Հոդված 16. Ընդհանուր ժողովի գումարման կարգը
Հոդված 16. Ընդհանուր ժողովի գումարման կարգը
1. Առաջին ընդհանուր ժողովը գումարվում է կոոպերատիվի պետական գրանցմանը հաջորդող երկու ամսվա ընթացքում:
2. Հերթական և արտահերթ ընդհանուր ժողովները գումարում է կոոպերատիվի գործադիր մարմինը:
3. Սույն օրենքով սահմանված ընդհանուր ժողով գումարող մարմինները ընդհանուր ժողովի գումարման օրվանից ոչ ուշ, քան քսան օր առաջ ընդհանուր ժողովի գումարման մասին պատշաճ ծանուցում են կոոպերատիվի անդամներին և ընդհանուր ժողովի այլ մասնակիցների՝ կոոպերատիվի կանոնադրությամբ սահմանված կարգով:
4. Ժողովի մասին ծանուցումը պետք է պարունակի`
1) ժողովի գումարման տարին, ամիսը, ամսաթիվը, ժամը և վայրը.
2) ժողովի օրակարգը.
3) ժողովի օրակարգում ընդգրկված հարցերին առնչվող նյութերը:
5. Կոոպերատիվի անդամը ֆինանսական տարվա ավարտից հետո` երեսուն օրվա կամ կանոնադրությամբ սահմանված այլ, ավելի երկար ժամկետի ընթացքում, իրավունք ունի հերթական ընդհանուր ժողովի օրակարգում ընդգրկելու համար ներկայացնելու հիմնավորված առաջարկություններ՝ կանոնադրությամբ սահմանված կարգով: Գործադիր մարմինը պարտավոր է սույն օրենքով ու կանոնադրությամբ սահմանված կարգով ներկայացված առաջարկները ներառել օրակարգում:
6. Ընդհանուր ժողովի նիստերն արձանագրվում են: Ընդհանուր ժողովի արձանագրությունը առնվազն երկու օրինակով ստորագրում են ընդհանուր ժողովի նախագահը և քարտուղարը` ընդհանուր ժողովի ավարտից հետո՝ հինգ օրվա ընթացքում: Ընդհանուր ժողովների արձանագրությունները կարվում են արձանագրությունների գրքում, որին կոոպերատիվի ցանկացած անդամ իրավասու է ծանոթանալու:
7. Արտահերթ ընդհանուր ժողովը գումարվում է կոոպերատիվի անդամների առնվազն մեկ երրորդի կամ գործադիր մարմնի կողմից: Արտահերթ ընդհանուր ժողովի գումարման մասին գրավոր ներկայացրած պահանջի առկայության դեպքում գործադիր մարմինը պարտավոր է արտահերթ ընդհանուր ժողով գումարել պահանջը ներկայացնելու պահից երեսուն օրվա ընթացքում: Արտահերթ ընդհանուր ժողովի գումարման կամ արտահերթ ընդհանուր ժողովի գումարումը մերժելու մասին գործադիր մարմնի որոշումը պետք է ընդունվի պահանջը ներկայացնելու պահից յոթ օրվա ընթացքում: Եթե գործադիր մարմինը չի կատարում իր պարտականությունները սույն մասում նշված պահանջով արտահերթ ժողով հրավիրելու ուղղությամբ, ապա այդ պարտականություններն ստանձնում է դիտորդ խորհուրդը, իսկ վերջինիս բացակայության կամ այդ պարտականությունն իրականացնելու անհնարինության դեպքում կոոպերատիվի անդամները ձևավորում են արտահերթ ընդհանուր ժողովի հրավիրման նախաձեռնող խումբ:
8. Ժողովի որոշումը կարող է ընդունվել հեռակա քվեարկությամբ (հարցման միջոցով)՝ հեռահաղորդակցության միջոցների օգտագործմամբ` կանոնադրությամբ նախատեսված դեպքերում: