Հոդված 7.6
Հոդված 7.6.
2010 թվականի հունիսի 24-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» N ՀՕ-117-Ն օրենքով փոփոխություններ և լրացումներ են կատարվել Օրենսգրքի 174-րդ հոդվածում:
Օրենսգրքի 174-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է, որ միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվելու նպատակով քննություններին նախապատրաստվելու համար աշխատողներին տրամադրվում է արձակուրդ` յուրաքանչյուր քննության համար երեք աշխատանքային օր:
Օրենսգրքի 174-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հանրակրթական, միջին-մասնագիտական կամ բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող աշխատողներին ուսումնական հաստատության միջնորդությամբ տրամադրվում է ուսումնական արձակուրդ`
1) ընթացիկ քննություններին նախապատրաստվելու և հանձնելու համար` յուրաքանչյուր քննության համար` երեք աշխատանքային օր.
2) ստուգարքներին նախապատրաստվելու և հանձնելու համար` յուրաքանչյուր ստուգարքի համար` երկու աշխատանքային օր.
3) լաբորատոր աշխատանքների կատարման համար` ուսումնական պլանով նախատեսված աշխատանքային օրերի քանակով.
4) դիպլոմային աշխատանքի նախապատրաստման և պաշտպանության համար` երեսուն աշխատանքային օր.
5) պետական (ավարտական) յուրաքանչյուր քննության նախապատրաստվելու և հանձնելու համար` վեց աշխատանքային օր:
Օրենսգրքի 200-րդ հոդվածի համաձայն` հանրակրթական, միջնակարգ-մասնագիտական կամ բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող աշխատողին ուսումնական արձակուրդի համար վճարում է գործատուն` յուրաքանչյուր օրվա համար աշխատողի միջին օրական աշխատավարձից ոչ պակաս չափով, եթե գործատուն աշխատողին գործուղել է սովորելու:
Ընդունելության քննություններ հանձնող կամ անձնական նախաձեռնությամբ սովորող աշխատողների ուսումնական արձակուրդի վճարման հարցը կարող է կարգավորվել կոլեկտիվ պայմանագրով կամ կողմերի համաձայնությամբ:
Օրենսգրքի 137-րդ հոդվածի համաձայն՝ աշխատաժամանակն այն ժամանակահատվածն է, որի ընթացքում աշխատողը պարտավոր է կատարել աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանքը, ինչպես նաև դրան հավասարեցված այլ ժամանակահատվածներ:
Օրենսգրքի 138-րդ հոդվածի համաձայն՝ աշխատաժամանակում ներառվում է աշխատավայրում կամ ուսումնական հաստատություններում որակավորման բարձրացման համար անհրաժեշտ ժամանակահատվածը:
Օրենսգրքի 178-րդ հոդվածի համաձայն՝ աշխատավարձն աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանքները կատարելու դիմաց աշխատողին վճարվող հատուցումն է:
Այսպիսով` աշխատավայրում կամ ուսումնական հաստատություններում որակավորման բարձրացման համար ժամանակը ներառվելով աշխատաժամանակում` համարվում է աշխատանքային օրվա մի մասը և վարձատրվում է որպես աշխատաժամանակ:
Վկայակոչված կարգավորումներն ունեն պարտադիր բնույթ և տարածվում են բոլոր աշխատողների վրա: