Հոդված 203. Մաքսային տարածքից դուրս ապրանքների վերամշակման թույլտվությունն անվավեր համարելը
Հոդված 203. Մաքսային տարածքից դուրս ապրանքների վերամշակման թույլտվությունն անվավեր համարելը
1. Մաքսային տարածքից դուրս ապրանքների վերամշակման թույլտվությունը կարող է անվավեր համարել մաքսային մարմինը, եթե բացահայտվում է, որ՝
1) այն ստանալու համար տրամադրվել են ակնհայտ կեղծ տեղեկություններ ապրանքների, վերամշակման արդյունքների, մնացորդների և թափոնների չափաքանակների վերաբերյալ, որը հանգեցրել է մաքսային վճարների գումարի նվազեցման.
2) չեն պահպանվել «Վերամշակում` մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգի համար օրենքով և Միության մաքսային օրենսդրությամբ սահմանված պայմանները և պահանջները։
2. Մաքսային տարածքից դուրս ապրանքների վերամշակման թույլտվությունը անվավեր համարելու մասին մաքսային մարմնի որոշումն ուժի մեջ է մտնում մաքսային տարածքից դուրս ապրանքների վերամշակման թույլտվության տրամադրման օրվանից։
3. Մաքսային տարածքից դուրս ապրանքների վերամշակման թույլտվությունն անվավեր համարելու մասին մաքսային մարմնի որոշումն ստանալուց հետո՝ տասն օրվա ընթացքում՝
1) «Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգով բաց թողնված՝ Միության ապրանքների համար ենթակա են վճարման օրենքով սահմանված արտահանման մաքսատուրքերը՝ Միության մաքսային օրենսգրքի 263-րդ հոդվածին համապատասխան.
2) վերամշակման արդյունքների ներմուծման դեպքում ենթակա են վճարման ներմուծման մաքսատուրքերը և հարկերը՝ Միության մաքսային օրենսգրքի 262-րդ հոդվածին համապատասխան:
4. Մաքսային տարածքից դուրս ապրանքների վերամշակման թույլտվությունն անվավեր համարելու ձևը և կարգը սահմանում է վերադաս մաքսային մարմինը։
(203-րդ հոդվածը խմբ. 16.05.16 ՀՕ-81-Ն)