Հոդված 7.10
Հոդված 7.10.
Հայաստանի Հանրապետությունը 2001 թ. նոյեմբերի 23-ին ստորագրել է «Կիբեռհանցագործությունների մասին» կոնվենցիան, որը վավերացվել է 2006 թ. մարտի 23-ին` ՀՀ Ազգային Ժողովի Ն-258-3 որոշմամբ և ուժի մեջ է մտել 2007 թ. փետրվարի 1-ին: 2008 թ. Կոնվենցիայի 35-րդ հոդվածի պահանջներին համապատասխան` միջազգային իրավական փոխաջակցություն իրականացնելու նպատակով ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում ստեղծվել է 24/7 Ազգային կոնտակտային կետը:
2009-2011 թթ. Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից գրանցվել է տեղեկատվական տեխնոլոգիաների անվտանգության դեմ կատարված հանցագործությունների 36 դեպք, 2012 թ.` 38, իսկ 2013 թ.` 82 դեպք:
Կազմակերպվել են մի շարք միջոցառումներ շահագրգիռ կառույցների, ՏՏ ոլորտում գործունեություն ծավալող իրավաբանական անձանց, մասնավոր սեկտորի ներկայացուցիչների և ՀԿ-երի մասնակցությամբ, որոնց ընթացքում քննարկվել են հասարակական տարբեր հարաբերություններում ՏՏ ոլորտի ներգրավվածության աստիճանը, պաշտպանվածության աստիճանը, տեղեկատվական անվտանգության հիմնահարցերը: Մասնավորապես ԵԱՀԿ աջակցությամբ կազմակերպվել են կոնֆերանսներ և սեմինարներ կապված ՏՏ ոլորտի անվտանգության և քաղաքացիների պաշտպանվածության հետ:
Երեխաների պաշտպանության ոլորտում գործող միջազգային կազմակերպությունների և ՀԿ-ների հետ միասին իրականացվել է «Անվտանգ ինտերնետ» ծրագիրը, որը նպատակ ունի անչափահասների և երեխաների շրջանում բարձրացնել ինտերնետ օգտագործման հիմունքների վերաբերյալ գիտելիքները, ինչպես նաև ոտնձգություններից պաշտպանվելու մեխանիզմները:
Օգտագործվել են Հանրային իրազեկման մեխանիզմները, մասնավորապես` հեռուստատեսային հաղորդումների, մամուլի հրապարակումների միջոցով քաղաքացիներին իրազեկվել է ՏՏ ոլորտի անվտանգության դեմ կատարվող հանցագործություններից հնարավոր պաշտպանության ձևերը:
ՀՀ կառավարության 2005 թ. դեկտեմբերի 29-ի «Մինչև 18 տարեկան անձանց, հղի և մինչև մեկ տարեկան երեխա խնամող կանանց համար ծանր և վնասակար համարվող աշխատանքների ցանկը հաստատելու մասին» թիվ 2308-Ն որոշման համաձայն հստակ սահմանված է Հայաստանի Հանրապետությունում ծանր և վնասակար համարվող աշխատանքների ցանկը:
Մեկ այլ /20.11.2008 թ., թիվ 1385-Ա/ ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված մարդկանց շահագործման /թրաֆիքինգի/ ենթարկված անձանց Ազգային ուղղորդման կարգի դրույթներով կարգավորվում է թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված երեխաների նույնացումը և նրանց տրամադրվող աջակցությունը:
ՀՀ ոստիկանության կողմից մշակվել է «Թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագիծ, որտեղ անչափահաս զոհերն առանձնացված են հատուկ կատեգորիայի մեջ, ինչպես նաև առանձնացված են հատուկ բաժիններ և հոդվածներ: Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է ՀՀ Ազգային Ժողովի կողմից:
2012-2013 թթ. ընթացքում երեխաների թրաֆիքինգի դեմ պայքարի խնդիրների վերաբերյալ դասընթացներ են կազմակերպվել ոստիկանության շուրջ 640 ծառայողների համար, այդ թվում նաև ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության միջին խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների համար:
2012-2013 թթ. ընթացքում անչափահասների նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 132.2, 166, 168 և 263 հոդվածների հատկանիշներով նախաքննություն է իրականացվել 25 քրեական գործերով, որոնցից 20-ը նշված ժամանակահատվածում հարուցված գործեր են: ՀՀ քրեական օրենսգրքի 166.1 հոդվածի հատկանիշներով նախաքննություն է իրականացվել 2 քրեական գործերով: ՀՀ քրեական օրենսգրքի 132.2, 166, 168 և 263 հոդվածների հատկանիշներով 2012-2013 թթ. ընթացքում վարույթ իրականացված քրեական գործերով տուժող ճանաչված կամ ներգրավված անձանցից 26-ը հանցագործության կատարման ժամանակ եղել են անչափահասներ:
Նշված ժամանակահատվածում ՀՀ քրեական օրենսգրքի 132.2 հոդվածի հատկանիշներով քրեական գործերի նախաքննության ընթացքում հայտնաբերված 14 անչափահաս զոհերից 13-ը ուղղորդվել են «Ամքոր Հայաստան» և «Հույս և օգնություն» ՀԿ-ներ, ինչպես նաև երեխաների աջակցության «ՀՕՖ» և «Զատիկ» կենտրոններ: Բացի այդ ՀԿ-ներ է ուղղորդվել թրաֆիքինգի ենթարկման վտանգի տակ հայտնված 2 անչափահաս:
2012-2013 թթ. ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 132.2 հոդվածի հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել 11 անձի, որոնց վերաբերյալ մեղադրական եզրակացություններն ուղարկվել են դատարան: Երեխային թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկելու հատկանիշներով հարուցված քրեական գործերով 2012-2013 թթ. ընթացքում դատապարտվել է 5 ամբաստանյալ, որոնց միջին պատիժը կազմել է 8 և կես տարի ազատազրկում: