Հոդված 7.4
Հոդված 7.4.
2010 թվականի հունիսի 24-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ N ՀՕ-117-Ն օրենքով խմբագրվել է Օրենսգրքի 209-րդ հոդվածի 3-րդ մասը, մասնավորապես սահմանվում է, որ մինչև տասնութ տարեկան աշխատողին արգելվում է միայնակ ուղարկել գործուղման:
ՀՕ-117-Ն օրենքով (այսուհետ՝ օրենք) փոփոխություն է կատարվել նաև Օրենսգրքի 156-րդ հոդվածի 2-րդ մասում, որտեղից հանվել է մինչև տասնութ տարեկան աշխատողներին ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերին իրենց համաձայնությամբ աշխատանքի ներգրավվելու մասին դրույթը:
Օրենքով Օրենսգրքի 17-րդ հոդվածի 3-րդ մասում ներառվել է պահանջ այն մասին, որ տասնչորսից մինչև տասնութ տարեկան անձինք չեն կարող ընդգրկվել աշխատանքի հանգստյան, ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերին, բացառությամբ մարզական և մշակութային միջոցառումներին մասնակցելու դեպքերի:
Օրենսգրքի 144-րդ հոդվածի 3-րդ մասով ամրագրված է, որ մինչև 18 տարեկան աշխատողներին, ինչպես նաև առանց արտադրությունից կտրվելու` հանրակրթական և մասնագիտական դպրոցներում սովորող աշխատողներին դասերի օրերին. չի թույլատրվում ներգրավել արտաժամյա աշխատանքների:
Օրենսգրքի 148-րդ հոդվածի 3-րդ և 149-րդ հոդվածի 4-րդ մասերով սահմանվում է, որ չի թույլատրվում մինչև տասնութ տարեկան անձանց ներգրավել գիշերային աշխատանքների, ինչպես նաև հերթապահության տանը կամ կազմակերպությունում:
Օրենսգրքով սահմանվում են աշխատող երեխայի հանգստի ժամանակի հետևյալ կարգավորումները.
Օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է, որ մինչև տասնութ տարեկան աշխատողները, որոնց աշխատաժամանակի տևողությունը գերազանցում է 4 ժամը, աշխատաժամանակի ընթացքում ունեն նվազագույնը 30 րոպե տևողությամբ հանգստի համար լրացուցիչ ընդմիջման իրավունք:
Օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ամենօրյա անընդմեջ հանգստի տևողությունը տասնչորսից մինչև տասնվեց տարեկան աշխատողների համար չի կարող պակաս լինել 14 ժամից, իսկ տասնվեցից մինչև տասնութ տարեկան աշխատողների համար` ոչ պակաս 12 ժամից, և պետք է ներառի ժամը 22-ից մինչև 6-ը:
Օրենսգրքի 155-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանվում է, որ մինչև տասնութ տարեկան աշխատողներին շաբաթվա ընթացքում տրվում է ոչ պակաս, քան երկու հանգստյան օր:
Օրենսգրքի 164-րդ հոդվածի համաձայն՝ մինչև տասնութ տարեկան աշխատողները անընդմեջ աշխատանքի վեց ամիսը լրանալուց հետո ամենամյա արձակուրդի ժամանակի ընտրության իրավունք ունեն:
Օրենսգրքի վկայակոչված դրույթների պահանջները պարտադիր են բոլոր գործատուների (անկախ կազմակերպաիրավական և սեփականության ձևից, տնտեսական գործունեության ոլորտից) հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող նշված տարիքի աշխատողների համար: