Անցնել բովանդակությանը

Հոդված 17.2

գործել է մինչև 2022-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 17.2.

Կրթության իրավունքը Հայաստանի Հանրապետությունում ամրագրված է ՀՀ Սահմանդրությամբ, «Երեխայի իրավունքների մասին» և «Կրթության մասին» ՀՀ օրենքներով: ՀՀ Սահմանադրության հոդված 39-ի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի կրթության իրավունք: Հիմնական ընդհանուր կրթությունը պարտադիր է: Միջնակարգ կրթությունը պետական ուսումնական հաստատություններում անվճար է: Յուրաքանչյուր քաղաքացի ունի մրցութային հիմունքներով անվճար պետական բարձրագույն և այլ մասնագիտական կրթական հաստատություններում կրթություն ստանալու իրավունք` օրենքով սահմանված կարգով: Պետությունն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով ֆինանսական և այլ աջակցություն է ցուցաբերում բարձրագույն և այլ մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններին և դրանցում սովորողներին»:

1999թ. ՀՀ Ազգային Ժողովն ընդունել է «Կրթության մասին» ՀՀ օրենքը, որը՝ հիմնվելով սահմանադրական դրույթների վրա, որոշակիորեն ուղղորդում է կրթության համակարգի զարգացումը: Այս օրենքում ամրագրվել են կրթական իրավունքի պետական երաշխիքները, համաձայն որի` «Հայաստանի Հանրապետությունն ապահովում է կրթության իրավունք` անկախ ազգությունից, ռասսայից, սեռից, լեզվից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային դրությունից կամ այլ հանգամանքներից»: Այս օրենքում ապահովվել է նաև կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը:

«Կրթության մասին» ՀՀ օրենքի կիրարկումից հետո ընդունվել են նաև կրթության առանձին ոլորտները կանոնակարգող իրավական ակտեր: Մասնավորապես ընդունվել են «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին», «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» և «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքները: Համաձայն «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի՝ «Հայաստանի Հանրապետությունում իրականացվում է 12-ամյա միջնակարգ կրթություն: Հիմնական ընդհանուր կրթությունը պարտադիր է, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Միջնակարգ կրթությունը պետական ուսումնական հաստատություններում անվճար է»:

Ընդգրկվածությունը կրթության տարբեր մակարդակներում

Հանրակրթության տարբեր մակարդակներում՝ ըստ սեռի ընդգրկվածության ցուցանիշների, կարելի է բերել հետևյալ դիտարկումները: Հայաստանում հանրակրթության մեջ ընդգրկվածության էական խնդիր չկա: Համեմատական առումով համախառն ընդգրկվածությունը միջնակարգ կրթությունում բավականին բարձր է. վերջին տարիներին այն միջինում կազմել է մոտ 90%:

2012 թվականին սովորողների ամենամեծ ընդգրկվածություն եղել է տարրական կրթության (1-4-րդ դասարաններ) օղակում` 95.2%: Դա բացատրվում է թերևս նրանով, որ դպրոցում սովորողների գրագիտությունը հիմնականում ձևավորվում է տարրական դպրոցում:

Հիմնական կրթության (1-9-րդ դասարաններ) համակարգում ընդգրկվածությունը մի փոքր նվազում է` 94.8%, որը միատարր է տարածքային, գենդերային ու աղքատության խմբերի առումով, և այս իմաստով էական անհավասարություններ չկան: Ավագ դպրոցում համախառն ընդգրկվածության ցուցանիշը համեմատաբար ցածր է` 74.1%: Սակայն անհրաժեշտ է հաշվի առնել, որ հիմնական կրթությունից հետո սովորողների մոտ 15%-ը ուսումը շարունակում է նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտում, և փաստորեն գրեթե 10%-ը չի շարունակում իր կրթությունը ավագ դպրոցում:

Հիմնական ընդհանուր կրթությունը պարտադիր է բոլորի համար, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, թերևս այս հանգամանքով էլ բացատրվում է հիմնական դպրոցում ընդգրկվածության մեծ գործակցի առկայությունը: Ուստի ընդհանուր առմամբ, կարելի է նշել, որ հիմնական կրթությունը հասանելի է բնակչության բոլոր խմբերին և, այս իմաստով, էական անհավասարություններ չեն գրանցվել: Հետևաբար, Հայաստանում ապահովված է բոլոր երեխաների ներգրավվածությունը հիմնական դպրոցում:

Հայաստանում միջնակարգ ընդհանուր կրթությունը ևս անվճար է: Միջնակարգ կրթության (1-12-րդ դասարաններ) համակարգում ընդգրկվածության ցուցանիշը կազմում է 89.2%:

Նշված խնդիրների հաղթահարման տեսանկյունից մինչև 2015 թվականը Հայաստանի զարգացման համար ուղենիշային են «Հազարամյակի հռչակագրի» և «Կրթություն բոլորի համար» գլոբալ շարժման սահմանած նպատակադրումները: Մասնավորապես Հայաստանը Հազարամյակի զարգացման 2-րդ նպատակի համար սահմանել է, որ մինչև 2015 թվականը համախառն ընդգրկվածությունը հիմնական դպրոցում պետք է հասնի 99%, իսկ ավագ դպրոցում` 95%: Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված՝ Հայաստանի կրթության ոլորտին վերաբերող Հազարամյակի զարգացման նպատակների ցուցանիշների ժամանակային շարքերի, Հայաստանում 2012 թվականին միջնակարգ կրթության օղակում «Գենդերային հավասարության ցուցանիշը (տղաների համախառն ընդգրկվածության ցուցանիշի նկատմամբ աղջիկների համախառն ընդգրկվածության ցուցանիշի հարաբերակցության գործակիցը)» կազմել է 1.06, ընդ որում, տարրական և հիմնական դպրոցում այն կազմել է 1.02, ավագ դպրոցում` 1.21:

Սակայն միևնույն ժամանակ, վերջին տարիներին՝ 2007-2012թթ. ընկած ժամանակահատվածում, սովորողների համախառն ընդգրկվածության ցուցանիշները զգալիորեն աճել են մասնագիտական կրթության ոլորտում: Մասնավորապես, նախնական մասնագիտական կրթության ոլորտում համախառն ընդգրկվածության ցուցանիշը 1.7-ից դարձել է 4.1, միջին մասնագիտականում՝ 8.2-ից դարձել է 11.0, բակալավրիատում այդ աճը չնչին է՝ 44.4-ից դարձել է 44.9, իսկ մագիստրատուրայում ցուցանիշն աճել է գրեթե 3 անգամ՝ 3.4-ից դառնալով 10.2: Ընդ որում, նշված փոփոխությունները հավասարապես անդրադարձել են թե կանանց, թե տղամարդկանց ընդգրկվածության ցուցանիշների վրա:

2012 թվականի վիճակագրական տվյալների համաձայն, նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության օղակում «Գենդերային հավասարության ցուցանիշը (տղամարդկանց համախառն ընդգրկվածության ցուցանիշի նկատմամբ կանանց համախառն ընդգրկվածության ցուցանիշի հարաբերակցության գործակիցը)»` 0.40 է, միջին մասնագիտական կրթության օղակում այդ ցուցանիշը կազմել է՝ 1.17:

Հավասարապես մատչելի որակյալ կրթության ապահովման և կրթության ոլորտի արդյունավետության բարձրացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը

Վերջին տարիներին երկրում իրականացվում են բարեփոխումներ՝ կրթական բոլոր մակարդակներում: Այդ բարեփոխումներին աջակցում են նաև առանձին ռազմավարություններ ու հայեցակարգեր:

2008թ. ՀՀ կառավարության կողմից հաստատվել է «Կայուն զարգացման ծրագիրը» (նախկինում՝ «Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագիրը»), որը վերանայվել է որպես՝ «ՀՀ 2014-2025թթ. հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագիր»: Նշված ծրագրերում որպես առաջնային ուղղություններ համարվում են կրթության որակի և բոլոր մակարդակներում կրթության հավասար մատչելիության ապահովումը:

ՀՀ Ազգային Ժողովի կողմից 2011 թվականին ընդունվել է «Կրթության զարգացման 2011-2015 թվականների պետական ծրագիր» ՀՀ օրենքը, որի հիմքում դրվել են նաև ՀՀ կառավարության հաստատած կրթության առանձին ոլորտների ռազմավարական ծրագրերը և զարգացման հայեցակարգերը: Հիմք ընդունելով կրթության համակարգի արդեն իսկ արձանագրված ձեռքբերումները` ծրագիրն ուղղված է դրանց աստիճանական զարգացմանը` նախանշելով ոլորտի զարգացման գերակա ուղղություններն ու ռազմավարությունները: Մասնավորապես այս ծրագրում սահմանվել են հետևյալ նպատակները.

1. բոլոր մակարդակներում բարձրացնել կրթության մատչելիությունը, ստեղծել հավասար հնարավորություններ, որ յուրաքանչյուրը ստանա առավել որակյալ կրթություն` իր նախասիրություններին և ընդունակություններին համապատասխան, մասնավորապես`

տարրական և միջին դպրոցում համախառն ընդգրկվածությունը հասցնել 99%, ընդլայնել դպրոցահասակ երեխաների, ներառյալ` կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, ազգային փոքրամասնությունների և խոցելի մյուս բոլոր խմբերի երեխաների, որակյալ հիմնական կրթություն ստանալու հնարավորությունները` ստեղծելով ներառական կրթության հնարավորություններ բոլոր հանրակրթական դպրոցներում, ավագ դպրոցում, ներառյալ` նախնական մասնագիտական ծրագրերը, համախառն ընդգրկվածությունը հասցնել 95%, 10%-ով մեծացնել ընդգրկվածությունը մասնագիտական կրթական ծրագրերում, հատկապես` ի հաշիվ խոցելի խմբերի երիտասարդների.

2. բարելավել կրթության որակը` այն համապատասխանեցնելով միջազգային ընդունված չափանիշներին, ապահովելով հասարակության և գործարար միջավայրի բավարարվածությունը մատուցվող կրթական ծառայություններից,

3. ապահովել պետական բյուջեից կրթությանը հատկացվող միջոցների շարունակական աճ և դրանց արդյունավետ օգտագործման մեխանիզմներ, մասնավորապես` պետական բյուջեից կրթությանը տրվող միջոցների մակարդակը հասցնել մինչև ՀՆԱ-ի 4%:

Կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների համատեքստում առանցքային են հանրակրթության ոլորտում իրականացվող հետևյալ միջոցառումները.

Ավագ դպրոցում ընդգրկվածությունը մեծացնելու և կրթության որակը բարելավելու նպատակով 2008թ. ներդրվել է առանձին գործող ավագ դպրոցի համակարգը: Եռամյա ավագ դպրոցի ծրագիրը հնարավորություն կտա ապահովել շրջանավարտների աշխատաշուկա մտնելու պատրաստվածությունը և իրենց հակումներին ու ընդունակություններին համապատասխան մասնագիտական կրթություն ստանալու հնարավորությունը: Ավագ դպրոցում ընդգրկվածության մեծացումն իր հերթին կնպաստի մասնագիտական կրթության համակարգում սովորողների ընդգրկվածության մեծացմանը: Այսօր հանրապետությունում ձևավորված է առանձին գործող ավագ դպրոցների ցանցը, որում ընդգրկված է 107 դպրոց:

Տարրական դասարանների աշակերտներին, ինչպես նաև սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին անվճար դասագրքերով և ուսումնական գրականությամբ ապահովելու նպատակով, ամեն տարի ՀՀ պետական բյուջեից հատկացվում են համապատասխան միջոցներ: Հանրապետության որոշ մարզերում, ելնելով գյուղական շրջաններում գործող հանրակրթական դպրոցների աշխարհագրական բաշխվածությունից, դպրոցահասակ երեխաներին տրանսպորտային ծառայությունների մատուցման գծով ՀՀ պետական բյուջեից տրվում են համապատասխան հատկացումներ:

ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի աջակցությամբ իրականացվում է դպրոցական սնունդ ծրագիրը, և ծրագրի շարունակականությունն ապահովելու նպատակով ՀՀ պետական բյուջեից հատկացվելու են միջոցներ՝ սկսած 2014 թվականից: Նախատեսվում է տարեց-տարի ընդլայնել ծրագրում ընդգրկվող տարրական դպրոցի սովորողների թիվը:

Քայլեր են ձեռնարկվում գործող ընթացակարգերը բարելավելու և հանրակրթությունից դուրս մնացած երեխաների մուտքը հանրակրթական դպրոց հեշտացնելու ուղղությամբ: 12-ամյա կրթակարգի համաձայն երեխան դպրոց սկսում է հաճախել 6 տարեկանից, սակայն «ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություն սովորողի ընդունելության, տեղափոխման և ազատման կարգը» կանոնակարգում է նաև այն երեխաների մուտքը դպրոց, որոնք տարբեր պատճառներով ժամանակին դպրոց չեն հաճախել: Մասնավորապես սահմանված ժամկետից ուշ երեխան դպրոց ընդունվում է.

1) մինչև 2 տարի ուշացման դեպքում` առաջին դասարան ընդհանուր հիմունքներով,

2) 2 տարուց ավելի ուշացման դեպքում (մինչև 13 տարին լրանալը)` իր տարիքային խմբին համապատասխան դասարան, կամ ծնողի առաջարկությամբ` մեկ կամ երկու դասարան ցածր: Այս դեպքում նշված սովորողի համար կազմվում է ուսումնական պլանով նախատեսված առարկաներից անհատական ուսուցման ծրագրեր և լրացուցիչ դասընթացների ժամանակացույց,

3) 13-ից մինչև 16 տարեկան դպրոց չհաճախած երեխան ընդունվում է իր տարիքային խմբից մեկ կամ երկու դասարան ցածր: Այս դեպքում ևս նշված սովորողի համար կազմվում է ուսումնական պլանով նախատեսված առարկաներից անհատական ուսուցման ծրագրեր և լրացուցիչ դասընթացների ժամանակացույց: Համաձայն նշված կարգի, 16 տարեկանից բարձր տարիքի դպրոց չհաճախած երեխաները հանրակրթական ծրագրերը կարող են յուրացնել ինքնակրթությամբ և էքստեռն կարգով ստանալ հիմնական կրթության վկայական (կամ միջնակարգ կրթության ատեստատ):

Ինչպես նաև կրթության շարունակականությունն ապահովելու նպատակով նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում իրականացվում են նաև կարճաժամկետ (1-6 ամսյա տևողությամբ) ուսուցման ծրագրեր` աշխատաշուկայում պահանջարկ ունեցող որոշ մասնագիտությունների գծով: Այդ դասընթացներն ավարտած անձանց շնորհվում է ավարտական փաստաթուղթ` վկայական:

Միևնույն ժամանակ սկսած 2012-2013 ուսումնական տարվանից բոլոր նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունները ընդունելությունն իրականացնում են առանց ընդունելության քննությունների` մրցութային հիմունքով, բացառությամբ` արվեստի, առողջապահության և սպորտի ոլորտի մասնագիտությունների (նույն սկզբունքը պահպանվելու է հաջորդ ուսումնական տարիների ընթացքում): 2012 թվականին, 2011 թվականի համեմատ, 50%-ով աճել են քոլեջների ընդունելության անվճար ուսուցման տեղերը, որն էլ պահպանվել է հետագա տարիներին: Այս հանգամանքներով էլ պայմանավորված նախնական ու միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում վերջին տարիներին նկատվում է սովորողների թվաքանակի ավելացում:

Ավագ դպրոցում, ինչպես նաև նախնական և միջին մասնագիտական կրթության օղակում բոլորի համար կրթության հավասար մատչելիության ու ընդգրկվածության ապահովման նպատակով, 2014 թվականի սեպտեմբերից նախատեսվում է երաշխավորված նվազագույն իննամյա կրթությունից անցում կատարել երաշխավորված անվճար տասներկուամյա (ներառյալ մասնագիտական կրթությունը) կրթության համակարգի: Այս նախաձեռնությամբ Հայաստանում պարտադիր կդառնա անվճար միջնակարգ ընդհանուր կամ նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթությունը՝ հնարավորություն ընձեռելով դպրոցահասակ երեխաներին մինչև 18 տարին լրանալը, իրացնելու ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված անվճար կրթություն (ներառյալ միջին մասնագիտական կրթությունը) ստանալու իրավունքը: Այդ նպատակով փոփոխություններ են կատարվել «Կրթության մասին» և «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքներում:

Քայլեր են ձեռնարկվում նաև գործող վիճակագրությունը բարելավելու ուղղությամբ: Մասնավորապես, 12-ամյա համակարգի ներդրման և ուսումնառության տևողության ժամկետների փոփոխության կապակցությամբ, վերանայվում է կրթության տարբեր մակարդակներում ընդգրկվածության ցուցանիշների հաշվարկման մեթոդաբանությունը: Ինչպես նաև միջոցներ են ձեռնարկվում ընդլայնելու կրթության կառավարման տեղեկատվական համակարգը` ներառելով կրթության բոլոր մակարդակները, ամբողջացնելու տեղեկատվական պաշարները` ընդհուպ անհատականացված տվյալներ, բարձրացնելու տեղեկատվական պաշարների մատչելիությունը շահառուների տարբեր խմբերի համար: ՀՀ կրթության և գիտության նախարարության համակարգում գործող կառավարման տեղեկատվական համակարգը ընդգրկում էր միայն հանրակրթության ոլորտը, իսկ 2014 թվականից կրթության կառավարման տեղեկատվական համակարգում ներառվել են նաև մասնագիտական ուսումնական հաստատությունները:

Որակյալ կրթության հասանելիությունը ազգային փոքրամասնություններին պատկանող երեխաների համար

ՀՀ կառավարության 2012 թվականի հունիսի 18-ի թիվ 730-Ա որոշմամբ հաստատվել է ՀՀ կառավարության 2012-2017թթ. ծրագիրը, որում կրթության ոլորտի համար սահմանված նպատակադրումներից է՝ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների համար որակյալ հիմնական կրթություն ստանալու հնարավորության ընդլայնումը:

Նշված ծրագրի համաձայն ազգային փոքրամասնությունների դպրոցների համար ամեն տարի տպագրվում է 2 անուն դասագրքեր, ինչպես նաև իրականացվում է ազգային փոքրամասնությունների դպրոցների ուսուցիչների վերապատրաստում:

Կրթության մատչելիության և հավասար հնարավորությունների ապահովման տեսանկյունից կարևորվել են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների` կրթության մեջ ներգրավման և կրթական ծառայությունների մատուցման որակի բարելավման խնդիրները: Հատուկ կրթության ոլորտում իրականացվել են բարեփոխումներ, որոնք ուղղված են եղել կառուցվածքային բարեփոխումներին, ընդունելության համակարգի կատարելագործմանը, իրականացվող ծառայությունների ապակենտրոնացմանը, կառավարման և ֆինանսավորման նոր մեխանիզմների ներդրմանը, երեխաների խնամքի և կրթության որակի բարելավմանը: Համակարգային բարեփոխումների արդյունքում նախկինում գործող 52 հատուկ դպրոցի փոխարեն ներկայումս հանրապետությունում գործում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների՝ 23 հատուկ հանրակրթական դպրոց:

Համաձայն «Կրթության մասին» ՀՀ օրենքի` «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթությունը ծնողների ընտրությամբ կարող է իրականացվել ինչպես ընդհանուր հանրակրթական, այնպես էլ հատուկ հաստատություններում` հատուկ ծրագրերով»: Օրենքի այս դրույթի համաձայն աշխատանքներ են տարվել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ուսուցումը հանրակրթական դպրոցում կազմակերպելու, նրանց հասարակության մեջ լիարժեք ինտեգրելու ուղղությամբ: Ներկայումս ներառական կրթություն է իրականացվում 101 հանրակրթական դպրոցներում, որոնցում սովորում են 2612 կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներ: Ծրագրի նպատակն է մտավոր և/կամ ֆիզիկական զարգացման խնդիրներ ունեցող երեխաների սահմանադրությամբ երաշխավորված կրթությունը կազմակերպել երեխայի բնակությանը ամենամոտ գտնվող հանրակրթական դպրոցում, երեխային չկտրելով ընտանիքից: Ներառական կրթության իրականացնող դպրոցները, ՀՀ կառավարության կողմից հաստատված կարգի համաձայն, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպման նպատակով պետական բյուջեից ստանում են լրացուցիչ չափաբաժին: Դպրոցներում գործում են ծնողական ու ռեսուրս սենյակները, որտեղ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար կազմակերպվում են անհատական պարապմունքներ՝ համաձայն անհատական ուսումնական պլանի: Երեխաների կրթական կարիքների գնահատման նպատակով ստեղծվել է Երևանի բժշկահոգեբանամանկավարժական (ԲՀՄ) գնահատման կենտրոնը: Տարեց տարի ընդլայնվում է ներառական կրթություն իրականացնող հանրակրթական դպրոցների ցանկը: Միաժամանակ նախատեսվում է հատուկ կրթության ոլորտում իրականացնել համակարգային բարեփոխումներ և հանրակրթության համակարգում անցում կատարել համընդհանուր ներառական կրթության:

ՀՀ Ազգային Ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը՝ որով նախատեսվում է անցում կատարել համընդհանուր ներառական կրթության: Օրենսդրական նախաձեռնության անհրաժեշտությունը պայմանավորված է «Կրթություն բոլորի համար» հռչակագրի, «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի և «Սոցիալական խարտիայի» պահանջներով, որոնց միանալով Հայաստանը պարտավորվել է ապահովել կրթության հավասար հնարավորություն բոլորի, այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար: Օրենքի համատեքստում նախատեսվում է հանրակրթության համակարգում անցում կատարել համընդհանուր ներառական կրթության, կրթական գործընթացի մասնակիցներին տրամադրելով կրթության կազամակերպման աջակցության ծառայություններ 3 մակարդակներում՝ դպրոցական մակարդակում՝ երեխայի ուսումնառության ուսումնական հաստատության կողմից, տարածքային մակարդակում՝ տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի կողմից, հանրապետական մակարդակում՝ հանրապետական մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի կողմից։

Օրենսդրական նախաձեռնության անհրաժեշտությունը պայմանավորված է ոչ միայն միջազգային պարտավորություններով, այլև Հայաստանի Հանրապետությունում կրթության զարգացման 2011-2015թթ. պետական ծրագրով սահմանված ներառական կրթության ընդլայնման, հատուկ դպրոցների օպտիմալացման, յուրաքանչյուր երեխայի կրթության առանձնահատուկ պայմանի կարիքի բացահայտման, գնահատման ու դրան համապատասխան կրթության կազմակերպման արդյունավետ մեխանիզմների ներդրման միտումով: Արդյունքում կունենանք երեխայի անհատական տարբերություններից ու հաշմանդամությունից անկախ՝ կրթության իրավունքի միասնական իրավական կարգավորում, որը կերաշխավորի բոլորի համար կրթության հավասարության իրավունքը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։