Հոդված 13. Օրենքի 25-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Հոդված 13. Օրենքի 25-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 25. Հանրաքվեի քվեաթերթիկը, քվեարկության ծրարը, կնիքները, դրոշմը և քվեատուփը
1. Հանրաքվեի քվեաթերթիկի նմուշը, ձևը և շարադրանքը սահմանում է կենտրոնական հանձնաժողովը:
2. Քվեարկության ժամանակ յուրաքանչյուր քաղաքացի ստանում է մեկական քվեաթերթիկ և քվեարկության ծրար: Միաժամանակ երկու և ավելի հարցի վերաբերյալ հանրաքվե անցկացնելու դեպքում քաղաքացիներին տրվում են հանրաքվեի դրված հարցերի թվին համապատասխան թվով քվեաթերթիկներ և քվեարկության ծրարներ: Քվեաթերթիկները և ծրարները պատրաստվում են այնպես, որ ակնհայտորեն տարբերվեն միմյանցից:
3. Քվեաթերթիկը պետք է լինի դակված (պերֆորացված), պարունակի քվեարկության օրը, ամիսը, տարեթիվը, տպագրատան անվանումը և ծանուցում քվեաթերթիկի լրացման կարգի մասին: Քվեաթերթիկները պետք է պատրաստված լինեն անթափանց թղթից:
Քվեաթերթիկի հատման գծից վերև` ելունդի վրա, նշվում են քվեաթերթիկի հերթական համարը, իսկ հատման գծից ներքև` «ԱՅՈ» և «ՈՉ» բառերը` յուրաքանչյուրի դիմաց աջ կողմում` նշումի համար նախատեսված դատարկ քառանկյունով:
Քվեաթերթիկները տեղամասային հանձնաժողովներին հատկացվում են տեղամասում հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց թվի մինչև երեք տոկոս ավելի քանակով` քվեարկության նախորդ օրը, բայց ոչ պակաս, քան հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց թվից երկու քվեաթերթիկ ավելին:
4. Քվեաթերթիկների տպագրումն ապահովում է կենտրոնական հանձնաժողովը: Քվեաթերթիկները տպագրվում են հանրաքվեի անցկացման օրվանից ոչ շուտ, քան 10, և ոչ ուշ, քան 3 օր առաջ` լիազոր մարմնի հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների թվի վերաբերյալ քվեարկության օրվանից 10 օր առաջ տրամադրած տեղեկատվության հիման վրա:
5. Քվեարկության ծրարների պատրաստումն ապահովում է կենտրոնական հանձնաժողովը: Քվեարկության ծրարները տեղամասային հանձնաժողովին հատկացվում են քվեարկության նախորդ օրը:
6. Հանրաքվեի հանձնաժողովների կնիքների, դրոշմակնիքի և տեղամասային հանձնաժողովի անդամների անհատական կնիքների նմուշները հաստատում է կենտրոնական հանձնաժողովը: Դրանք պատրաստվում են կենտրոնական հանձնաժողովի պատվերով:
7. Տեղամասային հանձնաժողովի անդամը և վստահված անձը կարող են ունենալ դրոշմ, սակայն սեփական դրոշմ ունենալը պարտադիր չէ: Տեղամասային հանձնաժողովի անդամը և վստահված անձը սեփական դրոշմը կարող են օգտագործել Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված դեպքերում իրենց ստորագրության փոխարեն:
8. Հանրաքվեի քվեաթերթիկները, քվեարկության ծրարները և կնիքները հանձնելու, ինչպես նաև կնիքները վերադարձնելու կարգը սահմանվում է սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով:
9. Քվեատուփի նմուշը (չափսերը) հաստատում է կենտրոնական հանձնաժողովը: Տեղամասային կենտրոնում կարող են օգտագործվել մեկից ավելի քվեատուփեր՝ կենտրոնական հանձնաժողովի սահմանած կարգով:»: