Հոդված 9. Օրենքի 20-րդ հոդվածում՝
Հոդված 9. Օրենքի 20-րդ հոդվածում՝
1) 1-ին և 2-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Հանրաքվեի դրված հարցի վերաբերյալ օրենքով չարգելված ձևերով և միջոցներով քարոզչություն կատարելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, հանրաքվե անցկացնելու նախաձեռնության հեղինակը, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները (պատգամավորական խմբերը), կուսակցությունները և հասարակական կազմակերպությունները:
Քարոզչության ժամանակահատվածի սահմանված լինելը չի սահմանափակում սույն օրենքով չարգելված այլ ժամանակահատվածում քարոզչության իրականացումը:
2. Պետությունը ապահովում է հանրաքվեի դրված հարցի վերաբերյալ քարոզչության ազատ իրականացումը: Այն ապահովում են պետական և տեղական ինքնակառավարման մարմինները` ժողովներ, հանդիպումներ և հանրաքվեի հետ կապված այլ միջոցառումներ կազմակերպելու նպատակով քարոզչություն կատարողներին դահլիճներ և այլ շինություններ տրամադրելու միջոցով: Դրանք քարոզչություն կատարողներին տրամադրվում են հավասար հիմունքներով, անվճար` կենտրոնական հանձնաժողովի սահմանած կարգով:».
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.
«2.1. Հանրաքվեի նշանակումից ոչ ուշ, քան 7 օր հետո մարզպետը, Երևանում` Երևանի քաղաքապետը կենտրոնական հանձնաժողով են ներկայացնում այն դահլիճների և այլ շինությունների ցանկը, որոնք քարոզչություն կատարողներին տրամադրվում են անվճար: Այդ ցանկը տեղադրվում է կենտրոնական հանձնաժողովի համացանցային կայքում:».
4) 3-րդ մասի «քվեարկությունից» բառը փոխարինել «քվեարկության օրվանից» բառերով.
5) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.
«3.1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի յուրաքանչյուր խմբակցություն (պատգամավորական խումբ) իրավունք ունի`
ա) անվճար օգտվելու հանրային հեռուստատեսության եթերաժամից ոչ ավելի, քան 60 րոպե, իսկ հանրային ռադիոյի եթերաժամից՝ ոչ ավելի, քան 120 րոպե.
բ) վճարովի հիմունքներով օգտվելու հանրային հեռուստատեսության եթերաժամից ոչ ավելի, քան 120 րոպե, իսկ հանրային ռադիոյի եթերաժամից` ոչ ավելի, քան 180 րոպե` քարոզչության հիմնադրամի միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները հանրային ռադիոյի և հանրային հեռուստատեսության եթերաժամերից կարող են օգտվել՝ սկսած քվեարկության օրվանից 30 օր առաջ:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցություններին (պատգամավորական խմբերին) վճարովի և անվճար եթերաժամը տրամադրվում է խմբակցության (պատգամավորական խմբի) ղեկավարի կամ քարտուղարի կողմից եթերաժամ տրամադրողին ներկայացված գրավոր դիմումի հիման վրա:
Անվճար և վճարովի եթերաժամ տրամադրելու կարգը և ժամանակացույցը սահմանում է կենտրոնական հանձնաժողովը եթերաժամ տրամադրելու համար սահմանված ժամկետից առնվազն հինգ օր առաջ:
Զանգվածային լրատվության միջոցներով իրականացվող քարոզչության նկատմամբ կիրառվում են Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով համապետական ընտրությունների նախընտրական քարոզչության համար սահմանված կանոնները:».
6) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Արգելվում է քարոզչություն կատարել և ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածել`
ա) պետական և համայնքային պաշտոններ զբաղեցնողներին, բացառությամբ քաղաքական և հայեցողական պաշտոններ զբաղեցնողների, ինչպես նաև ուսումնական հաստատությունների մանկավարժական կազմի աշխատողներին` իրենց լիազորություններն իրականացնելիս.
բ) սահմանադրական դատարանի անդամներին, դատավորներին, դատախազներին, քննչական կոմիտեի, հատուկ քննչական ծառայության ծառայողներին, ոստիկանությունում, ազգային անվտանգությունում, քրեակատարողական հիմնարկներում ծառայողներին, զինծառայողներին.
գ) հանրաքվեի հանձնաժողովի անդամներին.
դ) բարեգործական և կրոնական կազմակերպություններին.
ե) օտարերկրյա քաղաքացիներին և կազմակերպություններին:».
7) 8-րդ մասի վերջին երկու նախադասությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Այդ տեղերը պետք է հարմար լինեն քվեարկողների այցելության համար և ապահովեն հավասար մակերես «ԱՅՈ» և «ՈՉ» քարոզչության համար:».
8) 9-րդ և 10-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«9. Հանրաքվեի դրված հարցի վերաբերյալ հասարակական կարծիքի սոցիոլոգիական հարցման արդյունքների հրապարակման ժամանակ զանգվածային լրատվության միջոցները պարտավոր են նշել հարցման ժամկետները, հարցվողների թիվը և ընտրանքի ձևը, հավաքման ձևը և վայրը, հարցի ճշգրիտ ձևակերպումը, հնարավոր սխալի վիճակագրական գնահատականը և պատվիրատուին:
Արգելվում է հանրաքվեի անցկացման օրը` մինչև ժամը 20.00-ն, վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող ռադիոընկերություններին կամ հեռուստաընկերություններին հրապարակել հանրաքվեի մասնակիցների հարցման արդյունքներն այն մասին, թե հանրաքվեի դրված հարցին «ԱՅՈ» կամ «ՈՉ» են քվեարկել:
10. Քարոզչական տպագիր նյութերը պետք է տեղեկություններ պարունակեն պատվիրատուի, տպագրող կազմակերպության և տպաքանակի վերաբերյալ:».
9) 11-րդ մասի «ա», «բ» և «ե» կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա) անանուն քարոզչական նյութեր տարածելը: Անանուն կամ կեղծ քարոզչական նյութեր հայտնաբերելու դեպքում իրազեկ հանրաքվեի հանձնաժողովը դիմում է իրավասու մարմիններ` ապօրինի գործողությունները դադարեցնելու համար.
բ) քարոզչության ժամանակ, ինչպես նաև քվեարկության նախորդ և քվեարկության օրը քարոզչություն կատարողներին արգելվում է քաղաքացիներին ցանկացած եղանակով անհատույց կամ արտոնյալ պայմաններով տալ (խոստանալ) դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ կամ մատուցել (խոստանալ) ծառայություններ.».
«ե) քվեարկության օրը տեղամասային կենտրոնին հարող տարածքում մինչև 50 մետր շառավղով խմբերով հավաքվելը, տեղամասային կենտրոնի մուտքին հարող տարածքում մեքենաների կուտակումը:».
10) 12-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Սույն հոդվածի 11-րդ մասի «ե» կետի դրույթների կատարումն ապահովում է Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը` անկախ հանրաքվեի հանձնաժողովի պահանջից:»: