Հոդված 10. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց տնային ուսուցումը
Հոդված 10. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց տնային ուսուցումը
1. Առողջական վիճակի պատճառով ուսումնական հաստատություններ ժամանակավորապես կամ մշտապես հաճախել չկարողացող կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց համար կազմակերպվում է տնային ուսուցում՝ համաձայն կրթության պետական կառավարման լիազոր մարմնի սահմանած կարգի։
Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց տնային ուսուցման իրավունք վերապահող հիվանդությունների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
2. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց տնային ուսուցումն իրականացնում է սույն հոդվածի 1-ին մասում նշված անձանց մշտական ուսումնառության վայրի ուսումնական հաստատության կամ այդ անձանց բնակության վայրին առավել մոտ գտնվող պետական, հավատարմագրված համապատասխան ուսումնական հաստատության, ինչպես նաև անհատական մասնագիտական ուսուցում իրականացնող և համապատասխան լիցենզիա ունեցող վարպետը։
3. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց տնային ուսուցումը կազմակերպվում է կրթության պետական կառավարման լիազոր մարմնի, ուսումնական հաստատության, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձի և (կամ) նրա ծնողների (օրինական ներկայացուցիչների) միջև պայմանագրի հիման վրա: Տնային ուսուցման պայմանագրի տիպային ձևը հաստատում է կրթության պետական կառավարման լիազոր մարմինը: