Անցնել բովանդակությանը

Հոդված 17.1

գործել է մինչև 2022-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 17.1.

Համաձայն «Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին» Հաագայի կոնվենցիայի 30-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի «Պայմանավորվող պետությունների իրավասու մարմիններն ապահովում են, որ պահպանվի երեխայի ծագման վերաբերյալ իրենց ունեցած տեղեկատվությունը, մասնավորապես` նրա ծնողների ինքնությանը վերաբերող տեղեկատվույթունը, ինչպես նաև բժշկական քարտը: Նրանք ապահովում են, որ նման տեղեկատվությունը համապատասխան հսկողության ներքո մատչելի լինի երեխայի կամ նրա օրինական ներկայացուցիչների համար, որքանով դա թույլատրված է նման պետության օրենքով»:

Որդեգրման գաղտնիությունը սահմանված է ՀՀ ընտանեկան օրենսգրքի 128-րդ հոդվածով` «Երեխայի որդեգրման գաղտնիքը պահպանվում է օրենքով: Երեխայի որդեգրման մասին վճիռ կայացրած դատավորները կամ որդեգրման պետական գրանցում իրականացնող քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմնի ղեկավարը և աշխատողները, ինչպես նաև որդեգրման մասին տեղյակ այլ անձինք պարտավոր են պահպանել երեխայի որդեգրման գաղտնիքը: Սույն հոդվածում նշված անձինք, որոնք հրապարակում են երեխայի որդեգրման գաղտնիքը նրա որդեգրողների կամքին հակառակ, պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով»:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1216 հոդվածի համաձայն` առաջին հերթի ժառանգներն են ժառանգատուի երեխաները, ամուսինը և ծնողները:

Հանրապետությունում ծնունդների գրանցման և հաշվառումից դուրս մնացած երեխաների գրանցման, մանկական մահացության գրանցման հետ կապված խնդիրների վերհանման և իրավական դաշտը կարգավորվորելու նպատակով 2010 թվականին ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ` նշված ոլորտում ստեղծելու և ներդնելու մեխանիզմներ, որպեսզի հնարավորինս կանխվեին երեխաների ծնունդները չգրանցելու դեպքերը և հայտնաբերվեին ծննդյան գրանցում չունեցող երեխաներն ու չափահաս անձինք և վերջիններս ապահովվեին համապատասխան փաստաթղթերով, ինչպես նաև հնարավորինս բացառվեին մանկական մահացության չգրանցված դեպքերը:

Համաձայն ներդրված նոր մեխանիզմների ներկայում համայնքում երեխայի ծննդյան փաստի օրենքով սահմանված կարգով չգրանցման, ինչպես նաև երեխայի մահացության դեպքերի բացահայտումը և իրազեկումը դարձել է խնամակալության և հոգաբարձության մարմինների, իսկ ծննդյան վկայական չունեցող երեխայի ծննդյան վկայականի ձեռքբերմանն աջակցումը մարզպետարանների /Երևանի քաղաքապետարանի/ աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինների կանոնադրական գործառույթ:

Համաձայն ՀՀ ընտանեկան օրենսգրքի 59 հոդվածի ծնողները կամ նրանցից մեկը կարող են զրկվել ծնողական իրավունքներից, եթե նրանք՝

ա) չարամտորեն խուսափում են ծնողական պարտականությունները կատարելուց, ընդ որում՝ ալիմենտ վճարելուց.

բ) առանց հարգելի պատճառների հրաժարվում են վերցնել իրենց երեխային ծննդատնից կամ բժշկական այլ կազմակերպությունից, ինչպես նաև դաստիարակչական, ազգաբնակչության սոցիալական պաշտպանության կամ նմանատիպ այլ կազմակերպություններից.

գ) չարաշահում են իրենց ծնողական իրավունքները, ընդ որում՝ իրենց հակաբարոյական վարքագծով վնասակար ազդեցություն են գործում երեխաների վրա.

դ) դաժանաբար են վարվում երեխաների հետ, ընդ որում՝ ֆիզիկական կամ հոգեկան բռնություն են գործադրում նրանց նկատմամբ, ոտնձգում են նրանց սեռական անձեռնմխելիությունը.

ե) տառապում են քրոնիկ ալկոհոլամոլությամբ կամ թմրամոլությամբ, թունամոլությամբ.

զ) կատարել են իրենց երեխաների դեմ դիտավորյալ հանցագործություն։

ՀՀ ընտանեկան օրենսգրքով սահմանում է նաև ծնողական իրավունքների վերականգնելու դրույթը: Համաձայն 62 հոդվածի`

1. Ծնողական իրավունքները կարող են վերականգնվել, եթե ծնողները կամ նրանցից մեկը փոխել են իրենց վարքագիծը, կենսաձևը և (կամ) երեխայի դաստիարակության նկատմամբ վերաբերմունքը։

2. Ծնողական իրավունքները վերականգնվում են դատական կարգով՝ ծնողական իրավունքներից զրկված ծնողի դիմումի հիման վրա։ Ծնողական իրավունքների վերականգնման մասին գործերը քննվում են խնամակալության և հոգաբարձության մարմնի պարտադիր մասնակցությամբ։

Դատարանը, հաշվի առնելով տասը տարին լրացած երեխայի կարծիքը, իրավունք ունի մերժելու ծնողական իրավունքների վերականգնման հայցը, եթե ծնողական իրավունքների վերականգնումը հակասում է երեխայի շահերին:

Ծնողական իրավունքների վերականգնում չի թույլատրվում, եթե երեխան որդեգրված է, և որդեգրումը սահմանված կարգով չի վերացվել:

Հայաստանի Հանրապետության կառավարության որդեգրած քաղաքականության հիմնական գաղափարախոսությունը երեխայի խնամքն ու դասիարակությունն ընտանիքում ապահովելն է` մանկատներում և երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություններում երեխաների թվի նվազեցման և այդ հաստատություններ երեխաների հոսքի կանխարգելման միջոցով:

Երեխաների կենսաբանական ընտանիք վերադարձնելու և խնամատար ընտանիք տեղավորելու նպատակով 2006 թվականից Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներով իրականացվում են «Հայաստանի Հանրապետության երեխաների շուրջօրյա խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում խնամվող երեխաներին ընտանիքներ վերադարձնելու ծառայություններ (բեռնաթափում և կանխարգելում) ծրագիրը և 2008 թվականից «Խնամատար ընտանիքի ինստիտուտի ներդրման» ծրագիրը։

Երեխաների ոլորտում իրականացվող սոցիալական բարեփոխումների քաղաքականության շրջանակներում յուրաքանչյուր տարի հաստատություններից կենսաբանական ընտանիք է վերադառնում 50 երեխա, իսկ 50 երեխայի մուտքը հաստատություն` կանխարգելվում է:

2014թ. նոյեմբերի 13-ի N 1273-Ն որոշմամբ փոփոխություններ է կատարվել Հայաստանի Հանրապետությունում երեխայի իրավունքների պաշտպանության 2013-2016 թվականների ռազմավարական ծրագրում, որի հիմնական նպատակն է հանրապետությունում ստեղծել առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին խնամքի ու պաշտպանության այլընտրանքային ծառայություններ մատուցող տարաբնույթ հաստատություններ, նվազեցնել երեխաների խնամքի ու պաշտպանության կենտրոնացված մեծ հաստատություններում հայտնված երեխաների թիվը:

2014 թվականի դրությամբ պետական մանկատներում խնամվում է 730, իսկ բարեգործական մանկատներում` 143 երեխա: 2009 թվականից մինչ այժմ իրականացվող բարեփոխումների արդյունքում պետական և բարեգործական մանկատներում երեխաների թիվը կրճատվել է 117-ով, կրճատվել է նաև երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություններում խնամվող երեխաների թիվը:

Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի հետ ՀՀ օրենսդրության համապատասխանությունն ապահովելու նպատակով, ինչպես նաև ելնելով երեխայի շահերի պաշտպանության առաջնահերթությունից, ՀՀ ընտանեկան օրենսգրքում նախատեսվել է դրույթ՝ երեխայի հանդեպ ծեծը, որպես դաստիարակության միջոց բացառելու վերաբերյալ:

Մշակվել և սահմանված կարգով շահագրգիռ կազմակերպությունների կարծիքին է ներկայացել նաև «Երեխայի հանդեպ բռնության, երեխայի անտեսման, կանխարգելման հայեցակարգը և հայեցակարգից բխող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման նախագիծը:

Միաժամանակ, ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծով, որն արդեն իսկ ներկայացվել է ՀՀ Ազգային Ժողով, նախատեսվում է, որ անչափահաս մեղադրյալի նկատմամբ կալանքը` որպես խափանման միջոց կարող է կիրառվել միայն ծանր կամ առանձնապես ծանր հանցանքի դեպքում` որպես ծայրահեղ միջոց և ամենակարճ ժամանակահատվածի համար: Նշյալ հարցը կարգավորված է նախագծի Հոդված 421-ով` համաձայն որի,

1. Անչափահասի ազատության սահմանափակման մասին ցանկացած որոշում պետք է ընդունվի վարույթի բոլոր հանգամանքների մանրամասն քննարկումից հետո՝ սահմանափակումը հնարավորինս նվազագույնի հասցնելու նպատակով:

2. Անչափահասի ձերբակալման, կալանավորման կամ կալանքի ժամկետը երկարացնելու մասին անհապաղ տեղեկացվում է նրա օրինական ներկայացուցիչը:

3. Հանցանք կատարած լինելու` անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով ձերբակալված անչափահասի նկատմամբ կալանք, տնային կալանք կամ վարչական հսկողություն կիրառելու անհրաժեշտության դեպքում նա պետք է դատարան ներկայացվի ձերբակալման պահից 48 ժամվա ընթացքում: Եթե ձերբակալված անչափահասը դատարան ներկայացնելու պահից 12 ժամվա ընթացքում դատարանի որոշմամբ չի կալանավորվում, ապա նա անհապաղ ազատ է արձակվում:

4. Անչափահաս մեղադրյալի նկատմամբ կալանք կիրառելու հարցը լուծելիս,յուրաքանչյուր դեպքում պետք է քննարկվի նրան դաստիարակչական հսկողության հանձնելու հնարավորությունը՝ սույն օրենսգրքի 129-րդ հոդվածով սահմանված կարգով:

5. Ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանքի կատարման մեջ մեղադրվող անչափահասի նկատմամբ կալանք կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ նա խախտել է իր նկատմամբ կիրառված այլընտրանքային խափանման միջոցի պայմանները: Ամեն դեպքում, անչափահաս մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կարող է կիրառվել որպես ծայրահեղ միջոց և ամենակարճ ժամանակահատվածի համար:

6. Մինդատական վարույթում անչափահասի նկատմամբ կիրառված կալանքի կամ տնային կալանքի տևողությունը յուրաքանչյուր դեպքում չի կարող գերազանցել մեկ ամիսը: Մինդատական վարույթում անչափահասի նկատմամբ կիրառված կալանքի ընդհանուր տևողությունը չի կարող գերազանցել`

1) երկու ամիսը` ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործության համար մեղադրվելու դեպքում.

2) վեց ամիսը` ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար մեղադրվելու դեպքում:

7. Առանձնապես ծանր հանցագործության համար մեղադրվող անչափահասի նկատմամբ կիրառվող կալանքը բացառիկ դեպքերում կարող է երկարացվել ևս առավելագույնը երկու ամսով:

8. Անչափահասին ազատ արձակելու վերաբերյալ յուրաքանչյուր իրավաչափ միջնորդություն վարույթն իրականացնող մարմնի կողմից պետք է քննարկվի և լուծվի անհապաղ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։