Հոդված 27. Լուծարման կարգը
Հոդված 27. Լուծարման կարգը
1. Լուծարման հանձնաժողովի ձևավորման պահից նրան են անցնում կոոպերատիվի գործադիր մարմնի լիազորությունները: Լուծարվող կոոպերատիվի անունից դատարանում հանդես է գալիս լուծարման հանձնաժողովը:
2. Լուծարման հանձնաժողովը http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հայտարարություն է զետեղում կոոպերատիվի լուծարման և պարտատերերի պահանջների ներկայացման կարգի ու ժամկետների մասին: Այդ ժամկետը չի կարող պակաս լինել երկու ամսից՝ սկսած լուծարման մասին հայտարարության հրապարակման պահից, որը համարվում է կոոպերատիվի լուծարման գործընթացի սկիզբը:
3. Լուծարման հանձնաժողովն իրականացնում է կոոպերատիվի գույքի վերագնահատումը, միջոցներ է ձեռնարկում պարտատերերի հայտնաբերման և դեբիտորական պարտքերի ստացման ուղղությամբ, ինչպես նաև պատշաճ ծանուցում է պարտատերերին կոոպերատիվի լուծարման մասին:
4. Պարտատերերի՝ պահանջներ ներկայացնելու ժամկետի ավարտից հետո լուծարման հանձնաժողովը կազմում է միջանկյալ լուծարման հաշվեկշիռ, որը տեղեկություններ է պարունակում լուծարվող կոոպերատիվի գույքի կազմի, պարտատերերի ներկայացրած պահանջների, ինչպես նաև պահանջների քննարկման արդյունքների մասին:
5. Միջանկյալ լուծարման հաշվեկշիռը հաստատում է կոոպերատիվի ընդհանուր ժողովը:
6. Եթե լուծարվող կոոպերատիվի դրամական միջոցները բավարար չեն պարտատերերի պահանջները բավարարելու համար, ապա լուծարման հանձնաժողովը հրապարակային սակարկություններով իրականացնում է կոոպերատիվի սեփականություն հանդիսացող գույքի վաճառքը:
7. Լուծարվող կոոպերատիվի պարտականությունների վերաբերյալ պարտատիրոջ հայցով դատարան դիմելու դեպքում կոոպերատիվի գույքը ենթակա չէ բաժանման կոոպերատիվի անդամների միջև մինչև դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելը:
8. Պարտատերերի հետ հաշվարկներն ավարտելուց հետո լուծարման հանձնաժողովը կազմում է լուծարման հաշվեկշիռ, որը հաստատում է կոոպերատիվի ընդհանուր ժողովը:
9. Լուծարման հանձնաժողովը հաստատված լուծարման հաշվեկշիռն օրենքով սահմանված մյուս փաստաթղթերի հետ ներկայացնում է իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմին՝ կոոպերատիվի լուծարման պետական գրանցում կատարելու համար:
10. Լուծարման հանձնաժողովը իրավունք ունի լուծարային հաշվեկշիռը կազմելուց հետո պահանջները չբավարարվելու դեպքում պահանջ ներկայացնելու կոոպերատիվի անդամների դեմ իրենց լրացուցիչ վճարի չմուծված մասի սահմաններում կոոպերատիվի առաջացած պարտավորությունները կատարելու մասին:
11. Կոոպերատիվի լուծարումը համարվում է ավարտված, և նրա գոյությունը դադարեցված այդ մասին պետական գրանցման պահից:
12. Լուծարման գործընթացի ավարտից հետո կոոպերատիվի մնացորդային ակտիվները փոխանցվում են կոոպերատիվի անդամներին` իրենց փայերին համապատասխան, եթե այլ բան նախատեսված չէ կանոնադրությամբ: