Հոդված 6. Կոոպերատիվների միությունները
Հոդված 6. Կոոպերատիվների միությունները
1. Կոոպերատիվներն իրենց գործունեության համակարգման, ընդհանուր շահերի ներկայացման և պաշտպանության, տեղեկատվական, խորհրդատվական ծառայությունների մատուցման, կոոպերատիվի անդամների և աշխատողների որակավորման բարձրացման, շուկայական վերլուծությունների իրականացման, անդամ կոոպերատիվների տեխնիկական աջակցության, կարողությունների հզորացման, մշտադիտարկման և ագրոպարենային համակարգում այլ գործունեություն արդյունավետ իրագործելու նպատակով կարող են ստեղծել միություն:
2. Միությունը ոչ առևտրային կազմակերպություն է, որի գործունեության առանձնահատկությունները սահմանվում են սույն օրենքով:
3. Կոոպերատիվների միություններն (այսուհետ` միություն) աշխատում են հանուն կոոպերատիվների զարգացման:
4. Միության կանոնադրությամբ սահմանվում են`
1) միության գույքի ձևավորման աղբյուրները.
2) ֆոնդեր, որոնք ձևավորվում են անդամ կոոպերատիվների կողմից կատարվող տարեկան անդամավճարների, իսկ անդամ կոոպերատիվների լուծարման դեպքում՝ միություններին փոխանցվող անբաժանելի ֆոնդերում առկա ռեսուրսների միջոցով:
5. Միության ֆոնդերն օգտագործվում են ճգնաժամերի ժամանակ գործող կոոպերատիվներին օգնության, անդամ կոոպերատիվներում ներդրումների, կրթության և վերապատրաստման, կոոպերատիվների առավելությունների մասին հանրությանն իրազեկելու նպատակներով:
6. Միության անդամները պահպանում են տնտեսական ինքնուրույնությունը և իրավաբանական անձի իրավունքները:
7. Միության ստեղծման իրավաբանական հիմքերը միության հիմնադիրների ժողովի որոշմամբ հաստատված կանոնադրությունն է:
8. Միությունում նոր անդամի ընդունելությունն իրականացվում է միության կանոնադրությամբ սահմանված կարգով:
9. Միության անդամն իրավասու է իր հայեցողությամբ ֆինանսական տարվա ավարտից հետո դուրս գալու միությունից: Դուրս գալու օրվանից անդամ կոոպերատիվը մեկ տարվա ընթացքում իր ներդրման չափով պատասխանատվություն է կրում միության պարտավորությունների համար:
10. Միության անդամը հեռացվում է միությունից` միության կանոնադրությամբ սահմանված դեպքերում և կարգով:
11. Միությունը սահմանված կարգով վարում է իր անդամների ռեեստր:
12. Միությունն իրավասու է իրականացնելու իր անդամ կոոպերատիվների գործունեության մշտադիտարկում:
13. Միությունն իրավունք ունի ստեղծելու առանձնացված ստորաբաժանումներ՝ մասնաճյուղեր և ներկայացուցչություններ: