Հոդված 54
Հոդված 54
Պահակախմբերի հերթապահը պատասխանատու է պահակախմբերի ծառայության ճիշտ կատարման համար: Նա ենթարկվում է կայազորի պետին և զինվորական պարետին:
Պահակախմբերի հերթապահը պարտավոր է`
- նշանակված ժամին գալ կայազորի զինվորական պարետի մոտ, ներկայացնել հերթապահ նշանակվելու կարգադրագիրը, ստանալ նախկին ու նոր նշանաբառերի գրությունը և անհրաժեշտ ցուցումներ.
- ներկայանալ պահակախմբերի նախկին հերթապահին ու հայտնել նախկին նշանաբանը.
- ուսումնասիրել կայազորային վերակարգի տեղեկագիրը, պահակակետերի տեղաբաշխման ուրվագծերը, պահակակետերի ցուցակները, պահակապետերին և պահակախմբերի հերթապահին տրվող հրահանգները.
- կատարել կայազորի պահակախմբերի հերթափոխումը.
- գտնվել իրեն հատկացված սենյակում, ծառայողական գործով այլ տեղ մեկնելիս իր փոխարեն թողնել օգնականին` նրան տեղյակ պահելով իր գտնվելու տեղի և ժամանակի մասին.
- օրական երկու անգամից ոչ պակաս անձամբ ստուգել (մեկ անգամ` գիշերը) պահակախմբերի ծառայությունը, ընդ որում` գիշերը, վատ տեսանելիության պայմաններում` նաև ցերեկը, զննել մարտական մեքենաների (այլ սպառազինության ու ռազմական տեխնիկայի) կայանները և միջոցներ ձեռնարկել բացահայտված թերություններն անհապաղ վերացնելու համար.
- ելնելով եղանակի անբարենպաստությունից` ցուցումներ տալ պահակակետերում մնալու տևողության փոփոխման մասին.
- կայազորի պետին, նրա ուղղակի պետերին, ինչպես նաև կայազորի զինվորական պարետին դիմավորել` զեկուցելով. «Պարոն գնդապետ, իմ հերթապահության ժամանակ միջադեպեր չեն եղել) (կամ եղել են այս-այս դեպքերը): Պահակախմբերի հերթապահ` կապիտան Սիմոնյան».)
- ուղեկցել պահակախմբերի ստուգման համար ժամանած ղեկավարներին կամ այդ նպատակով ուղարկել իր օգնականին` նախօրոք ստուգելով նրանց ինքնությունը հաստատող փաստաթղթերը և պահակակետերի ստուգման իրավունքի վկայականները (հոդվածներ 258).
- ստուգել հերթապահ ստորաբաժանման պատրաստականությունը տագնապի կամ կանչի դեպքերում գործելու համար:
(54-րդ հոդվածը փոփ. 14.04.11 ՀՕ-125-Ն, 19.03.13 ՀՕ-19-Ն)