Անցնել բովանդակությանը

Հոդված 7.7

գործել է մինչև 2022-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 7.7.

2010 թվականի հունիսի 24-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ N ՀՕ-117-Ն օրենքով խմբագրվել է Օրենսգրքի 209-րդ հոդվածի 3-րդ մասը, մասնավորապես սահմանվում է, որ մինչև տասնութ տարեկան աշխատողին արգելվում է միայնակ ուղարկել գործուղման:

ՀՕ-117-Ն օրենքով փոփոխություն է կատարվել նաև Օրենսգրքի 156-րդ հոդվածի 2-րդ մասում, որտեղից հանվել է մինչև տասնութ տարեկան աշխատողներին ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերին իրենց համաձայնությամբ աշխատանքի ներգրավվելու մասին դրույթը:

Օրենքով Օրենսգրքի 17-րդ հոդվածի 3-րդ մասում ներառվել է պահանջ այն մասին, որ տասնչորսից մինչև տասնութ տարեկան անձինք չեն կարող ընդգրկվել աշխատանքի հանգստյան, ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերին, բացառությամբ մարզական և մշակութային միջոցառումներին մասնակցելու դեպքերի:

ՀՕ-117-Ն օրենքով փոփոխություններ են կատարվել Օրենսգրքի 158-րդ, 159-րդ, 164-րդ, 167-րդ, 169-րդ հոդվածներում:

Օրենսգրքի 158-րդ հոդվածի համաձայն՝ ամենամյա արձակուրդն աշխատանքային օրերով հաշվարկվող ժամանակահատված է, որը տրամադրվում է աշխատողին հանգստանալու և աշխատունակությունը վերականգնելու համար: Այդ ընթացքում պահպանվում է նրա աշխատատեղը (պաշտոնը) և վճարվում է միջին աշխատավարձը:

Ամենամյա արձակուրդը լինում է նվազագույն, երկարացված և լրացուցիչ:

Օրենսգրքի 159-րդ հոդվածի համաձայն՝ ամենամյա նվազագույն արձակուրդի տևողությունը հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում 20 աշխատանքային օր է, իսկ վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում` 24 աշխատանքային օր: Ոչ լրիվ աշխատաժամանակի պայմաններով աշխատողների ամենամյա արձակուրդը չի կրճատվում:

Կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրով կամ գործատուի իրավական ակտով կարող են սահմանվել ավելի երկար տևողությամբ արձակուրդներ, բացառությամբ պետական և համայնքային բյուջեից ֆինանսավորվող կազմակերպությունների, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի:

Օրենսգրքի 164-րդ հոդվածով սահմանված է, որ յուրաքանչյուր աշխատանքային տարվա համար ամենամյա արձակուրդը տրամադրվում է տվյալ տարում:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 169-րդ հոդվածի համաձայն՝ ամենամյա արձակուրդի համար աշխատողին վճարվում է միջին աշխատավարձ:

Օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասում կատարվել է հետևյալ լրացումը, որի համաձայն՝ կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրով կամ գործատուի իրավական ակտով ամենամյա արձակուրդի համար կարող են սահմանվել ավելի մեծ վճարումներ, քան սահմանված է սույն օրենսգրքով, բացառությամբ պետական և համայնքային բյուջեից ֆինանսավորվող կազմակերպությունների, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի:

Օրենսգրքի 169-րդ հոդվածը լրացվել է նոր 3-րդ մասով, որը սահմանում է, որ ամենամյա արձակուրդից հետ կանչված և աշխատանքի ներգրավված աշխատողին վճարվում է աշխատավարձ` անկախ ամենամյա արձակուրդի համար վճարումը կատարած լինելու հանգամանքից: Վճարված, սակայն չօգտագործված ամենամյա արձակուրդի օրերը հետագայում օգտագործելու դեպքում այս օրերի համար գործատուն վճարում է սույն օրենսգրքով սահմանված կարգով միջին աշխատավարձ:

Օրենսգրքի 167-րդ հոդվածով սահմանվում է, որ ամենամյա արձակուրդի տեղափոխումը թույլատրվում է միայն աշխատողի միջնորդությամբ կամ համաձայնությամբ: Ամենամյա արձակուրդը կարող է տեղափոխվել նաև, եթե աշխատողը` գտնվում է ժամանակավոր անաշխատունակության վիճակում կամ ձեռք է բերում սույն օրենսգրքով նախատեսված նպատակային արձակուրդի իրավունք կամ մասնակցում է տարերային աղետների, տեխնոլոգիական վթարների, համաճարակների, դժբախտ պատահարների, հրդեհների և արտակարգ բնույթ կրող այլ դեպքերի կանխարգելման կամ դրանց հետևանքների անհապաղ վերացման աշխատանքներին` անկախ այն հանգամանքից, թե ինչ կարգով է նա ներգրավվել այդ աշխատանքներում:

Օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասով միաժամանակ սահմանվում է, որ եթե սույն վերևում սահմանված պատճառները կամ այլ պատճառներ (որոնց հետևանքով ամենամյա արձակուրդը հնարավոր չէ օգտագործել) առաջացել են մինչև ամենամյա արձակուրդն սկսվելը, աշխատողի և գործատուի համաձայնությամբ ամենամյա արձակուրդը տեղափոխվում է այլ ժամանակ: Եթե այդ պատճառներն առաջացել են ամենամյա արձակուրդի ընթացքում, ապա ամենամյա արձակուրդը երկարաձգվում է համապատասխան օրերի քանակով:

Օրենսգրքի 167-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ տեղափոխված ամենամյա արձակուրդը, որպես կանոն, տրամադրվում է նույն աշխատանքային տարում, բայց ոչ ուշ, քան 18 ամսվա ընթացքում` սկսած այն աշխատանքային տարվա վերջից, որի համար աշխատողին չի հատկացվել կամ մասնակի է հատկացվել ամենամյա արձակուրդը: Աշխատողի միջնորդությամբ կամ համաձայնությամբ ամենամյա արձակուրդի չօգտագործված մասը կարող է տեղափոխվել և միացվել հաջորդ տարվա ամենամյա արձակուրդին:

Օրենսգրքի 170-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ամենամյա արձակուրդի փոխարինումը դրամական հատուցմամբ չի թույլատրվում: Եթե աշխատանքային պայմանագրի լուծման հետևանքով ամենամյա արձակուրդի իրավունք ձեռք բերած աշխատողին չի կարող տրամադրվել ամենամյա արձակուրդ, կամ աշխատողը չի ցանկանում դրա տրամադրումը, ապա նրան վճարվում է դրամական հատուցում: Ամենամյա արձակուրդը չօգտագործելու համար դրամական հատուցումը վճարվում է աշխատանքային պայմանագիրը լուծելիս: Հատուցման չափը որոշվում է տվյալ ժամանակահատվածի համար տրամադրման ենթակա ամենամյա արձակուրդի չօգտագործված օրերի քանակով: Եթե աշխատողին ամենամյա արձակուրդը չի տրամադրվել մեկ տարուց ավելի ժամանակահատվածով, ապա հատուցումը վճարվում է չօգտագործված բոլոր արձակուրդների համար:

Չօգտագործված ամենամյա արձակուրդը տրամադրելու կամ դրա դիմաց դրամական հատուցում ստանալու ընտրության հնարավորությունը վերաբերում է բացառապես միայն աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքերին: Այսինքն, աշխատողը աշխատանքային պայամագրի լուծման օրվա դրությամբ կարող է ընտրություն կատարել. կամ օգտվել նախկինում չօգտագործված ամենամյա արձակուրդից և պայմանագիրը կլուծվի ամենամյա արձակուրդի ավարտման օրվա դրությամբ, կամ պայմանագիրը լուծելու օրվա դրությամբ չօգտագործված ամենամյա արձակուրդի դիմաց ստանա դրամական հատուցում: Նշված կանոնը բացառվում է աշխատանքային հարաբերությունների ընթացքում, որի խախտումը գործատուի համար նախատեսում է վարչական պատասխանատվություն:

Օրենսգրքի 34-րդ հոդվածի համաձայն՝ գործատուների կողմից աշխատանքային օրենսդրության, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի և կոլեկտիվ պայմանագրերի նորմատիվ դրույթների կատարման նկատմամբ պետական հսկողությունն ու վերահսկողությունն իրականացնում է աշխատանքի պետական տեսչությունը, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` այլ պետական մարմիններ:

Աշխատանքի պետական տեսչության գործառույթները, իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են օրենքով:

ՀՀ կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի N 857-Ն որոշման (այսուհետ` Որոշում) առաջին կետի համաձայն` ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչությունը և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ՀՀ աշխատանքի պետական տեսչությունը միաձուլման ձևով վերակազմակերպվել են ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական պետական տեսչության, որը իր կանոնադրության համաձայն՝ իրականացնում է պետական հսկողություն և վերահսկողություն գործատուների կողմից աշխատանքային օրենսդրության, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի և կոլեկտիվ պայմանագրերի նորմատիվ դրույթների կատարման նկատմամբ:

Օրենքով սահմանված կարգով պետական հսկողության և վերահսկողության իրականացման շրջանակներում ի թիվս ՀՀ աշխատանքային օրենսդրության պետության կողմից սահմանված չափորոշիչների ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական պետական տեսչությունը ստուգում է նաև մինչև տասնութ տարեկան աշխատողների աշխատանքային իրավունքների և արտոնությունների, դրանց պահպանման երաշխիքների վերաբերյալ հարցերը:

ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական պետական տեսչության կողմից իրականացվող ստուգումների ստուգաթերթը հաստատվել է ՀՀ կառավարության 2012 թվականի նոյեմբերի 22-ի 1486-Ն որոշմամբ:

Տեսչության կողմից ստուգումները իրականացվում են յուրաքանչյուր տարվա համար հաստատված ստուգումների ժամանակացույցի հիման վրա՝ անկախ գործատուների կազմակերպաիրավական և սեփականության ձևից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։