Հոդված 7.1
Հոդված 7.1.
«Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքի /հոդված 1/ համաձայն` երեխա է համարվում 18 տարին չլրացած յուրաքանչյուր ոք, բացառությամբ այն դեպքերի, երբ նա օրենքով սահմանված կարգով գործունակություն է ձեռք բերում կամ գործունակ է ճանաչվում ավելի վաղ:
Նույն օրենքի 19-րդ հոդվածով սահմանված է, որ երեխան ունի աշխատանքի արտոնյալ պայմանների իրավունք: Երեխայի աշխատանքի ընդունման առանձնահատկությունները, արտոնությունները և պայմանները սահմանվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով:
Արգելվում է երեխային ներգրավել ալկոհոլային խմիչքների, թմրամիջոցների և հոգեմետ նյութերի, ծխախոտի, էրոտիկա և սարսափ բովանդակող գրականության և տեսաերիզների արտադրության, օգտագործման կամ իրացման մեջ, ինչպես նաև այնպիսի աշխատանքներում, որոնք կարող են վնասել նրա առողջությանը, ֆիզիկական և մտավոր զարգացմանը, խոչընդոտել կրթություն ստանալուն:
ՀՀ աշխատանքային օրենսգրքում (այսուհետ՝ Օրենսգիրք) փոփոխություններ և լրացումներ են կատարվել «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքով (ՀՕ-117-Ն), որն ընդունվել է 2010 թվականի հունիսի 24-ին: Նշված Օրենքն ընդունվել է հաշվի առնելով Օրենսգիրքը գործողության մեջ դնելուց հետո իրավակիրառական պրակտիկայում ի հայտ եկած առանձին խնդիրների կարգավորման անհրաժեշտությունը, բացի այդ նշված փոփոխությունների և լրացումների նպատակն էր պարզեցնել ու հստակեցնել աշխատանքային հարաբերությունների ծագման, դրանց կարգավորման մեխանիզմները և դրանք համապատասխանեցնել ՀՀ Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով` ԱՄԿ-ի կոնվեցիաներով և Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայով ամրագրված առանձին դրույթների պահանջներին:
2010 թվականի հունիսի 24-ին ընդունված N ՀՕ-117-Ն օրենքով խմբագրվել են ՀՀ աշխատանքային օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը, բացի այդ, հոդվածը լրացվել է նոր 2.1-րդ և 4-րդ մասերով, որոնք վերաբերում են տասնչորսից մինչև տասնութ տարեկան անձանց աշխատանքի կարգավորումներին:
Համաձայն ՀՀ Սահմանադրության 32-րդ հոդվածի` մինչև 16 տարեկան երեխաներին մշտական աշխատանքի ընդունելն արգելվում է։ Նրանց ժամանակավոր աշխատանքի ընդունման կարգը և պայմանները սահմանվում են օրենքով։
Օրենսգրքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ աշխատանքային իրավունակությունը և իր գործողություններով աշխատանքային իրավունքներ ձեռք բերելու և իրականացնելու, իր համար աշխատանքային պարտականություններ ստեղծելու ու դրանք կատարելու քաղաքացու ունակությունը (աշխատանքային գործունակություն) լրիվ ծավալով ծագում է տասնվեց տարեկան դառնալու պահից, բացառությամբ ՀՀ աշխատանքային օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված դեպքերի:
Օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ աշխատողը ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված տարիքի հասած գործունակ քաղաքացին է, որն աշխատանքային պայմանագրի հիման վրա գործատուի օգտին կատարում է որոշակի աշխատանք` ըստ որոշակի մասնագիտության, որակավորման կամ պաշտոնի:
Օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ աշխատող են համարվում նաև ծնողներից մեկի կամ որդեգրողի կամ հոգաբարձուի գրավոր համաձայնությամբ աշխատանքային պայմանագրով աշխատող տասնչորսից մինչև տասնվեց տարեկան անձինք:
Տասնչորսից մինչև տասնվեց տարեկան աշխատողների համար ՀՀ օրենսդրությամբ նախատեսված են մի շարք սահմանափակումներ: Մասնավորապես, Օրենսգրքի 17-րդ հոդվածի 2.1-րդ մասի համաձայն՝ տասնչորսից մինչև տասնվեց տարեկան անձինք կարող են ընդգրկվել միայն նրանց առողջությանը, անվտանգությանը, կրթությանը և բարոյականությանը չվնասող ժամանակավոր աշխատանքներում` Օրենսգրքի 101-րդ հոդվածին, 140-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին, 155-րդ հոդվածին համապատասխան: Օրենսգրքի 17-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ տասնչորսից մինչև տասնութ տարեկան անձինք չեն կարող ընդգրկվել աշխատանքի հանգստյան, ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերին, բացառությամբ մարզական և մշակութային միջոցառումներին մասնակցելու դեպքերի:
Օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն՝ տասնչորսից մինչև տասնվեց տարեկան անձանց հետ կնքվում է ժամանակավոր աշխատանքային պայմանագիր` մինչև երկու ամիս ժամկետով:
Օրենսգրքի 140-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ տասնչորսից մինչև տասնվեց տարեկան աշխատողների համար սահմանվում է աշխատաժամանակի կրճատ տևողություն` շաբաթական 24 ժամ, տասնվեցից մինչև տասնութ տարեկանների համար` շաբաթական 36 ժամ:
Օրենսգրքի 155-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ մինչև տասնութ տարեկան աշխատողներին շաբաթվա ընթացքում տրվում է ոչ պակաս, քան երկու հանգստյան օր:
ՀՀ օրենսդրությամբ նախատեսված աշխատանքի նվազագույն տարիքին վերաբերող դրույթները վերաբերում են տնտեսական գործունեության բոլոր ոլորտներին:
Օրենսգրքի 140-րդ 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ տասնչորսից մինչև տասնվեց տարեկան աշխատողների համար սահմանվում է աշխատաժամանակի կրճատ տևողություն ` շաբաթական 24 ժամ:
Օրենսգրքի 144-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն` մինչև 18 տարեկան աշխատողները չեն կարող ներգրավվել արտաժամյա աշխատանքներին:
Օրենսգրքի 148-րդ հոդվածի համաձայն` մինչև 18 տարեկան երեխաներին չի թույլատրվում ներգրավել գիշերային աշխատանքի (գիշերային ժամանակ է համարվում ժամը 22-ից մինչև 6-ը):
Օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ամենօրյա անընդմեջ հանգստի տևողությունը տասնչորսից մինչև տասնվեց տարեկան աշխատողների համար չի կարող պակաս լինել 14 ժամից: Նշված իրավանորմերից չի հետևում, որ նշված տարիքի աշխատողներին կարող են աշխատանքի ներգրավել օրական 10 ժամ, այն պատճառով, որ նախ Օրենսգրքի 139-րդ հոդվածի 2-րդ մասը հստակ սահմանում է, որ ամենօրյա աշխատաժամանակի տևողությունը չի կարող անցնել ութ աշխատանքային ժամից, բացի այդ Օրենսգրքի 140-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջը իմպերատիվ է և նշված նորմի խախտումը առաջացնում է վարչական պատասխանատվություն: Այս առումով հարկ է վկայակոչել նաև Օրենսգրքի 37-րդ հոդվածի պահանջը, համաձայն որի գործատուները, աշխատողները և նրանց ներկայացուցիչներն իրենց իրավունքներն իրականացնելիս և պարտականությունները կատարելիս պարտավոր են պահպանել օրենքը, գործել բարեխիղճ և ողջամիտ: Աշխատանքային իրավունքների չարաշահումն արգելվում է: Աշխատանքային իրավունքների իրականացմամբ և պարտականությունների կատարմամբ չպետք է խախտվեն այլ անձանց` օրենքներով պաշտպանվող իրավունքներն ու շահերը:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 34-րդ հոդվածի համաձայն՝ գործատուների կողմից աշխատանքային օրենսդրության, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի և կոլեկտիվ պայմանագրերի նորմատիվ դրույթների կատարման նկատմամբ պետական հսկողությունն ու վերահսկողությունն իրականացնում է աշխատանքի պետական տեսչությունը, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` այլ պետական մարմիններ:
Աշխատանքի պետական տեսչության գործառույթները, իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են օրենքով:
ՀՀ կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի N 857-Ն որոշման (այսուհետ` Որոշում) համաձայն` ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչությունը և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ՀՀ աշխատանքի պետական տեսչությունը միաձուլման ձևով վերակազմակերպվել են ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական պետական տեսչության, որն իր կանոնադրության համաձայն՝ իրականացնում է պետական հսկողություն և վերահսկողություն գործատուների կողմից աշխատանքային օրենսդրության, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի և կոլեկտիվ պայմանագրերի նորմատիվ դրույթների կատարման նկատմամբ:
Օրենքով սահմանված կարգով պետական հսկողության և վերահսկողության իրականացման շրջանակներում ի թիվս ՀՀ աշխատանքային օրենսդրության պետության կողմից սահմանված չափորոշիչների ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական պետական տեսչությունը ստուգում է նաև մինչև տասնութ տարեկան աշխատողների աշխատանքային իրավունքների և արտոնությունների, դրանց պահպանման երաշխիքների վերաբերյալ հարցերը:
ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական պետական տեսչության կողմից իրականացվող ստուգումների ստուգաթերթը հաստատվել է ՀՀ կառավարության 2012 թվականի նոյեմբերի 22-ի 1486-Ն որոշմամբ, որի N 2 հավելվածով հաստատված ՀՀ աշխատանքի պետական տեսչության կողմից իրականացվող ստուգումների հարցաշարում ներառված են հետևյալ հարցերը.
● 14-ից մինչև 16 տարեկան աշխատողի հետ կնքվել է ժամանակավոր աշխատանքային պայմանագիր
● 14-ից մինչև 16 տարեկան աշխատողներն աշխատում են ոչ ավելի, քան շաբաթական 24 ժամ
● պահպանվել է մինչև 18 տարեկան անձանց, առանց արտադրությունից կտրվելու` հանրակրթական և մասնագիտական դպրոցներում սովորողներին, առողջության համար վնասակար և (կամ) վտանգավոր գործոնների պայմաններում աշխատողներին արտաժամյա աշխատանքի ներգրավելու արգելքը
● Պահպանվել է մինչև 18 տարեկան անձանց գիշերային աշխատանքի ներգրավելու արգելքը
● Ամենօրյա անընդմեջ հանգստի տևողությունը 14-ից մինչև 16 տարեկան աշխատողների համար պակաս չէ 14 ժամից, իսկ 16-ից մինչև 18 տարեկան աշխատողների համար` 12 ժամից
● Մինչև 18 տարեկան աշխատողներին շաբաթվա ընթացքում տրվում է ոչ պակաս, քան երկու հանգստյան օր
● Պահպանվել է մինչև 18 տարեկան անձանց ծանր, վնասակար, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանքներում ներգրավելու արգելքը:
«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 2.1-րդ հոդվածի համաձայն՝ ստուգում իրականացնող մարմինները ստուգումներն իրականացվում են յուրաքանչյուր տարվա համար հաստատված ստուգումների ժամանակացույցի հիման վրա:
Օրենսգրքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի դրույթները ենթակա են պարտադիր կատարման բոլոր գործատուների (քաղաքացիներ կամ կազմակերպություններ) համար` անկախ նրանց կազմակերպական-իրավական և սեփականության ձևից:
Օրենսգրքի վերևում վկայակոչված դրույթների պահանջների խախտումների համար ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով սահմանվում է վարչական պատասխանատվություն:
Աշխատատեղերում անչափահասների ներգրավվածության, առողջության համար ծանր, առանձնապես ծանր և վնասակար, առանձնապես վնասակար արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների և պաշտոնների նկատմամբ վերահսկողությունը, ինչպես նաև բժշկական զննությունների անցկացման հետ կապված հարցերի նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է բացառապես ստուգումների միջոցով: Սակայն հաշվի առնելով խնդրի կարևորությունը, ներկայումս քննարկվում է վերը նշված հարցերի նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով դիտարկումներ իրականացնելու գործընթացը:
2013թ. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը դիմել է Աշխատանքի միջազգային կազմակերպությանը` Հայաստանում երեխաների աշխատանքի վատթարագույն ձևերի հետ կապված հետազոտություն անցկացնելու խնդրանքով, որը հաստատվել է 2014թ-ին և առաջիկայում այն կիրականացվի ԱՄԿ համապատասխան մեթոդաբանությամբ: Հետազոտության արդյունքները հիմք կհանդիսանան հետագայում փաստերի վրա հիմնված քաղաքականություն մշակելու և իրականացնելու համար:Bottom of Form