Անցնել բովանդակությանը

Հոդված 19. - Միգրանտ աշխատողների և նրանց ընտանիքների պաշտպանվածության և օգնություն ստանալու իրավունքը

գործել է մինչև 2022-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 19 - Միգրանտ աշխատողների և նրանց ընտանիքների պաշտպանվածության և օգնություն ստանալու իրավունքը

Հաշվետու ժամանակահատվածում տեղի ունեցած փոփոխությունների և Կոմիտեի կողմից ներկայացված հարցադրումների հետ կապված տեղեկատվություն

ՀՀ կառավարության կողմից 2010 թ. ընդունվել է «Հայաստանի Հանրապետության միգրացիայի պետական կարգավորման քաղաքականության հայեցակարգը», իսկ 2011 թ. ընդունվել է «Հայաստանի Հանրապետության միգրացիայի պետական կարգավորման քաղաքականության հայեցակարգի իրականացման 2012-2016 թթ. գործողությունների ծրագիրը»: 2009թ. վերջին ձևավորվել է ՀՀ ՏԿՆ միգրացիոն պետական ծառայությունը, որի կազմում վերջերս ստեղծվել է ինտեգրման բաժին, և ծրագրված է առաջիկայում մշակել ՀՀ-ում բնակություն հաստատած երկարաժամկետ միգրանտների ինտեգրման քաղաքականության հայեցակարգ, այնուհետև դրա իրականացումն ապահովող գործողությունների ծրագիր:

2010-2013 թթ. հիմնվել են Միգրացիոն ռեսուրս կենտրոններ:

Միգրացիոն ռեսուրս կենտրոնի /ՄՌԿ/ նպատակն է.

Տեղեկացնել, կողմնորոշել և վերապատրաստել արտերկիր մեկնել և արտերկրում աշխատել նախապատրաստվող անձանց (հիմնականում աշխատանքային միգրանտներին), ինչպես նաև աջակցել նրանց վերաինտեգրմանը` վերադարձից հետո:

ՄՌԿ-ների կողմից ծառայությունները մատուցվում են.

● հավանական աշխատանքային միգրանտներին,

● իրական աշխատանքային միգրանտներին,

● արտերկրում ժամանակավոր պայմանագրերով աշխատանք փնտրող անձանց:

ՄՌԿ-ի գործառույթներն են.

1. Տարբեր երկրների վերաբերյալ միգրացիոն և աշխատանքային օրենսդրության անվճար խորհրդատվության տրամադրում:

2. Ծանոթացում նպատակակետ երկրի աշխատանքի տեղավորման հնարավորություններին և կողմնորոշում:

3. Հնարավորին չափով փորձել համագործակցել և հանդես գալ որպես վստահելի և կապող գործընկեր օտարերկրյա կազմակերպությունների և աշխատանքային միգրանտների միջև:

4. Անօրեն աշխատանքային միգրացիայի վտանգների մասին և դրանցից խուսափելու կամ պաշտպանվելու միջոցների վերաբերյալ տեղեկացում:

5. Ծանոթացում այլ երկրներում ՀՀ ներկայացուցչությունների, հայ համայնքների /սփյուռքի/, միջազգային կազմակերպությունների, այլ հասարակական կազմակերպությունների և նրանց կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ:

6. Անհրաժեշտ տեղեկատվական նյութերի պատարաստում և հանրության շրջանում տարածում:

7. Ծանոթացում ներքին աշխատաշուկայում աշխատանք գտնելու հնարավորություններին և տրամադրվող երաշխիքներին:

8. Ըստ անհրաժեշտության կազմակերպել մասնագիտական ուսուցման, վերավորակավորման կամ որակավորման բարձրացման դասընթացներ:

9. Ծանոթացում ռեմիգրանտներին վերաինտեգրման ծրագրերի վերաբերյալ:

10. Որպես տեղեկատվական շարժական օղակ հադիպումներ կազմակերպել համայնքներում և ներկայացնել իր ծառայությունները:

11. Ստեղծել աշխատանքային միգրանտների տվյալների շտեմարան և վարել այն:

ՄՌԿ-ի կողմից տրամադրվում է տեղեկատվություն.

● օրինական միգրացիայի հնարավորությունների,

● օտար երկրների միգրացիոն և աշխատանքային օրենսդրության,

● անկանոն միգրացիայի վտանգների մասին:

2010-13թթ. զբաղվածության ոլորտը կարգավորվում էր “Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին” ՀՀ օրենքով, որով ամրագրված՝ զբաղվածության պետական քաղաքականության հիմնական սկզբունքների շարքում առաջինն աշխատանքի կամավորությունը և աշխատանքի ազատ ընտրությունն է` բացառելով խտրականությունը:

Նույն օրենքի 3-րդ Հոդվածը սահմանում է.

- ՀՀ քաղաքացիները, ՀՀ-ում բնակվող օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք իրավունք ունեն ընտրություն կատարել զբաղված և չզբաղված լինելու միջև, բացառությամբ ՀՀ օրենքներով սահմանված դեպքերի:

- ՀՀ-ում բնակվող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց զբաղվածությունը կարգավորվում է սույն օրենքով, ՀՀ օրենքներով և ՀՀ միջազգային պայմանագրերով:

Այստեղից հետևում է, որ զբաղվածության ոլորտը կարգավորող պետական ծրագրերը հասանելի էին նաև ՀՀ-ում գտնվող միգրանտների համար: Նրանք պետք է ունենան կացության կարգավիճակ և հաշվառվեն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոններում:

Վերջին երեք տարիներին զբավածության պետական կարգավորման բնագավառում մեկնարկել են համալիր բարեփոխումներ` քաղաքականության նոր մոդելի ներդրման անհրաժեշտությամբ պայմանավորված: Այս համատեքստում`

- 2012թ. ՀՀ կառավարության հավանությանն է արժանացել Զբաղվածության 2013-2018թթ. ռազմավարությունը.

- 2013թ. ՀՀ կառավարությունը հաստատել է «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հայեցակարգը:

Զբաղվածության ռազմավարության գերակա նպատակների իրականացման հիմնական մեխանիզմների ամբողջական և արդյունավետ օրենսդրական ապահովման նպատակով մշակվել և 2013թ. դեկտեմբերի 11-ին ՀՀ ԱԺ-ի կողմից ընդունվել է «Զբաղվածության մասին» ՀՀ նոր օրենքը, որը գործողության մեջ է մտել 2014թ. հունվարի 1-ից: Այս նոր օրենքով վերը նշված համապատասխան հոդվածը ներկայացված է հետևյալ բովանդակությամբ.

«Հոդված 3. Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց զբաղվածությունը

1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, Հայաստանի Հանրապետությունում բնակվող օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք իրավունք ունեն ընտրություն կատարելու զբաղված և չզբաղված լինելու միջև, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերի:

2. Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց զբաղվածությունը կարգավորվում է սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

3. Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, Հայաստանի Հանրապետությունում բնակվող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց զբաղվածության պետական կարգավորումն իրականացվում է սոցիալական ապահովության միջոցով:»:

Նոր օրենքով նախատեսված ծրագրերն են՝

1. Մասնագիտական ուսուցման կազմակերպում,

2. Այլ վայր աշխատանքի տեղավորման աջակցություն,

3. Ինքնազբաղվածության խթանման նպատակով փոքր ձեռնարկատիրության աջակցություն,

4. Աշխատավարձի մասնակի փոխհատուցում գործատուին,

5. Աշխատաշուկայի հետազոտման աշխատանքների կազմակերպում,

6. Ժամանակավոր զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսության աջակցություն,

7. Աշխատանքի տոնավաճառի կազմակերպում,

8. Մասնագիտական աշխատանքային փորձ չունեցող անձանց աշխատանքային պրակտիկայի կազմակերպում,

9. Միանվագ փոխհատուցում գործատուին` աշխատաշուկայում անմրցունակ անձի աշխատանքի տեղավորման համար,

10. Աջակցություն աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպության ծառայություններից օգտվելու համար,

11. Հարմար աշխատանքի տեղավորման նպատակով՝ գործատուներին այցելության ծախսերի փոխհատուցում,

12. Վարձատրվող հասարակական աշխատանքներ:

Թվարկված ակտիվ ծրագրերի հիմնական մասը նախատեսված չէր նախկին կարգավորմամբ և նոր օրենքում դրանց ներառումը նպատակ ունի առավել տարբերակել և լրացնել իրավիճակից բխող ակտիվ կարգավորման հնարավորություններն ու գործիքակազմը:

Զբաղվածության ոլորտը կարգավորող պետական ծրագրերը հասանելի են նաև ՀՀ-ում գտնվող միգրանտների համար, եթե նրանք ունեն կացության կարգավիճակ և հաշվառվել են Զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոններում:

Զբաղվածության նոր մոդելի շրջանակներում նախատեսված է գործազրկության նպաստի վճարման ծրագիրը վերափոխել կարգավորման այնպիսի նոր գործիքներով, որոնք առավելապես պետք է ծառայեն աշխատաշուկայում գործազուրկների ակտիվացմանը` աշխատանք փնտրելու և հարմար աշխատանք գտնելու, առկա թափուր աշխատատեղերն արդյունավետ համալրելու գործընթացներում: Ընդ որում, կարգավորման նոր մոտեցումների տեսանկյունից, բովանդակային առումով կարևորվում է այն, որ ստեղծված են իրատեսական հնարավորություններ զբաղվածության ակտիվ ծրագրերում գործազուրկների ընդգրկման անհատական ծածկույթն էապես մեծացնելու համար:

Այս համատեքստում առավելապես բնութագրական է Օրենքով ամրագրված կարգավորմամբ` գործազուրկների համար նախատեսված զբաղվածության պետական ծառայության միջնորդությամբ հարմար աշխատանքի տեղավորման նպատակով գործատուներին այցելության ծախսերի փոխհատուցման նոր ծրագիրը: Նշված նոր ծրագիրն օբյեկտիվորեն նպատակաուղղված է աշխատաշուկայում անմրցունակ անձի համար աշխատանք փնտրելու սկզբնական փուլում (երեք ամիս տևողությամբ) անհրաժեշտ նվազագույն ծախսերը կատարելու հնարավորության ընձեռմանը: Մասնավորապես, նշված դրամական աջակցությունը տրամադրվում է գործազուրկին ակտիվ աշխատանք փնտրելու նպատակով` որպես տրանսպորտային կամ համապատասխան այլ ծախսերի որոշակի փոխհատուցում:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մշակել է ««Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը ներկայացվել է ՀՀ Ազգային Ժողով:

Հայաստանի Հանրապետության մեծ թվով հանրակրթական դպրոցներում կազմակերպվում են օտար լեզուների (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն, իսպաներեն, պարսկերեն, վրացերեն) ուսուցման լրացուցիչ կրթական ծրագրեր: Հանրապետությունում կան նաև ռուսական դասարաններ ունեցող և ռուսաց լեզվի խորացված ուսուցմամբ դպրոցներ: Այդ դպրոցներում կարող են սովորել նաև միգրանտ աշխատողների երեխաները: Միաժամանակ, կազմակերպվում են նաև հայերեն լեզվի դասընթացներ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։