Հոդված 3.1
Հոդված 3.1.
Սոցիալական իրավունքների եվրոպական կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) կողմից ներկայացված հարցադրումների հետ կապված տեղեկատվություն
ՀՀ կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի N 857-Ն որոշմամբ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչությունը և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Հայաստանի Հանրապետության աշխատանքի պետական տեսչությունը միաձուլման ձևով վերակազմակերպվել են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական պետական տեսչության (այսուհետ` Տեսչություն), և հաստատվել է Տեսչության կանոնադրությունը: Տեսչության կանոնադրության 3-րդ կետի համաձայն ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական պետական տեսչությունը հանդիսանում է ՀՀ պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության և պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության ու ՀՀ աշխատանքի պետական տեսչության իրավահաջորդը: Կանոնադրության 7-րդ կետով որպես տեսչության նպատակներ և խնդիրներ են սահմանված Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության և աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի կիրարկման նկատմամբ պետական հսկողության և վերահսկողության ապահովումը, աշխատանքի վայրում դժբախտ դեպքերի և մասնագիտական հիվանդությունների կանխարգելման միջոցառումների կազմակերպումը, աշխատանքի պայմանների, աշխատողների աշխատանքային իրավունքների և ազատությունների պահպանման ու պաշտպանության ապահովումը` ներառյալ աշխատանքի անվտանգ պայմանների իրավունքը: Նշված նպատակներն ու խնդիրներն իրագործելու նպատակով Տեսչությունն իրականացնում է կանոնադրության 8-րդ կետի 10-րդ ենթակետով նախատեսված աշխատանքային օրենսդրության նորմերի կիրառման նկատմամբ հսկողության և վերահսկողության հետևյալ գործառույթները, որոնք ներառում են`
1. գործատուների, դրանց միությունների, աշխատավորական կոլեկտիվների ներկայացուցիչների համար աշխատանքային օրենսդրության և աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի կիրարկման վերաբերյալ սեմինարների կազմակերպում,
2. աշխատանքային օրենսդրության և աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի կիրարկման ուղղությամբ գործատուների և արհեստակցական միությունների համար աշխատանքի անվտանգության պաշտպանության գործում մեթոդական օգնության կազմակերպում` տալով համապատասխան տեղեկատվություն և խորհրդատվություն,
3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն աշխատանքային օրենսդրության և աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի կիրարկման կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը,
4. աշխատանքային օրենսդրության խախտումների պատճառների վերլուծում և գործատուին դրանց վերացման, աշխատողների խախտված իրավունքների վերականգնման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը,
5. աշխատանքի վայրում դժբախտ դեպքերի և մասնագիտական հիվանդությունների պատճառների ուսումնասիրում ու վերլուծում և գործատուին դրանց կանխարգելման վերաբերյալ գրավոր միջնորդություններ ներկայացնելը,
6. աշխատատեղում աշխատանքի անվտանգության կոլեկտիվ և անհատական պաշտպանիչ միջոցների առկայության, պահպանման և շահագործման վիճակի ուսումնասիրում,
7. աշխատանքի առողջ և անվտանգ նորմատիվների պահանջների խախտման վերաբերյալ փորձագիտական եզրակացության կամ արձանագրված թերությունների մասին ակտի առկայության դեպքում խախտումների վերացման ժամկետների սահմանում` ըստ հաստատված նորմատիվների, սահմանված ժամկետում թերությունները չվերացնելու դեպքում կազմակերպության կամ դրա առանձին ստորաբաժանման աշխատանքները ժամանակավորապես դադարեցնելը` մինչև խախտումների վերացումը,
8. աշխատատեղերում աշխատանքի անվտանգության և աշխատանքի պաշտպանության՝ օրենքով սահմանված պարտադիր պահանջների պահպանման նկատմամբ հսկողության և վերահսկողության իրականացում,
9. աշխատանքի վայրում դժբախտ դեպքերի հաշվառման և քննման՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգի պահպանման և օրենքով սահմանված կարգով վնասի հատուցման ենթակա գումարների` ժամանակին վճարման նկատմամբ հսկողության և վերահսկողության իրականացում,
10. մինչև 18 տարեկան անձանց, ինչպես նաև հղի կամ երեխային կրծքով կերակրող կանանց և երեխա խնամող աշխատողներին` աշխատանքային օրենսդրությամբ սահմանված երաշխիքների ապահովման նկատմամբ հսկողության և վերահսկողության իրականացում,
11. գործատուներից պահանջում է համապատասխան միջոցների ձեռնարկում` ուսումնասիրության և (կամ) ստուգումների արդյունքում աշխատանքի կազմակերպման ընթացքում հայտնաբերված այն խախտումները և թերությունները վերացնելու համար, որոնք կարող են վտանգ սպառնալ աշխատողի կյանքին կամ առողջությանը:
Տեսչությունը հսկողությունն ու վերահսկողությունն իրականացնում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքին, «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքին, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքին համապատասխան:
ՀՀ կառավարության 2012 թվականի նոյեմբերի 22-ի N 1486-Ն որոշմամբ հաստատվել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի պետական տեսչության ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը, ինչպես նաև ստուգումների ստուգաթերթը: Համաձայն ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանության` կազմակերպությունների ռիսկայնության գնահատման կարևորագույն չափանիշ են հանդիսանում աշխատանքի վայրում տեղի ունեցած դժբախտ դեպքերը և մասնագիտական հիվանդությունները: Կազմակերպությունում տեղի ունեցած դեպքերի հաճախականությունը և ծանրության աստիճանը հանդիսանում են կազմակերպությունների ռիսկայնության գնահատման և կազմակերպությունում պլանավորվող ստուգումների հաճախականության որոշման չափանիշներ: Ստուգաթերթում ներառված են աշխատողների աշխատանքային իրավունքների, ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ դրանց ապահովման երաշխիքների, դժբախտ դեպքերի ծառայողական քննության, դրանց հետևանքով առողջությանը պատճառված վնասների օրենքով սահմանված հատուցումների օրենսդրական պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողության, ինչպես նաև մինչև 18 տարեկան անձանց, հղի և երեխա խնամող կանանց համար օրենսդրությամբ սահմանված երաշխիքների պահպանման նկատմամբ վերահսկողության հարցեր:
ՀՀ կառավարության 2012 թվականի ապրիլի 19-ի N 522-Ն որոշմամբ հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարության հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կողմից իրականացվող` ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը, համաձայն որի կազմակերպությունների նախնական դասակարգումն ըստ ռիսկայնության կատարվում է ոլորտային գնահատման արդյունքների հիման վրա` հաշվի առնելով մարդկանց առողջության և շրջակա միջավայրի վրա ազդեցությունները: ՀՀ կառավարության 2013 թվականի ապրիլի 4-ի N 349-Ն որոշմամբ հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական պետական տեսչության կողմից անցկացվող` ռիսկի վրա հիմնված ստուգումների ստուգաթերթերը: Ստուգաթերթերը ներառում են տնտեսական գործունեության տարբեր ոլորտները կարգավորող իրավական նորմերի` Հայաստանի Հանրապետության սանիտարական օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողության իրականացման հարցեր:
Աշխատավայրերում տեղի ունեցած դժբախտ դեպքերի պատճառների ուսումնասիրման և դրանց կանխարգելման նպատակով Տեսչությունում հարուցվում են վարչական վարույթներ: Վարչական վարույթների ընթացքում կատարվում է աշխատանքի վայրում դժբախտ դեպքերի պատճառների ուսումնասիրում ու վերլուծում և գործատուին դժբախտ դեպքերի կանխարգելման, աշխատողների անվտանգության ապահովման և առողջության պահպանման` օրենքով սահմանված պահանջների խախտումների վերացման վերաբերյալ տրվում են պարտադիր կատարման հանձնարարականներ:
ՀՀ կառավարության 2014 թվականի փետրվարի 27-ի N 303-Ն որոշմամբ հաստատված մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագրով նախատեսված է մշակել և մինչև 2015 թվականի առաջին եռամսյակը ՀՀ կառավարություն ներկայացնել «Աշխատանքի անվտանգության և աշխատավայրերում աշխատողների առողջության պահպանման ազգային ծրագիր» որոշման նախագիծը: