացնելու նպատակով.
զ) գործունեության մշտական վայրի պահպանումը բացառապես «ա»-«ե» ենթապարբերություններում նշված գործունեության տեսակների ցանկացած համակցության համար` պայմանով, որ այդ համակցության արդյունքում գործունեության մշտական վայրի ամբողջական գործունեությունը նախապատրաստական կամ օժանդակ բնույթի է:
5. Անկախ 1-ին և 2-րդ պարբերությունների դրույթներից` եթե անձը, որը չի հանդիսանում անկախ կարգավիճակով գործակալ, որի նկատմամբ կիրառվում է 6-րդ պարբերությունը, գործում է ձեռնարկության անունից և ունի ու սովորաբար օգտագործում է Պայմանավորվող պետությունում ձեռնարկության անունից պայմանագրեր կնքելու իրավասություն, ապա այդ ձեռնարկությունը համարվում է մշտական հաստատություն ունեցող այդ Պետությունում այդ անձի կողմից տվյալ ձեռնարկության համար իրականացվող ցանկացած գործունեության մասով` բացառությամբ, երբ այդպիսի անձի գործունեությունը սահմանափակվում է 4-րդ պարբերությունում նշվածով, որը եթե անգամ իրականացվում է գործունեության մշտական վայրի միջոցով, այդ պարբերության դրույթների համաձայն` այդ գործունեության մշտական վայրը չի վերածում մշտական հաստատության:
6. Ձեռնարկությունը չի համարվում Պայմանավորվող պետությունում մշտական հաստատություն ունեցող միայն այն պատճառով, որ նա ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում այդ Պետությունում բրոքերի, առևտրային գործակալի կամ անկախ կարգավիճակ ունեցող ցանկացած այլ գործակալի միջոցով` պայմանով, որ այդպիսի անձինք գործում են իրենց սովորական ձեռնարկատիրական գործունեության շրջանակներում: Սակայն երբ նման գործակալի գործունեությունը լիովին կամ գրեթե լիովին իրականացվում է այդ ձեռնարկության և այլ ձեռնարկությունների հանձնարարությամբ, որոնք վերահսկվում են այդ ձեռնարկության կողմից կամ վերահսկողական շահեր ունեն դրանում, նա, այս պարբերության իմաստով, չի դիտարկվում որպես անկախ կարգավիճակով գործակալ:
7. Այն փաստը, որ Պայմանավորվող պետության ռեզիդենտ ընկերությունը վերահսկում է մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտ ընկերությանը կամ վերահսկվում է նրա կողմից կամ ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում այդ մյուս Պետությունում (մշտական հաստատության միջոցով կամ այլ կերպով), այդ ընկերություններից որևէ մեկին ինքնին չի դարձնում մյուսի մշտական հաստատությունը: