Անցնել բովանդակությանը
Գլուխ 3 · ԿՈՈՊԵՐԱՏԻՎԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

Հոդված 19. Վերստուգողը և վերստուգիչ հանձնաժողովը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 19. Վերստուգողը և վերստուգիչ հանձնաժողովը

1. Մինչև քսան անդամ ունեցող կոոպերատիվում ընտրվում է վերստուգող, իսկ քսանից մինչև հիսուն անդամ ունեցող կոոպերատիվներում՝ վերստուգիչ հանձնաժողով:

2. Դիտորդ խորհրդի ձևավորման դեպքում վերստուգողի (վերստուգիչ հանձնաժողովի) գործառույթներն իրականացնում է (են) դիտորդ խորհրդի անդամը (անդամները): Դիտորդ խորհուրդը ընդհանուր ժողով է ներկայացնում առաջարկություն՝ իր կազմում վերստուգիչ հանձնաժողով ձևավորելու վերաբերյալ: Վերստուգիչ հանձնաժողովը կազմված է ոչ պակաս երեք անձից:

3. Վերստուգողն (վերստուգիչ հանձնաժողովը) ընտրվում է ընդհանուր ժողովի որոշմամբ` մեկ տարի ժամկետով, եթե կանոնադրությամբ այլ` ավելի երկար ժամկետ սահմանված չէ:

4. Վերստուգողն (վերստուգիչ հանձնաժողովը) իրականացնում է պարտադիր (տարեկան) և լրացուցիչ դիտարկում՝

1) կոոպերատիվի ֆինանսական գործունեության նկատմամբ.

2) կոոպերատիվի ֆինանսատնտեսական գործունեության տարեկան արդյունքների` մինչև դրանց հաստատումն ընդհանուր ժողովի կողմից: Կոոպերատիվի վերստուգողի (վերստուգիչ հանձնաժողովի) եզրակացությունը պարտադիր կցվում է կոոպերատիվի տարեկան հաշվետվություններին և հաշվապահական հաշվեկշիռներին ընդհանուր ժողով ներկայացնելիս:

5. Վերստուգողն (վերստուգիչ հանձնաժողովը) իրականացնում է իր իրավասությանը վերապահված այլ գործառույթներ` սույն օրենքին համապատասխան և կոոպերատիվի կանոնադրությամբ:

6. Վերստուգողը (վերստուգիչ հանձնաժողովը) լրացուցիչ դիտարկում է իրականացնում ընդհանուր ժողովի կամ կոոպերատիվի անդամների ընդհանուր թվի առնվազն տասը տոկոսի պահանջով, ինչպես նաև իր նախաձեռնությամբ:

7. Վերստուգողը (վերստուգիչ հանձնաժողովը) կոոպերատիվի ֆինանսական վիճակի ուսումնասիրությունների (վերլուծությունների), կոոպերատիվի ֆինանսական դրության առողջացման, սնանկացման կանխարգելման, կոոպերատիվի և կոոպերատիվի առանձին անդամների ֆինանսական շահերի պաշտպանության և կոոպերատիվի կանոնադրության այլ գործառույթներն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով իրավասու է աշխատանքներում ներգրավելու այդ բնագավառի համապատասխան մասնագետների:

8. Վերստուգողը (վերստուգիչ հանձնաժողովի անդամները) պարտավոր է (են) ապահովել կոոպերատիվի ֆինանսական գործունեության ստուգման կամ սույն օրենքով և կոոպերատիվի կանոնադրությամբ այլ գործառույթների իրականացման գործընթացում իրենց հայտնի դարձած կոոպերատիվի (կոոպերատիվի առանձին անդամների) առևտրային գաղտնիք պարունակող տեղեկատվության գաղտնիությունը:

9. Վերստուգողի (վերստուգիչ հանձնաժողովի) պահանջով տրամադրվում են ստուգման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, ինչպես նաև բացատրություններ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։