Հոդված 208
Հոդված 208
Պահակախմբերի հերթապահի նոր օգնականը գրում է պահակապետերի զինվորական կոչումը և ազգանունը, շարք կանգնեցնում խմբերն ըստ իրենց համարների, ավտոմատները` «Փոկին ԱՌ» դիրքով, հրացանները` «Ոտքին ԱՌ» դրությամբ, և պահակախմբերի անձնակազմին հայտնում է պահակախմբերի հերթապահի զինվորական կոչումը, ազգանունը և իր ազգանունը:
Յուրաքանչյուր պահակախմբի աջ թևում կանգնում է պահակապետը, ձախում` նրա օգնականը, պահակադիրները կանգնում են իրենց պահակայիններից աջ` առաջին տողանում: Պահակայինները կանգնում են ըստ պահակակետերի համարների, աջից ձախ, իրար ետևում փոխվելու կարգով: Փոխադրամիջոցները, վարորդներով հանդերձ, տեղավորվում են իրենց հատկացված տեղում:
Օրվա վերակարգը փոխարինելու դեպքում ներքին պահակախմբերից ձախ շարվում է մնացած օրվա վերակարգը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնադրությունում նշված կարգով: Օրվա վերակարգի փոխարինման ժամանակ տրվող հրամաններում «պահակախմբեր» բառը փոխարինվում է «օրվա վերակարգ» բառերով:
Նվագախումբը (փողհար-թմբկահարներ) շարվում է պահակախմբերի աջ թևում, պահակախմբերի հերթապահի օգնականից երեք քայլ աջ:
(208-րդ հոդվածը փոփ. 14.04.11 ՀՕ-125-Ն, 19.03.13 ՀՕ-19-Ն)