Հոդված 34. Կենտրոնական հանձնաժողովում հանրաքվեի արդյունքների ամփոփման կարգը
Հոդված 34. Կենտրոնական հանձնաժողովում հանրաքվեի արդյունքների ամփոփման կարգը
1. Կենտրոնական հանձնաժողովն ընտրատարածքային հանձնաժողովներից ստացված՝ հանրաքվեի տեղամասերում քվեարկությունների արդյունքների հիման վրա քվեարկության ավարտից ոչ ուշ, քան 24 ժամ հետո, սույն հոդվածի պահանջներին համապատասխան, ամփոփում է հանրաքվեի քվեարկության նախնական արդյունքները, արձանագրությամբ վավերացնում դրանք ու հանրային ռադիոյի և հանրային հեռուստատեսության ուղիղ եթերով պաշտոնապես հրապարակում այդ արդյունքները:
2. Կենտրոնական հանձնաժողովը քվեարկության օրվանից հետո` յոթերորդ օրը, հիմք ընդունելով հանրաքվեի տեղամասերում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունները, վերահաշվարկի արդյունքները, քվեարկության արդյունքների վերաբերյալ ընդունած որոշումները, կազմում է արձանագրություն` քվեարկության արդյունքների վերաբերյալ:
3. Քվեարկության արդյունքների մասին արձանագրությունում նշվում են`
1) հանրաքվեի մասնակիցների հիմնական ցուցակներում ընդգրկված քաղաքացիների թիվը, լրացուցիչ ցուցակներում ընդգրկված քաղաքացիների թվերը` առանձին-առանձին.
2) հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թիվը, որը հավասար է հիմնական ցուցակներում և լրացուցիչ ցուցակներում ընդգրկված քաղաքացիների թվերի գումարին.
3) քվեարկության մասնակիցների թիվը.
4) տեղամասային հանձնաժողովներին հատկացված քվեաթերթիկների թիվը և ելունդների համարները.
5) տեղամասային հանձնաժողովներում մարված քվեաթերթիկների ընդհանուր թիվը.
6) անվավեր քվեաթերթիկների ընդհանուր թիվը.
7) «ԱՅՈ» քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թիվը.
8) «ՈՉ» քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թիվը.
9) քվեատուփում առկա սահմանված նմուշի քվեարկության ծրարների ընդհանուր թիվը.
10) անճշտությունների գումարային չափը:
Հանրաքվեի դեպքում անճշտությունների գումարային չափը հավասար է կազմավորված հանրաքվեի բոլոր տեղամասերի անճշտությունների գումարային չափերի գումարին:
4. Արձանագրությունը ստորագրում են հանձնաժողովի անդամները: Արձանագրությունը կնքում է հանձնաժողովի նախագահը:
5. Հանձնաժողովի նիստին ներկա լինելու իրավունք ունեցող անձանց պահանջով նրանց տրվում է քվեարկության արդյունքների արձանագրության պատճենը՝ վավերացված հանձնաժողովի նախագահի և քարտուղարի ստորագրություններով ու հանձնաժողովի կնիքով:
6. Կենտրոնական հանձնաժողովը քվեարկության օրվանից հետո` յոթերորդ օրը, հիմք ընդունելով քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունը, դատարանի վճիռները, հանձնաժողովներում ստացված դիմումների (բողոքների) քննարկման արդյունքով ընդունած որոշումները, տեղամասային հանձնաժողովների գրանցամատյաններում քվեարկության օրն արձանագրված խախտումների վերաբերյալ ընտրատարածքային հանձնաժողովների որոշումները, քվեարկության արդյունքների վերաբերյալ ընդունած որոշումները, ամփոփում է հանրաքվեի արդյունքները և ընդունում որոշում հանրաքվեի արդյունքների վերաբերյալ: