Անցնել բովանդակությանը

Հոդված 27.3

գործել է մինչև 2022-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 27.3.

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 114-րդ հոդվածի (07.08.2010 թվականին կատարված փոփոխություն) համաձայն՝

Աշխատանքային պայմանագրի լուծումը գործատուի նախաձեռնությամբ արգելվում է`

1) աշխատողի ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածում, բացառությամբ սույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ (աշխատողի երկարատև անաշխատունակության հետևանքով (եթե աշխատողը ժամանակավոր անաշխատունակության պատճառով աշխատանքի չի ներկայացել ավելի քան 120 օր անընդմեջ կամ վերջին տասներկու ամսվա ընթացքում` ավելի քան 140 օր, եթե օրենքով և այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված չէ, որ որոշակի հիվանդությունների դեպքում աշխատատեղը և պաշտոնը պահպանվում են ավելի երկար ժամանակով)) կետով նախատեսված դեպքերի.

2) աշխատողի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածում.

2.1) հղի կանանց հետ` հղիության մասին գործատուին տեղեկանք ներկայացնելու օրվանից մինչև հղիության և ծննդաբերության արձակուրդի ավարտման օրվանից հետո մեկ ամիսը լրանալը.

2.2) մինչև մեկ տարեկան երեխա խնամելու ամբողջ ժամանակահատվածում:

Օրենսգրքի հոդված 171-ի համաձայն (07.08.2010 թվականին կատարված փոփոխություն)` սահմանվել են նպատակային արձակուրդների տեսակները.

1) Հղիության և ծննդաբերության արձակուրդը

2) Մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդ

3) Ուսումնական արձակուրդը

4) Պետական և հասարակական պարտականությունների կատարման համար տրամադրվող արձակուրդը

5) Չվճարվող արձակուրդը:

Օրենսգրքի հոդված 176-ը սահմանում է չվճարվող արձակուրդների տրամադրման դեպքերը.

1. Աշխատողի պահանջով չվճարվող արձակուրդ տրամադրվում է`

1) Հղիության և ծննդաբերության արձակուրդում գտնվող, ինչպես նաև մինչև մեկ տարեկան երեխային խնամելու համար արձակուրդում գտնվող կնոջ ամուսնուն: Այդ արձակուրդի տևողությունը չի կարող գերազանցել երկու ամիսը:

2) Հաշմանդամ աշխատողին կամ ընտանիքի հիվանդ անդամին խնամող աշխատողին` բժշկական եզրակացությամբ սահմանված ժամկետներում, սակայն ոչ ավելի, քան 30 օր տարվա ընթացքում:

3) Ամուսնության համար` երեք աշխատանքային օր:

4) Ընտանիքի մահացած անդամի թաղման դեպքում` ոչ պակաս երեք օրից:

Կոլեկտիվ պայմանագրով կարող են սահմանվել չվճարվող արձակուրդի այլ պատճառներ:

Համաձայն օրենսգրքի հոդված 171-ի` նպատակային արձակուրդի ժամանակ պահպանվում է աշխատողի աշխատատեղը:

Նշված իրավանորմի կարգավորումները պարտադիր են բոլոր աշխատողների համար:

Աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի համաձայն՝ աշխատողը կարող է դատարանում բողոքարկել առանց օրինական հիմքերի աշխատանքային պայմանագրի լուծումը աշխատանքից ազատման մասին իմանալուց հետո երկու ամսվա ընթացքում (փոփոխությունը կատարվել է 2014 թվականի մարտի 12-ին ընդունված ՀՕ-5-Ն) օրենքով: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն (փոփոխությունը կատարվել է 2014 թվականի մարտի 12-ին ընդունված ՀՕ-5-Ն)՝ տնտեսական, տեխնոլոգիական, կազմակերպչական պատճառներով կամ գործատուի և աշխատողի հետագա աշխատանքային հարաբերությունների վերականգնման անհնարինության դեպքում դատարանը կարող է աշխատողին չվերականգնել իր նախկին աշխատանքում` պարտավորեցնելով գործատուին հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար վճարել հատուցում` միջին աշխատավարձի չափով, մինչև դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը, և աշխատողին աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցում` ոչ պակաս, քան միջին աշխատավարձի, բայց ոչ ավելի, քան միջին աշխատավարձի տասներկուապատիկի չափով: Դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից աշխատանքային պայմանագիրը համարվում է լուծված:

Աշխատողին նախկին աշխատանքում վերականգնելու, հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար աշխատավարձ վճարելու, ինչպես նաև աշխատողին հատուցում վճարելու վերաբերյալ դատարանի կողմից ընդունված դատական ակտը ուժի մեջ մտնելու կանոնները և ժամկետները կարգավորվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի դրույթներով:

Գործատուի կողմից դատական ակտի պահանջը կամովին չկատարելու դեպքերի համար ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանվում է, որ դատական ակտի պահանջը կարող է կատարվել հարկադրաբար դատարանի կողմից տրված կատարողական թերթի հիման վրա ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր ծառայության միջոցով:

Դատարանի կողմից կատարողական թերթը տրվում է աշխատանքում վերականգնված աշխատողի գրավոր դիմումի հիման վրա և այն ենթակա է հարկադիր կատարման դատական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից մեկ տարվա ընթացքում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։