Հոդված 108. Երաշխիքը
Հոդված 108. Երաշխիքը
(վերնագիրը փոփ. 16.05.16 ՀՕ-81-Ն)
1. Մաքսատուրքի, հարկերի վճարման ապահովման նպատակով մաքսային մարմինները կարող են ընդունել երաշխիքներ, որոնք տրամադրում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզավորված բանկերը, վարկային կազմակերպությունները կամ ապահովագրական ընկերությունները:
2. Երաշխիքի տրամադրման, դրան ներկայացվող պահանջների, երաշխիք տված անձի պարտավորությունների և երաշխիքի դադարեցման հետ կապված իրավահարաբերությունները սույն օրենքով նախատեսված կարգավորումներից տարբերվող մասով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության բանկային օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով:
3. Հայտարարատուն կամ նրա լիազորած անձը ապահովում է սույն օրենքի նպատակով տրամադրվող երաշխիքի անհետկանչելիությունը: Երաշխիքում պետք է նշվեն՝
1) մաքսատուրք, հարկեր վճարողի (պրինցիպալ) պարտավորությունները, որոնց պատշաճ կատարումն ապահովվում է երաշխիքով.
2) երաշխիքով ապահովված մաքսատուրք, հարկեր վճարողի պարտավորությունները չկատարվելու դեպքում մաքսային մարմնի՝ երաշխիք տված անձից երաշխիքով տրված գումարից մաքսատուրքի, հարկերի գումարի դուրսգրման անվիճելի իրավունքը.
3) մաքսատուրքի, հարկերի վճարումը ուշացնելու դեպքում յուրաքանչյուր օրացուցային օրվա համար չվճարված գումարի 0.15 տոկոսի չափով տույժ վճարելու՝ երաշխիք տված անձի պարտավորությունը.
4) պայման՝ պետական գանձապետարանի հաշվին և (կամ) Միության անդամ պետությունների միջազգային պայմանագրով որոշված հաշվին երաշխիքով երաշխիք տված անձի պարտավորությունների կատարման համար դրամական միջոցների առկայության փաստը.
5) երաշխիքի գործողության ժամկետը.
6) համապատասխան գործունեությամբ զբաղվելու լիցենզիայի համարը:
4. Տրամադրված երաշխիքի գործողության ժամկետը չի կարող գերազանցել 36 ամիսը և պետք է բավարար լինի երաշխիքով ապահովված պարտավորությունները չկատարելու դեպքում մաքսային մարմնի կողմից երաշխիք տված անձին երաշխիքի մասով պահանջ ներկայացնելու համար:
5. Երաշխիքը մաքսային մարմին ներկայացնելու պահին պետք է ուժի մեջ մտած լինի:
6. (մասն ուժը կորցրել է 16.05.16 ՀՕ-81-Ն)
7. Մաքսային մարմինն ուսումնասիրում է երաշխիքն այն ստանալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, այն ընդունելու կամ մերժելու նպատակով։
8. Երաշխիքն ընդունելու դեպքում մաքսային մարմինը մաքսատուրք, հարկեր վճարողին տրամադրում է վճարման անդորրագիր:
9. Երաշխիքի ընդունումը մերժվում է, եթե՝
1) երաշխիքը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված չափանիշներին.
2) երաշխիքով ապահովվող մաքսատուրքի, հարկերի ընդհանուր գումարը չի բավարարում հայտարարատուի կողմից վճարման ենթակա մաքսատուրքի, հարկերի գումարի վճարման համար.
3) երաշխիքի ժամկետը պակաս է հայտարարատուի կողմից մաքսատուրքի, հարկերի գծով պարտավորությունների կատարման ժամկետից.
4) երաշխիքը տրամադրած բանկի, վարկային կազմակերպության կամ ապահովագրական կազմակերպության՝ օրենքով սահմանված` բանկային գործունեությամբ զբաղվելու լիցենզիան բացակայում է.
5) մերժման որոշումը կայացվել է օրենքով մաքսային մարմիններին վերապահված հայեցողական լիազորությունների իրականացման շրջանակներում:
10. Երաշխիքի ընդունումը մերժելու դեպքում մաքսային մարմինը սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված ժամկետում տեղեկացնում է դրա մասին երաշխիք ներկայացրած անձին՝ նշելով մերժման համար հիմք համարվող պատճառները:
11. Երաշխիքը մաքսային մարմինը վերադարձնում է մաքսատուրք, հարկեր վճարողի գրավոր դիմումի հիման վրա, եթե կատարվել և (կամ) դադարեցվել են երաշխիքով ապահովված պարտավորությունները, կամ պարտավորություն չի առաջացել:
12. Բանկի, վարկային կազմակերպության կամ ապահովագրական կազմակերպության ապահովագրական գործունեության իրավունքի լիցենզիայի գործողությունը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից դադարեցվելու դեպքում այդ բանկի, վարկային կազմակերպության կամ ապահովագրական ընկերության երաշխիք ներկայացրած մաքսատուրք, հարկեր վճարողը պարտավոր է լիցենզիայի դադարեցման օրվանից մաքսային մարմին ներկայացնել մաքսատուրքի, հարկերի վճարման ապահովում` համապատասխան գործունեության իրավունքի լիցենզիա ունեցող կազմակերպությունից: Սույն մասով սահմանված ժամկետում երաշխիք կամ մաքսատուրքի, հարկերի վճարման ապահովման այլ միջոց չներկայացվելու դեպքում անձի կողմից մաքսատուրքի, հարկերի վճարման ժամկետը չի կարող երկարաձգվել:
(108-րդ հոդվածը փոփ., լրաց., խմբ. 16.05.16 ՀՕ-81-Ն)