Հոդված 6. Արծվանիկի պոչամբարի լցակույտերի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումները
Հոդված 6. Արծվանիկի պոչամբարի լցակույտերի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումները
1. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից սույն օրենքի ուժով «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերությանն է փոխանցվում Արծվանիկի պոչամբարում մինչև 2011 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ կուտակված լցակույտերի նկատմամբ սեփականության իրավունքը` սույն հոդվածի 2-րդ մասով նշված պայմանով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված սեփականության իրավունքի փոխանցումը կատարվում է նպատակային` Արծվանիկի պոչամբարը Հայաստանի Հանրապետության օրենքներով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով կոնսերվացվելու կամ դրա շահագործումը դադարեցնելու օրը Արծվանիկի պոչամբարում մինչև 2011 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ կուտակված ամբողջ լցակույտերը, ինչպես նաև Արծվանիկի պոչամբարի լցակույտերը՝ դրանց կուտակման ողջ ծավալով, պայմանագրի հիման վրա Հայաստանի Հանրապետության սեփականությանը փոխանցելու պայմանով:
3. Սույն օրենքի իմաստով Արծվանիկի պոչամբարի շահագործումը համարվում է դադարեցված, կամ այդ պոչամբարը համարվում է կոնսերվացված այդ մասին «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության կամ նրա իրավահաջորդի կողմից կոնսերվացման հարցում իրավասություն ունեցող պետական լիազոր մարմնին գրավոր հայտնելու օրվան հաջորդող օրվանից: Սույն մասում նշված պետական լիազոր մարմինը կոնսերվացման փաստը տեղի ունենալուց հետո՝ մեկշաբաթյա ժամկետում, այդ մասին տեղեկացնում է ծրագիր իրականացնողին: